Նորանշանակ ԿԳ նախարարից մինչև քրեական գործ․ Արամ Սիմոնյանը պատասխանեց մեր հարցերին (Տեսանյութ)

Նորանշանակ ԿԳ նախարարից մինչև քրեական գործ․ Արամ Սիմոնյանը պատասխանեց մեր հարցերին (Տեսանյութ)
Այսօր նախագահի մրցանակաբաշխության արարողությանը ներկա էր նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Ճիշտ է՝ նա մրցանակ չստացավ, բայց այնուամենայնիվ պատասխանեց մեր հարցերին։ Իսկ ռեկտորին ուղղված հարցերը բազմաթիվ էին՝ մանավանդ վերջին զարգացումներից հետո․



**- Ներկայիս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ձեր աշխատողն է եղել, բայց հիմա, կոպիտ ասած, դուք եք իր աշխատողը, ինչպե՞ս ընդունեցիք այդ իրողությունը, ինչպե՞ս եք պատրաստվում իր հետ համագործակցել։**



-Ինչպես մյուս նախարարների հետ՝ կրթության և գիտության, այնպես էլ իր հետ եմ համագործակցելու, մենք պետական բուհ ենք, և բնականաբար մեր համագործակցությունը պետք է լինի օրենսդրության շրջանակներում և այն լիազորությունների շրջանակներում, որոնք մենք ունենք։ Ինչպես նաև այն որոշումների, հրանահանգների շրջանակներում, որոնք բուհ կիջեցվեն նախարարության կողմից։



**- Արայիկ Հարությունյանը բազմիցս նշել է, որ բուհերի կառավարման խորհուրդներում չպետք է լինեն պետական պաշտոնյաներ, դուք ի՞նչ դիրքորոշում ունեք։**



-Ես դրան դրականորեն եմ վերաբերվում, ինչպես նաև դրականորեն եմ վերաբերվում տարիքային վերևի շեմի սահմանափակելու հարցին։



**- Սերժ Սարգսյանը խորհրդի նախագահն է, պե՞տք է մնա այդ պաշտոնում։**



-Դա կորոշոի կառավարությունը։ բուհը պետք է ապաքաղաքական լինի, որովհետև դա օրենքով է այդպես, և բուհերը այդպիսին էլ կան։ ԵՊՀ-ն երբեք քաղաքական կառույց չի եղել, չկա և չի էլ լինելու,իսկ առանձին մարդկանց այս կամ այն կուսակցության անդամ լինելը դեռ չի նշանակում, որ բուհը քաղաքականացված է։ Դա իր քաղաքական որոշումն է, իր քաղաքական, գաղափարական որոշումն է, և, բնականաբար, դա նրա անձնական գործն է, նրա իրավունքների սահմանում է և ,որը երաշխավորվում է սահմանադրությամբ։Ուրիշ բան է, երբ այդպիսի կուսակցական պատկանելիությամբ մարդիկ պետք է կուսակցական քարոզչություն չիրականացնեն բուհում, որովհետև դա օրենքով արգելված է։



**- ԵՊՀ-ում «Ռեստարտ» նախաձեռնություն է գործում, որոնք իրենց ուսխորհուրդներին ընդդիմություն են համարում, ինչ վերաբերմունք ունենք այդ նախաձեռնությանը։**



-Այո, դրական։ Այդպիսի բան չկա, որ ընդդիմություն են, ես հակառակը կասեի՝ նրանք համագործակցելու համար են ստեղծվել, այդ թվում նաև բուհերի վարչակազմի և ուսանողական խորհրդի հետ։ Ուսանողական խորհրդից էլ, կարծում եմ, անդամներ կլինեն, որ էդ «Ռեստարտի» մեջ կարող են ընդգրկվել, դրա մեջ որևէ տարօրինակ բան ես չեմ տեսնում։



**-Երբ Նիկոլ Փաշինյանը մտավ ԵՊՀ, ինչո՞ւ չցանկացակ նրա հետ հանդիպել, չէ՞ որ հայտարարել էիք, որ պատրաստ եք հանդիպելու։**



-Այո, որովհետև ինքը ցանկություն չհայտնեց մենակ հանդիպելու, այլ գալ լրագրողների հետ։ Ես ուզում էի իր հետ առանձնազրույց ունենալ։ Լրագրողները պարտադիր չի, որ ամեն տեղ լինեն։ Լրագրողները կարող են ինֆորմացիա ստանալ, տեղեկատվություն ստանալ, կամ լինել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է։ Տվյալ դեպքում ես գտա, որ կարելի էր առանց լրագրողների իրեն հետ հանդիպեինք, խոսեինք, զրուցեիք։



**- Ձեր աշխատողներից Մամիկոն Թոսունյանը համալսարանից դուրս է եկել, նա ձեզ մեղադրում էր կոռուպցիոն գործելաոճ ունենալու մեջ։**



-Նա դուրս է եկել, քանի որ երկար ժամանակ չի ներկայացել աշխատանքի։ Իսկ այդ հայտարարության համար մենք քննչական մարմիններին ներկայացրել ենք մեր բողոքը, որը կքննվի քննչական մարմինների կողմից։ Պետք է պարզել, թե այդ ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ տվյալներ են։ Սուտ մատնության համար քրեական օրենսգիրքը որոշակի հոդվածներ է նախատեսում



**- Հայաստանում իշխանափոխություն եղավ, Դուք ինչպես այն կանվանեք, մի մասը ասում է՝ հեղափոխություն, մյուսները հեղաշրջում։**



-Հարգելիս, ես պատմաբան եմ, և ես սովոր եմ պատմական տերմինները ճիշտ օգտագործել։ Ես նամանավանդ հեղափոխության մասնագետ եմ։ Թող ձեզ հայտնի լինի, որ ես ռուսական առաջին հեղափոխության մասնագետ եմ։ Հեղափոխությունների ժամանակ հասարակարգ է փոխվում, մեզ մոտ հասարակարգ չի փոխվել, սա զուտ իշխանափոխություն է, որոշ վերապահումներով կարելի է հեղափոխություն անվանել։



Կորյուն Սիմոնյան