Տոտալ ՀՀԿ-ացումից տոտալ ՔՊ-ացումը շատ վատ կլինի երկրի համար

Տոտալ ՀՀԿ-ացումից տոտալ ՔՊ-ացումը շատ վատ կլինի երկրի համար
_Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան __**Կարեն Անդրեասյանի**__ հետ։_



**-1 տարի է՝ լռության ուխտի մեջ եք, ինչո՞վ եք զբաղվում: Ձեզ պաշտոնի առաջարկ արվե՞լ է:**



-Իսկապես, մի տարուց ավելի հարցազրույց չեմ տվել: Անիմաստ էր խոսել մի քաղաքական իրավիճակում, երբ ամեն առողջ ուժ, միտք ու մարդ ոչնչացվում էին կամ մեկուսացվում: Արդեն մի քանի տարի է՝ վերադարձել եմ բիզնեսի աշխարհ եւ անձնական իմաստով շատ գոհ եմ: Ինչ վերաբերում է պաշտոնի հարցին, ապա հիմա այնպիսի պաշտոնատենդ է երկրում, որ նույնիսկ նման հարցի պատասխանելն ասոցացվում է պաշտոն ուզելու կամ սեփական անձի մասին հիշեցնելու հետ:



**-Ձեր գնահատականը Հայաստանում ապրիլին տեղի ունեցած դեպքերին՝ թավշյա հեղափոխությո՞ւն էր, իշխանափոխությո՞ւն, թե՞...**



-Անունը կապ չունի՝ ինչ դնենք, կարեւորը՝ բոլորը հասկացան, որ երկար ու անդադար ժողովրդին արհամարհելը պայթյունավտանգ է: Այսպես եղավ, որովհետեւ հանրային կարծիքի վրա թքած ունենալով՝ տարիներ շարունակ ծաղկեցրել էին կոռուպցիան, իսկ հանրային կարծիքի հետ աշխատանքը վստահել էին մի քանի ապաշնորհ մոնոպոլիստների:



**-Նոր կառավարության կադրերը Ձեզ հավատ ներշնչո՞ւմ են, քննարկվում են նրանց տարիքը, ծառայել-չծառայելը, Փաշինյանի հետ մտերմությունը եւ այլն:**



-Նոր կառավարության 22 նոր անդամներից 12-ին ճանաչում եմ եւ շատ դրական կարծիք ունեմ, իսկ ինձ համար անհայտ մարդիկ էլ բավականին խոստումնալից են թվում: Իհարկե, ինչպես ամեն կառավարությունում, այստեղ էլ կան իմ ճաշակին ոչ հարիր մեկ-երկուսը: Եթե օրինական են ազատվել ծառայությունից, խնդիր չեմ տեսնում: Տարիքը նույնպես խնդիր չէ: Բայց, իհարկե, քաղաքական անփորձությունը, իսկ ավելի շատ՝ դրանից ծնվող ամբարտավանությունը կարող են խնդիր դառնալ մեկ-երկուսի համար:



Հուսանք՝ այդպես չի լինի, որովհետեւ մեղկ է մեր ժողովուրդը, ախր, իսկապես շատ է հավատում Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին: Իմիջիայլոց, մտերմությունով կադրեր ընտրելն էլ միշտ չէ, որ վատ է, որովհետեւ պետք է թիմային աշխատանք ու վստահություն: Բայց եթե պիտի սեփական ընտանիքի անդամներին անարժան պաշտոններ տան, շատ շուտ կհիշեցնեն իրենց իսկ կողմից քննադատվող նախկիններին:



**-Առաջնահերթ ի՞նչ 3 քայլ պետք է անի կառավարությունը՝ երկիրը այս վիճակից դուրս բերելու համար:**



-1. Ապահովել դատարանների ու իրավապահների արդարությունը: 2. Ազատվել լրատվական մոնոպոլիաներից: 3. Անցկացնել ազատ ու արդար արտահերթ ընտրություններ: Այլ հարց է, թե դրանից որն է իրատեսական այս փուլում: Եթե հեղափոխականները չկարողացան արագ ազատել իրավապահ համակարգը նախկինների ազդեցությունից, ապա ներկայիս կառավարությունը կնմանվի Կարեն Կարապետյանի կառավարությանը, ով ուներ լրջագույն ու ազնիվ դրական մղումներ, ուներ պրոֆեսիոնալիզմ, բայց առանց իրավական համակարգի աջակցության չէր կարողանում հաղթահարել կոռուպցիոն վիշապին: Չնայած նույնիսկ այդ պայմաններում Կարեն Կարապետյանի կառավարությունը դրական արձանագրումներ ունեցավ: Այնպես որ, Փաշինյանի կառավարությունը կարող է շատ բան անել, նույնիսկ առանց բոլոր խնդիրները միանգամից լուծելու:



**-Շատերը նշում են, որ սա քաղաքական եւ իրավական առումով փակուղի է, երբ գործադիրը մի ուժ է ղեկավարում, օրենսդիրում՝ մեկ այլ, կառավարությունը չի կարողանա աշխատել, քանի որ ՀՀԿ-ն կխանգարի:**



-Ճիշտ են ասում շատերը: Բայց դե՝ Նիկոլ Փաշինյանի քայլերթի ժամանակ էլ էին ասում, որ դա փակուղի է, եւ անհնար է հեղաշրջում անել:



**-Փաշինյանը նշել է, որ սա ժամանակավոր կառավարություն է, իր վերջնական նպատակն արտահերթ ընտրություններն են: ԸՕ-ում իրենց նշած փոփոխություններն իրագործելի՞ են, թե՞ ոչ: Իրավական առումով՝ արտահերթ ընտրությունների հնարավորություն ե՞րբ կարող է լինել:**



-Աշխարհի բոլոր կառավարություններն էլ ժամանակավոր են: Վարչապետ Փաշինյանը կա՛մ պետք է ճնշումներով ու այլ նախկին մեթոդներով օգտագործի ՀՀԿ-ի մի քանի առնետների, կա՛մ պետք է իր համոզչականությամբ դարձի բերի ողջ ՀՀԿ-ն եւ նրանց օգնությամբ փոխի Ընտրական օրենսգիրքը: Առաջինն իմ համար զզվելի սցենար է, իսկ երկրորդը՝ խիստ անիրատեսական:



Միեւնույն ժամանակ Փաշինյանն արդեն կարողացել է զարմացնել բոլորիս իր ոչ ստանդարտ լուծումներով, եւ միգուցե նա գտնի երրորդը: Հակառակ դեպքում արտահերթ ընտրությունների կգնանք նույն օրենսգրքով, բայց, ցավոք, ոչ թե հիմա, այլ մի քանի ամիս անց: Այդ պարագայում հնարավոր է ընդհանրապես չլինեն արտահերթ ընտրություններ, այլ ամեն ինչ ավարտվի վարչապետի ընտրություններով։



**-Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, ինչպե՞ս կարող է Փաշինյանն ազատ արձակել «Սասնա ծռերին»:**



-Իհարկե, կան: Առնվազն կան քրեական գործեր, որոնք բացարձակ հավատ չեն ներշնչում: Մամուլից Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի, Կարո Եղնուկյանի, Սամվել Բաբայանի գործերին քիչ թե շատ ծանոթ ամեն մարդ կարող է տեսնել սպիտակ թելերով կարված գործեր: Թող ներեն բոլոր մյուսները, ում անունը չնշեցի:



Մինչեւ որեւէ այլ հրաժարականի կամ բողոքի գործողություն, կարծում եմ, որ հեղափոխական ուժերը պետք է պահանջեն այն պաշտոնյաների հրաժարականները, ովքեր չեն ազատում այս մարդկանց: Վարչապետը չի կարող հրամայել ազատել նրանց, բայց նա կարող է իր թիմակիցների ճնշումն ուղղել այդ կողմ, ինչպես ժամանակին անում էր խորհրդարանում հաղթանակի համար:



**-Ինչպե՞ս եք գնահատում բոլոր կարեւոր պաշտոններից ՀՀԿ-ականներին հեռացնելը, այդ թվում՝ ուժայիններին:**



-Վտանգավոր է, երբ որեւէ մի կուսակցություն իր ձեռքն է վերցնում բոլոր պետական կառույցները եւ հետո էլ անցնում համայնքային իշխանությունները գրավելուն: Այդ դեպքում մի քաղաքական մոնոպոլիստին փոխարինում է մյուսը: Հասկանալի է, որ առանց գլխավոր դատախազի, վճռաբեկ դատարանի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Քննչական կոմիտեի նախագահի կամ կարեւոր համայնքապետերի օբյեկտիվ ու օրինական գործունեության հնարավոր չի լինի ունենալ բացարձակ իշխանություն: Իսկ ո՞վ է ասել, որ պետք է լինի բացարձակ իշխանություն:



Ժողովրդին ձեռնտու է, որ երբ ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն մի գործ է սկսում, նրանց գլխին լինեն օրենքի տառով վերահսկող քննիչը, դատախազը կամ դատավորը: Այնպես որ՝ տոտալ ՀՀԿ-ացումից տոտալ ՔՊ-ացումը շատ վատ կլինի երկրի համար: Այլ հարց է, որ հեղափոխական ուժերը պահանջեն այս կամ այն պաշտոնյայի հրաժարականը, եթե այդ պաշտոնյան մինչեւ արտահերթ ընտրություն կամ դրա ընթացքում որեւէ օրենքի խախտում թույլ տա: Այդ խախտումն էլ պետք է ոչ թե սարքվի նրա գլխին կամ կոմպրոմատներով դուրս բերվի ԱԱԾ արխիվից, այլ լինի իսկապես փաստարկված ու հիմնավոր:



**Ինգա ՄԱՐՏԻՆՅԱՆ**