Կենտրոնի աշխատակիցները դատի են տվել մշակույթի նախարարությանը

Կենտրոնի աշխատակիցները դատի են տվել մշակույթի նախարարությանը
Դեռ անցած սեպտեմբերին՝ 1937-ին ստեղծված եւ 2011-ին Հովհ. Շարամբեյանի անվան ժողարվեստի թանգարանին միացված Ժողովրդական ստեղծագործության կենտրոնը լուծարվեց։ Արշակունյաց 28/7 հասցեում գտնվող բուն կենտրոնում վերջին տարիներին ընդամենը 20 մարդ էր աշխատում, որոնց հաստիքների կրճատման հաշվին մշակույթի նախարարությունը 17 հաստիք իջեցրեց «Արար» ծրագրի համար՝ մարզերում ազգային մշակույթը հանրահռչակելուն ուղղված, մի բան, որ ըստ էության արվում էր կենտրոնի կողմից։ Աշխատանքից ազատված աշխատակիցները թեեւ բողոքեցին, բայց լսելի չդարձան։



Մշակութաբան, ազգագրագետ **Տիգրան Հակոբյանը**, ով շուրջ 30 տարի կենտրոնի տնօրենն էր, ապա փոխտնօրենը, մեզ հետ զրույցում նկատում է, որ աշխատակիցները չեն հաշտվել իրավիճակի հետ՝ դատի են տվել նախարարությանը․ ինքն էլ այդ չհաշտվողների թվում է։ «Պետության համար անհրաժեշտություն է նման կառույց ունենալը։ Հայաստանում 1209 մշակույթի տուն եւ ակումբային հիմնարկ կար, որոնց 90 տոկոսը ծախեցին, եւ հիմա, երբ գնում ես այդ մշակույթի տները, տեսնում ես ավերակներ, որտեղ ոնց որ թուրքը մտած լինի, այ, այդպիսի ավեր է։ Ու քանի որ մենք մեր կյանքը դրել ենք այդ կառույցի մեջ, չենք ուզում, որ այսօրվա կառավարությունը մոռացության տա եւ չհասկանա այս կառույցի կարեւորությունը։ Մեր աշխատակից կանայք եւ աղջիկներն էլ պատվախնդրության հարց դրեցին իրենց առաջ, որովհետեւ մի օր եկան, եւ իրենց ասացին, որ նախարարությունը որոշել է, որ դուք չպետք է աշխատեք։ Ինչի նման բա՞ն է լինում։ 33 տարի աշխատել եմ այդ հիմնարկում եւ եղել եմ այդ կառույցի պահապաններից»,- ասում է Հակոբյանն ու նկատում, որ եթե դատարանի որոշումն իրենց օգտին չլինի, ապա կենտրոնն ամբողջովին կլուծարվի:



«Հովեյան Հովիկը մեղք չուներ, որովհետեւ ստիպեցին նրան այդ որոշումը կայացնել, ինքն էլ գիտեր մեր արժեքը, բայց, ինչպես 25 տարվա մեջ ավերվեց մշակութային դաշտը՝ մշակույթի տներով հանդերձ, այնպես էլ այս կառույցի արժեքը չհասկացան եւ փակեցին, ընդ որում՝ հնարավորություն չստեղծեցին, որ սերնդափոխություն անենք, իսկ այն աշխատողները, ովքեր աշխատում էին կենտրոնում, թոշակառուի աշխատավարձ էին ստանում։ Մեր գործը հիմնականում շրջաններում էր, 1937-ին, երբ ստեղծվեց կառույցը, ի սկզբանե նպատակը եղել է պետության մշակութային քաղաքականության տարածումը հանրապետությունում՝ հետադարձ կապով։ Այսինքն՝ մենք տարիներ շարունակ գնացել ենք շրջանների մշակույթի տներ, ուսումնասիրել ենք վիճակը թե՛ ժամանցի, թե՛ սոցիալական առումով, որը բերում ներկայացնում էինք կառավարությանը»,- ասում է Հակոբյանը, ով, որպես էմալի վարպետ, ընդգրկված է Ժողովրդական արվեստի պետական թանգարանի աշխատանքներում։



Դատական նիստը հունիսի 28-ին է, իսկ մինչ դա Հակոբյանն ուզում է ահազանգել նորանշանակ նախարարին, որ, ըստ էության, հիմա իր դեմ է ընթանալու այդ գործընթացը։ Այս առիթով Հակոբյանը նամակ է պատրաստել՝ 19 աշխատակցի կողմից, որտեղ գրված է․ «Դիմում ենք Ձեզ՝ 80-ամյա մշակութային կազմակերպության աշխատակիցների կողմից, որոնց նախկին նախարարը հանիրավի զրկեց իրենց գործունեությունը ծավալելուց: Մշակույթի նախարարի գործողությունն այնքան շտապ էր ու ապաշնորհ, որ կոլեկտիվը գլխի չընկավ, թե այս արագությամբ ինչն էր անհրաժեշտ, որ նախարարությունը ստիպեր ժողստեղծագործության թանգարանի տնօրենին, որին ապօրինի միացված էինք տարիներ առաջ, հապշտապ կառուցվածքային փոփոխություններ կատարելով, ազատել երկար տարիներ ծառայություն կատարած աշխատակիցներին: Աշխատակիցներից շատերը դիմել են դատարան՝ իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար: Որպես երկարամյա նախկին տնօրեն, հետո՝ փոխտնօրեն, ես ո՛չ պաշտոնի, ո՛չ աշխատավարձի ակնկալիք չունեմ, իմ սոցիալական վիճակը թույլ է տալիս գրելու իրավիճակի մասին ափսոսանքով»:



Ինչ վերաբերում է աշխատակիցների պահանջին, նրանք պահանջում են վերականգնել կառույցը եւ տալ այդքան ամիսների աշխատավարձը։ «Այս նոր նախարարը, որ եկել է, մի քանի բան կտեսնի ու կհասկանա, որ այն, ինչ արվել է այս նախարարությունում, արվել է մի նպատակով՝ թալանել փողը եւ կիսել․ մեխանիզմը շատ պարզ է։ Հետո ասեմ, որ կոմունիստները մշակույթի նախարարությանն ավելի քիչ փող էին տալիս, քան հիմա, բայց այսօր ավելի հեշտ է փոշիացվում այդ գումարը, միջոցառումներ են անում, իսկ միջոցառումն ամենահեշտ փող լվալու տարբերակն է։ Իմ խնդիրն այն է, որ այս կառույցը պահպանվի, որ կարողանանք պայքարել ռաբիսի դեմ, օգնենք ժողվարպետներին, գյուղապետերին, որպեսզի մշակույթի տները կարգի բերենք։ Ամենամեծ դժբախտությունն այն է, որ սրանք 20 տարի չհասկացան, որ ակումբը ակումբի շենքը չէ, ակումբը ակումբի միջի մարդիկ են»,- ասում է Տիգրան Հակոբյանն ու հավելում, որ իր 30 տարվա աշխատանքային գործունեությամբ մեջ ավելի շատ բան է արել, քան բոլոր նախարարներն իրենց գործունեության ընթացքում։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**