Պահանջում են Մարկ Գրիգորյանի հրաժարականը

Պահանջում են Մարկ Գրիգորյանի հրաժարականը
Երեկ մեր խմբագրություն էին այցելել Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ եւ ասում էին, որ երկար տարիներ աշխատել են այդ կառույցում, իսկ այսօր հեռացման վտանգի տակ են հայտնվել։ Բանն այն է, որ ռադիոյում անառողջ աշխատանքային մթնոլորտ է ձեւավորվել։ Նրանց խոսքով՝ Մարկ Գրիգորյանը մինչեւ մայիսի վերջը պատրաստվում է փորձառու աշխատակիցներից ազատվել։



«Մեր պայմանագրերի ձեւն է փոխվել, հաստիքները վերացվել են, ձեւակերպել են քաղիրավական պայմանագրով, որը ցանկացած պահի կարող են խզել, բայց այդ պահին, երբ ձեւակերպեցին մեր պայմանագրերը, պատճառաբանեցին, որ լուծվում են ֆինանսական հարցեր մեր հաստատությունում, մեր աշխատավարձերը ցածրացան։ Հավաքարարը մեզնից բարձր է ստանում։ 30-40 տարիների վաստակ ունեցող մարդիկ աշխատում են շատ վատ՝ գնահատման առումով։ Քաղիրավական պայմանագրով մեզ բյուլետեն չի հասնում, արձակուրդ ընդհանրապես չի հասնում, մենք նույնիսկ իրավունք չունենք հիվանդանալու, միայն կոչվում է աշխատանքային ստաժ։ Մենք չգիտենք, թե օրենսգրքի որ հոդվածով իրենք դարձրին այդպիսին։



Տնօրենը մեզ ասում է, որ պայմանագրերը չի երկարացնելու, բոլորիս դուրս է հանելու եւ որ փողոցից ում էլ բերի, մեզնից լավ են աշխատելու։ Իր եկամուտը ռադիոյում միլիոնից բարձր է, մենք ստանում ենք 50-60 հազար դրամ, ինչպե՞ս կարող է տնօրենի ու աշխատողի աշխատավարձերի տարբերությունն այդքան մեծ լինել։ Եթե մենք այսօր ասում ենք, որ հայոց լեզուն պահվել է Հանրային ռադիոյի շնորհիվ, ապա դա արել են այն մարդիկ, ում այսօր տնօրենը ցանկանում է աշխատանքից ազատել։ Մեզ ասել է՝ մինչեւ մայիսի վերջը գործից ազատելու է բոլորիս։ 40 տարվա վաստակ ունեցող աշխատողը մնալու է փողոցում, իսկ հիմա օդի մեջ ենք»։



Բացի հարցի ֆինանսական կողմից, աշխատակիցների պնդմամբ՝ տնօրենի կողմից երբեւէ շնորհակալություն չեն լսել, միայն՝ թուքումուր։ Նրանք պահանջում են Մարկ Գրիգորյանի հրաժարականը․ «Նա մեզ մի արտահայտություն է արել՝ «это не до гроба», այսինքն՝ հո մինչեւ մեռնելդ այստեղ չե՞ս աշխատելու։ Բայց ռադիոյի աշխատակիցների համար կա այդ արտահայտությունը՝ «իրենց գործի նվիրյալներ», դա հենց այնպես չի ասվել, ռադիոն ունի նվիրյալներ, որոնք գրոշներով այսքան տարի աշխատել են։ Մենք դեռ 90-ականներից ամեն օր գալիս ենք աշխատանքի, մենք սիրում ենք մեր աշխատանքը։



Փոխարենը մի շնորհակալություն ասի, վիրավորում է։ Նա չի էլ ընդունում ոչ մեկին։ Մարդիկ խնդրանքով ուզում են մոտը մտնել, չի ընդունում։ Եվ ամենակարեւորը՝ եթե ուզում է սերնդափոխություն անել, ուզում է մարդկանց փոխել, ուրիշներին բերել, կարելի է, չէ՞, նրանց, ովքեր աշխատել են 20, 30, 40 տարի, կանչել ու ուղղակի ասել, որ դուք այսքան տարի աշխատել եք, ձեզ շնորհակալություն։ Բայց մենք դա չենք տեսել։ Այնպես է ուզում անել, որ սկսենք հավատալ, որ մենք վատ ենք աշխատել, եւ իրավացիորեն է ուզում մեզ հեռացնել։ Դա հակապետական քաղաքականություն է, մենք պահանջում ենք նրա հրաժարականը»։



Բնականաբար, կապ հաստատեցինք Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն **Մարկ Գրիգորյանի** հետ՝ հասկանալու համար, թե արդյոք նա իսկապե՞ս պատրաստվում է կադրային ջարդ իրականացնել, եւ ինչո՞ւ է պետական բյուջեից ֆինանսավորվող այս կառույցում նման լարված աշխատանքային մթնոլորտ ձեւավորվել։ Սակայն Գրիգորյանը, լսելով «Ձեր աշխատողները» արտահայտությունը, միանգամից ընդհատեց՝ թույլ չտալով շարունակել հարցը։ Ապա հայտարարեց, որ չի պատրաստվում մեկնաբանություն տալ «Հրապարակ» օրաթերթին:



«Ես չեմ ցանկանում պատասխանել այդ հարցին, որովհետեւ ցանկացած աշխատող ռադիոյից անմիջապես վազում է «Հրապարակ» օրաթերթ՝ իմանալով, որ դուք պատրաստակամորեն իրենց բողոքին կարձագանքեք եւ որեւէ բան կտպեք։ Ես ձեր թերթի` իմ աշխատողների մասին ոչ մի հարցի չեմ պատասխանում սկզբունքորեն, շնորհակալություն»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը։



_ՀԳ․ Այո, «Հրապարակ» օրաթերթը լսում է քաղաքացիների բողոքները, անդրադառնում մարդկանց խնդիրներին, եւ հենց այդ պատճառով են նաեւ մեր խմբագրություն այցելում մարդիկ։ Սակայն մենք լսում ենք նաեւ հակառակ կողմին, եւ ոչ ոք մեզ չի կարող մեղադրել միակողմանի լինելու կամ կոնկրետ հիմնարկի աշխատակիցների բողոքը «կազմակերպելու» մեջ։ Շատ ավելի լավ կլիներ, որ պարոն Գրիգորյանը խորանար դրանց պատճառների մեջ եւ հասկանար, թե ինչու են ռադիոյի աշխատակիցները «վազում» խմբագրություն, եւ գիտակցեր մեղքի իր բաժինը։_



 



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**