Վարդան Հարությունյանն ազատվեց, Անանյանը՝ նշանակվեց

Վարդան Հարությունյանն ազատվեց, Անանյանը՝ նշանակվեց
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության առաջին նիստը՝ նոր կազմով։ Նիկոլ Փաշինյանը նիստի սկզբում առաջարկեց օրակարգում մտցնել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրաժարականի և նոր նախագահի նշանակման հարցը։



Փաշինյանն ասաց, որ Վարդան Հարությունյանը հայտնել է իր հրաժարականի մասին, և նրա փոխարեն ինքն առաջարկում է ՊԵԿ նախագահ նշանակել ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանին։



Առարկություններ չեղան, Հարությունյանն ազատվեց ախատանքից, Անանյանը՝ նշանակվեց։ Տնտեսական զարգացման և ներդրումների նորանշանակ նախարար Արծվիկ Մինայսնաը, որպես Վարդան Հարությունյանի հետ աշխատած անձ, հարկ համարեց շնորհակալություն հայտնել Վարդան Հարությունյանին՝ համատեղ աշխատանքի համար։



Նիկոլ Փաշինյանը ևս շնորհակալություն հայտնեց նրան, հաջողություններ մաղթեց, իսկ Անանյանին էլ շնորհավորեց նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Վարդան Հարությունյանն էլ, իր հերթին շնորհակալություն հայտնելով վարչապետին իր դիմումն ընդունելու և նրան աշխատանքից ազատելու համար, տեղեկացրեց, որ իր մեկուկես տարվա աշխատանքի արդյունքում այս տարվա չորս ամիսների հավաքագրումը 14 միլիարդով գերազանցում է բյուջեի հիմքում դրված մեծությանը։



«Իմիջիայլոց, ձեզ նաև տեղեկացնեմ, թե ինչի համար ենք մենք առաջանցիկ ծրագիր մշակել, քանի որ 1 տրիլիոն 249 միլիարդ բյուջեի եկամտային մասի հավաքագրման համար մենք առաջանցիկ հավաքագրում ունենք, և էսօր մեր թիրախը կազմել է 1 տրիլիոն 270 միլիոն։ Մեկ անգամ ևս ուզում եմ կառավարության նոր կազմին շնորհավորել, ցանկանալ ամենալավը, հաջողություններ, և իմ ներուժը միշտ կարող եք օգտագործել կառավարության ցանկացած խրագիր իրականացնելիս»,-ասաց Վարդան Հարությունյանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**