Նամակ՝ «նեղ աշխարհից». կալանավայրերի համակարգում սպասողական վիճակ է

Նամակ՝ «նեղ աշխարհից». կալանավայրերի համակարգում սպասողական վիճակ է
Դրսում հեղափոխություն է, ներսում՝ դեռ ոչ: Կալանավայրերի համակարգի աշխատակիցները, նաեւ դատապարտյալները սպասում են․ մեկը՝ համաներման, մյուսը՝ նոր պաշտոնի, երրորդն էլ՝ աշխատանքից ազատման հրամանի: Ո՞վ է լինելու ՔԿՎ հաջորդ ղեկավարը՝ «աշխատո՞ղ», թե՞ կալանավոր՝ բոլորին այս հարցը հուզում է: Գրվեց «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի հնարավոր թեկնածության մասին: Դատապարտյալները վատ ընդունեցին այս լուրը: Նավասարդյանը կալանավայրում հայտնի է որպես «ծեծող-ջարդող», «կալանավորի արյուն խմող» կերպար: Նրա դեմ բազմաթիվ բողոքներ կան պատկան մարմիններում: Բայց նշանակումը չհետեւեց: Հավանաբար, այս անունը հրապարակ էր նետվել ցանկալին իրական դարձնելու հույսերով: Դատելով կալանավորված եւ դատապարտյալ անձանց նամակներից, որոնք նրանք հարազատների կամ ծանոթների միջոցով մեծ դժվարությամբ ուղարկում են ԶԼՄ-ներին, նրանց բողոքները նույնն են, ինչ հեղափոխությունից առաջ՝ վաղաժամկետ ազատման հանձնաժողովից են դժգոհ, բուժսպասարկման որակից, քրեական վարույթների ընթացքից:



Օրերս «Հրապարակին» էր դիմել «Սեւան» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորներից մեկի եղբայրը: Նա արտասովոր իրավիճակ նկարագրեց։ «Հիմնարկի պետ Արամ Խաչատրյանը բնակելի գոտում, խոշոր գումարի դիմաց, դատապարտյալներին թույլ է տվել արտոնյալ շինություններ կառուցել եւ արտոնյալ պայմաններ ունենալ: Այնտեղ կալանավորներին տանում են՝ ղումար, մոլախաղեր են կազմակերպում եւ խոշոր գումարներ են կրում: Իմ եղբորը հենց այդտեղ կրել են, հիմնարկի պետը Գագիկ Խաչատրյանի հորեղբոր տղեն ա՝ բազմաթիվ կոռուպցիոն եւ հանցագործ սխեմաների հեղինակ։ Սրանք 100 տոկոսանոց անօրինական կառույցներ են, թող ֆիքսեն, գնան ու պատժեն»,- գրում է նամակագիրը՝ առանց անուն նշելու:



Այն, որ կալանավայրերում դատապարտյալները հաճախ հիմնանորոգումներ են անում, խցերն են բարեկարգում հարազատների ուղարկած շինանյութով, տնից կենցաղային իրեր են ստանում, հայտնի է: Այս ավանդույթը եղել է ՔԿՎ բոլոր պետերի օրոք: Պետությունը բյուջեի սղության պատճառով գումարներ չի տրամադրել կամ շատ քիչ է տրամադրել՝ մարդկանց պահման պայմանները բարելավելու համար: Բայց շենք-շինություն կառուցելը նորություն էր:



«Մնում է գրեն, որ Սեւանն էլ փորել-մոտեցրել ենք, որ լիճը գա մոտիկ, մի հատ էլ պլյաժ ու հյուրանոց են սարքել,- կատակեց «Սեւան» ՔԿՀ պետ **Արամ Խաչատրյանը**, երբ նրան վերահասցեագրեցինք բողոքը։- Մեր վարչությունների պետերն իրենց հարցազրույցներում միշտ ասել են՝ խրախուսել ենք, թողել ենք, որ մարդիկ իրենց պայմանները բարելավեն: Այստեղ օրենքի խախտում չկա, բայց տներ կամ ասաբնյակներ դատապարտյալների համար երբեք չեն կառուցվել»: Նա հիշեցրեց, որ 2015-2016 թվականներին մեծ շինարարություն է կատարվել հիմնարկում՝ վերացվել են հին տնակները՝ ջարդված տանիքներով, եկեղեցի է կառուցվել, ճաշարանն է նորոգվել, երկարատեւ տեսակցությունների համար նոր շինություն է սարքվել: «Մեծ մասը դատապարտյալների ուժերով ենք սարքել: Եկեք տեսեք՝ խոհանոցն ինչ էր եւ ինչ է հիմա: Առաջ, կներես, բայց անասնագոմի նման տեղ էր, հիմա զոնտերով գեղեցիկ սարքել ենք։ Եկեղեցի ենք կառուցել, որն ունիկալ է, մեջը հոգեւոր գրադարան ունի»:



**- Ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով եք սարքել:**



Իմ ընկերներն են իմացել, օգնել են՝ դեպուտատներ, քաղաքապետը, մեկը ցեմենտ է տվել, մեկը՝ քար:



**- Գրում են, որ Դուք Գագիկ Խաչատրյանի՝ նախկին ՊԵԿ նախագահի հորեղբորորդին եք: Ինչ-որ դեր կատարե՞լ է այս ազգակցական կապը Ձեր կյանքում:**



Մի ժամանակ գրում էին՝ Սաղաթելյան Մուշեղի սանիկն է, ընկերն է, բարեկամն է: Մուշեղը գնաց, հիմա էլ գրում են՝ Խաչատրյան Գագիկի հորեղբոր տղան եմ: Նախ՝ հորեղբոր տղան չեմ, ամեն մեկս մի եղբոր թոռ ենք: Բայց ուրիշ բան ասեմ՝ երբ ես 27 տարեկանում միլպետ էի՝ 94 թվականին, կռիվներից հետո, Խաչատրյան Գագոն 38-39 տարեկան էր ու աշխատում էր Հրազդանի հարկային տեսչությունում: Իմ կենսագրությունն ինձնով է:



**- Ղումարի մասին են գրում, որ կալանավորներին բերում են «Սեւան»՝ ղումար խաղալու:**



Չկա նման բան եւ չի կարող լինել երբեք: Խնդրում եմ, եթե իմ վերաբերյալ մի բան հրապարակում եք, ինքներդ համոզվեք՝ նոր: Հիմա էլի սկսվեց պղտոր ջրում ձուկ որսալը:



Համակարգի հին աշխատող **Սմբատ Բուլղադարյանը**, որը 31 տարի աշխատում է ՔԿՀ-ներում, պատմում է. «Բարաքների կոսմետիկ վերանորոգումներ միշտ էլ եղել են: Շինության մեջ ռեմոնտ են անում: «Սեւան» քրեակատարողականը մի 40-50 տարվա կլինի, տարիներով էս պատերի ներսում ծխել են, թեյ են եփել, էլեկտրական տաքացուցիչներ են վառել, բայց փողով արտոնություններ չկան այստեղ, բացառվում է նման բան: Տուն սարքելը ո՞րն է: Մարդն իր համար շախմատ ա սարքում քարից, ի՞նչ անենք, կամ ասում ա՝ մի հատ հարազատս բերի, մել փչի, ի՞նչ անենք, արգելե՞նք»:



Հարցրինք, թե ինչն է փոխվել բերդերում՝ հեղափոխությունից հետո: «Բոլորի մոտ բարի մթնոլորտ է տիրում, ժպիտ է եկել դեմքերին: Մարդ դուրս ա գալիս փողոց, ժպիտ ա տենում, հավեսով ա տուն մտնում: Որ գնում ես, տենում ես՝ մեկը շոր չունի, երեխեն կանֆետ չունի, ուզում ես մինիստր եղի՝ վատ ես զգում»:



Իսկ ահա թե ինչ փոփոխություն կուզենար բերդի հին աշխատող Բուլղադարյանը. «Որ սենց վատ նամակներ են թաքուն գրում, մեկն էլ կկարդա, կասի՝ էս ի՞նչ են անում: Մենք գիշեր-ցերեկ ստեղ ծառայում ենք, գնում ենք տուն, մի հատ էլ էդ ենք կարդում, վատ ենք զգում: Ինչ-որ մեկն անձնական հարց ա ուզում լուծած լինի: Կալանավոր էլ կա՝ 5 անգամ օրենքի շրջանակում լավություն անես, մի անգամ չանես, գրում ա՝ դու իրանից էս ես ուզել, էն ես ուզել, դրա համար ես լավություն արել։ Չես անում, ասում ա՝ ուզեցի, չտվեց: Ամեն մարդ մի պրոբլեմ ունի, նեղ տեղում էլ մի քանի պրոբլեմ ունի»: Գագիկ Խաչատրյանի եղբայրը չէ Արամ Խաչատրյանը՝ լուսաբանեց Բուլղադարյանը: «Ինչ լավ է, որ իմ ազգանունը դժվար ազգանուն է, թե չէ, եթե, ասենք, Սարգսյան լիներ, հիմա կասեին՝ եսիմում ախպերն ա»:



Արդարադատության նոր նախարարը, որը մոտ 20 օր առաջ է նշանակվել, ինչպես հաղորդում են այս գերատեսչության լրատվության բաժնից, «դեռ ժամանակ չի ունեցել այցելել կալանավայրեր»։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**