Դատավորների մանկության երազանքը. մեկին Երևան են տեղափոխում, մյուսին՝ հայրենիք վերադարձնում

Դատավորների մանկության երազանքը. մեկին Երևան են տեղափոխում, մյուսին՝ հայրենիք վերադարձնում
Մենք դեռ նախորդ տարի գրել էինք, որ Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավոր, կաշառքի գործով անազատության մեջ գտնվող Իշխան Բարսեղյանին ժամանակավոր կփոխարինի Գրիգորի Վարդանյանը: Նա Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր է՝ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր Էդգար Սեդրակյանի եւ Ամուսնության պալատի տնօրեն Լեյլա Խեչումյանի փեսան։ 32-ամյա Գ. Վարդանյանն աշխատել է արդարադատության նախարարությունում՝ առաջին կարգի մասնագետից բաժնի պետի պաշտոնի է հասել։ Դատավոր է նշանակվել 2016թ․։



Մենք հայտնել էինք նաեւ, որ դատավոր դառնալուց մեկ տարի անց նրան տեղափոխելու են Երեւան՝ փոխարինող դատավոր, հետագայում նշանակելու հեռանկարով: Այդ հետագան էլ երկար սպասեցնել չտվեց․ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանը նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Վարդանյանը չէր թաքցրել Երեւան տեղափոխվելու առթիվ իր ուրախությունը. «Վերջապես… Երեւանից, մեկ ա, լավ քաղաք չկա։ Փառք Աստծուն»:



Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գեւորգյանն էլ տեղափոխվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Նրա տեղափոխումը եւս պայմանավորված է Երեւանին ավելի մոտ լինելու հանգամանքով։ 2012-ից աշխատում է Շիրակում, եւ, ասում են՝ առողջական խնդիրների պատճառով դժվար էր գնալ-գալը:



Իսկ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանին վերադարձրել են հայրենիք՝ Գավառ, նշանակելով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Սա ակնհայտորեն պաշտոնի իջեցում է, կամ էլ գուցե հեռահար պլաններ ունի դատարանի նախագահ դառնալու, քանի որ Գեղարքունիքի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանն այժմ ամբաստանյալի աթոռին է՝ կաշառքի մեղադրանքով: Ի դեպ, հետաքրքիր է՝ վերաքննիչ քրեական դատարանից դատավոր ընտրված Չիչոյանն արդյոք իրավունք ունի՞ այժմ էլ մնալ ԲԴԽ անդամ: Հավելենք նաեւ, որ Չիչոյանի եղբայրն էլ՝ Արմեն Չիչոյանը, դատախազ է: