Փոխվարչապետերը հրաժարվել են իրենց ծառայողական մեքենաների մի մասից

Փոխվարչապետերը հրաժարվել են իրենց ծառայողական մեքենաների մի մասից
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստում զեկուցեց մի պետգույքից հետ վերցնելու և ամրացնելու մասին մի նախագիծ, որով առաջարկում է երկու ավտոմեքենա հետ վերցնել պետգույքի կառավարման վարչությունից, քանի որ իրենց համակարգում փոփոխություն է տեղի ունեցել։



Մասնավորապես, լուծարվել են պետական առողջապահական գործակալության տարածքային մարմիններն ու առանձին ստորաբաժանումները, և գործակալության կենտրոնական համակարգը համալրվել է բժիշկ-փորձագետներով։ Ելնելով դրանից՝ անհրաժեշտություն է առաջացել այդ փորձագետներին համալրել տրանսպորտային միջոցներով, ուստի նախարարն առաջարկեց պետգույքի կառավարման գործակալութունից հետ վերցնել երկու ավտոմեքենա։ Այս նախագիծն առիթ հանդիսացավ՝ կրկին անդրադառնալու ծառայողական ավտոմեքենաների, անգամ գործուղումների խնդրին։ Վարչապետը նկատեց, որ մեր կառավարման համակարգում ծառայողական ավտոմեքենաների շատ մեծ ներկայություն կա, և այս խնդրին պետք է առաջիկայում անդրադառնան։



Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նկատեց՝ պետական ապարատում կա ծառայողական մեքնաների գերկուտակում, որը բյուջեի ծախսերի վատնում է։ Ապա տեղեկացրեց, որ առաջին փոխվարչապետի, այսինքն՝ իր գրասենյակի համար նախատեսված է հինգ ավտոմեքենա, որից երեքից իրենք հրաժարվել են, մյուս երկուսի նպատակահարմարությունն էլ դեռ կքննարկեն։ «Մյուս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի համար էլ նախատեսված է չորս մեքենա, նա հրաժարվել է երկուսից։ Ես խնդրում եմ բոլոր նախարարներին էս մոտեցմամբ վերանայել նախարարությունների տրամադրության տակ եղած ծառայողական մեքենաների ամբողջ պարկը, և էս հարցով անպայման խնդրում եմ կոնտակտ հաստատել փոխվարչապետերի հետ»,-ասաց Արարատ Միրզոյանը։



Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին նկատեց, որ իրենց նախարարությունում այս հարցն ուսումնասիրվել է, ապա խնդրեց փոխվարչապետին ուշադրություն դարձնել և ուսումնասիրել նաև գործուղումների հարցը։ «Որովհետև իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբեմն դրանք վերածվում են տուրիստական շրջագայությունների»,-ասաց Արայիկ Հարությունյանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**