Ձեր երկրում խնդիր չկա՞

Ձեր երկրում խնդիր չկա՞
Մեկը մեկին հերթ չտալով՝ Արցախի կուսակցական-խորհրդարանական գործիչները, վերլուծաբաններն ու քաղաքագետները խոսում են Հայաստանում իշխանափոխությունից: Տպավորություն է, թե այդ մարդիկ ամբողջ կյանքում երազել են, որ Նիկոլ Փաշինյանը քայլ անի՝ մերժի Սերժին, գործադիր իշխանությունից հեռացնի ՀՀԿ-ին, վարչապետ ընտրվի եւ ձեռնամուխ լինի փոփոխությունների: Գործնականում, մինչդեռ, նրանց մեծամասնությունը տարիներ, տասնամյակ շարունակ նույն պաթոսով խոսել է հանրապետական իշխանության ազգանպաստ քաղաքականությունից, ողջունել Լեռնային Ղարաբաղի հետ քաղաքական, տնտեսական, պաշտպանական, հոգեւոր-մշակութային սերտ ինտեգրացիան եւ այլն եւ այլն:



Այդ մարդիկ են կանգնած եղել Արցախում կառավարման խորհրդարանական համակարգից հրաժարվելու եւ կենտրոնաձիգ-նախագահական իշխանություն հաստատելու սահմանադրական նախաձեռնությունների ակունքներում, նրանք են քարոզել, որ պատերազմող երկրի համար քաղաքական ազատականացումը կսպառնա ազգային անվտանգությանը, որ Արցախում չկան կայացած կուսակցություններ, որ կարող են երկրի համար պատասխանատվություն ստանձնել:



Հիմա իրավիճակ է փոխվել, բայց փոխանակ անդրադառնալու Արցախի ներքին խնդիրներին, քննարկելու պետության զարգացման հեռանկարը, խոսելու բացասական երեւույթները վերացնելու անհրաժեշտության, մի խոսքով՝ բարեփոխվելու, արդիականանալու, համահայկական ընթացքին ներգրվելու հրամանայականի մասին, մարդիկ մամուլի էջերից եւ հեռուստաէկրաններից գծում են պատկեր, որ ասես Արցախում որեւէ խնդիր գոյություն չունի, ամեն ինչ կարգին է, մնում է, որ Հայաստանն էլ իր հարցերը լուծի եւ ավելի եռանդուն պաշտպանի արցախահայության անվտանգությունը, նպաստի նրա բարեկեցության բարձրացմանը, երաշխավորի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը:



-Ձեր երկրում լուծման սպասող, հասունացած, հասարակությանը մտահոգող խնդիրներ չկա՞ն, պարոնայք: Մի քիչ չափի մեջ եղեք, մի ծանրացեք հայաստանյան հեղափոխության ուսերին, աշխատեք ինքներդ փոխվել: