Մնում է՝ Փաշինյանը հիշի

Մնում է՝ Փաշինյանը հիշի
«Տարոն Մարգարյանի հուսահատության «գազել»-ներից, մահվան վերելակներից, փոշու եւ աղբի ամպից, կաթող տանիքներից ելք կա»: Սա «Ելք» դաշինքի կարգախոսն էր 2017թ. մայիսի 14-ի Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում: Նախընտրական այդ օրերին դեռեւս պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի համակարգում 230 ավտոբուս կա, որի 90 տոկոսը թեեւ սարքին վիճակում է, բայց երթուղի դուրս չի գալիս (230-ի 90 տոկոսը 207 է` Ս. Մ.):



«Եթե երթուղի դուրս գան, «գազել»-ների գծատերերի շահույթը կպակասի: Կարող եք ասել՝ վարորդ չունեն: Դե թող ծառայողական ավտոմեքենաների վարորդներին կրճատեն, մի քիչ էլ աշխատավարձն ավելացնեն եւ ուղարկեն, որ ոչ թե տրանսպորտի վարչության պետին աշխատանքի ու տուն տանի-բերի, այլ՝ երեւանցիներին»,- ասում էր Փաշինյանը:



Նա անթույլատրելի էր համարում նաեւ Երեւանի քաղաքապետարանում ծառայողական ավտոմեքենաների չափազանցված քանակը, որոնց թիվը հասնում է 100-ի: Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, կարող է գտնել քաղաքապետարանի թաքցրած 207 ավտոբուսները եւ վերադարձնել երթուղի: Եթե Հայաստանի վարչապետի վերահսկողական ծառայությունը քաղաքապետարանից պահանջի ավտոբուսային պարկի ամբողջ տվյալները, այդ փոխադրամիջոցները գտնելը դժվար չի լինի:



Ամենակոշտ հաշվարկներով՝ 207 ավտոբուսը կարող է սպասարկել նվազագույնը 22 գիծ: Եթե դրանք շահագործվեն, հնարավոր կլինի կրճատել քաղաքապետարանի ծառայողական մեքենաները, բացառությամբ մի քանիսի, որոնք սպասարկում են հյուրերին: Բացի այն, որ վարորոդներն անգործ չեն մնա, որովհետեւ ավտոբուս կվարեն, կթեթեւանա նաեւ Երեւանի բյուջեի բեռը, իսկ տրանսպորտի վիճակը կբարելավվի: Մնում է Նիկոլ Փաշինյանը հիշի մեկ տարվա վաղեմության իր հայտարարությունը:



**Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ**