Կարծում եմ՝ այնքան ողջամիտ են, որ կընդունեն ճիշտ որոշումներ

Կարծում եմ՝ այնքան ողջամիտ են, որ կընդունեն ճիշտ որոշումներ
ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր **Արարատ Զուրաբյանը** Նիկոլ Փաշինյանի նոր կառավարության ձեւավորումը համարում է բարդ, բայց տեխնիկական խնդիր։ Նա համոզված է, որ Հայաստանում կա բավարար ներուժ՝ ցանկացած կառավարություն ձեւավորելու համար։ «Այստեղ մի առանձնահատկություն է լինելու, ես կարծում եմ, որ այս կառավարության վրա դրվելու է շատ մեծ խնդիրներ լուծելու հարց, այն է՝ կազմակերպելու Հայաստանի Հանրապետության ապագան, որովհետեւ այս կառավարությունը լինելու է անցումային, բայց, միեւնույն է, ինքը չունի այն ժամանակը, որ սպասի այդ անցմանը»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Զուրաբյանը։



**- Ըստ Ձեզ՝ ՀՀԿ-ականները կաջակցե՞ն Նիկոլ Փաշինյանին, թե՞ կփորձեն վրեժխնդիր լինել նրանից։**



Ես չեմ կարծում, որ նման բան տեղի կունենա։ Իհարկե, նրանք դեռեւս մի քիչ լարված կլինեն, մտահոգ կլինեն, բայց ես վստահ եմ, որ այն, ինչ ասվում է, ասվում է շարժման առաջնորդների կողմից։ Շատ կարեւոր է, որ Հայաստանում պետք է իրոք բարու, լույսի, դրականի մթնոլորտ ստեղծվի, որի մասնակիցը նաեւ, ինչո՞ւ չէ, պետք է լինեն հանրապետականները։ Մենք անընդհատ խոսում ենք կեղծված ընտրություններից՝ մոռանալով, որ ընտրություն կեղծողը մեկ անձ չէ։ Ընտրության կեղծման գործընթացի մասնակից են հազարավոր մարդիկ։ Ասենք, 2 հազար տեղամասերում առկա է մի քանի հազար մարդ, որոնք որ, երբ որ ընտրակեղծիք էր լինում, մասնակցում էին։ Ընդհանրապես, նեգատիվ երեւույթներին մասնակից են մեր քաղաքացիները։ Ես կարծում եմ, որ մենք ոչ թե միայն իշխանություն պետք է փոխենք, այլ յուրաքանչյուրը պետք է իր մեջ գտնվող անհատին փորձի բերել ինչ-որ մի տեղ, որտեղ նա, ասենք, չի եղել։



**- Ի դեպ, ընտրությունները կեղծելու մեջ այս տարիներին մեղադրանքներ են հնչել ոչ միայն ՀՀԿ-ի, այլեւ այլ քաղաքական ուժերի, այդ թվում՝ ձեր դաշինքի դոմինանտ ուժը համարվող ԲՀԿ-ի հասցեին։**



Եկեք մի բան արձանագրենք, որ կեղծիքի մթնոլորտում յուրաքանչյուրը, բայց, բնականաբար, առաջին հերթին գործող իշխանությունը, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի կոնկրետ ինչ-որ արդյունք արձանագրի։ Ես կարծում եմ, որ այս մթնոլորտի բացակայությունը դրա իսպառ վերացումն է, որ փոխելու է Հայաստանը։



**- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջին քայլը պետք է լինի Ընտրական օրենսգրքի բարեփոխումը, ռեյտինգային համակարգի վերացումը, որից հետո պետք է գնալ նոր ընտրությունների։ ՀՀԿ-ի կողմից արդեն իսկ տրամադրություններ կան, որ միտք չունեն հրաժարվել ռեյտինգայինից, եւ չի բացառվում, որ տապալեն Փաշինյանի այս նախաձեռնությունները։ Այս իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում լուծումը։**



Ես կարծում եմ, որ բարի մթնոլորտում բոլոր լուծումները կգտնվեն։ Ես կարծում եմ, որ մարդիկ, ովքեր այլ ձեւով են տրամադրված, կփոխեն իրենց տեսակետը։



**- Դուք հայտարարել եք, որ կոալիցիոն կառավարություն չեք կազմելու Փաշինյանի հետ, նման պայմանավորվածություն չկա՝ չնայած մամուլում շրջանառվող հակառակ լուրերին։**



Մենք չենք հայտարարել, որ կազմելու ենք կոալիցիոն կառավարություն կամ չենք կազմելու։ Մենք հայտարարել ենք, որ կաջակցենք Նիկոլ Փաշինյանին, եւ մասնակից ենք եղել համաժողովրդական շարժմանը՝ առանց որեւէ նախապայմանի։ Այսինքն՝ մնացած բոլոր հարցերը հետագա քննարկումների արդյունքում կլուծվեն։



**- Այսինքն՝ կոալիցիա կազմելու դուռը կամ պատուհանը դեռ բա՞ց է մնում։**



Եթե ես դրան պատասխանեմ՝ այո, կլինի, որ մենք կոալիցիա ենք կազմում։



**- Այսպես ձեւակերպեմ հարցս՝ եթե Փաշինյանի կողմից առաջարկ լինի համագործակցության, կընդունե՞ք։**



Նախ պետք է պատկերացնենք՝ ինչ խնդիրներ ու ինչ ծրագրեր են իրականացնելու, արդյոք այդ ծրագրերում արտացոլվա՞ծ են մեր ծրագրերը։ Մնացածը կքննարկենք։ Ես կարծում եմ, որ թե՛ Փաշինյանը, թե՛ բոլորը, ովքեր մասնակից կլինեն դրան, այնքան ողջամիտ են, որ կընդունեն ճիշտ որոշումներ։ Ուզում եմ առաջ չընկնել իրադարձություններից։



**- ՀՀԿ-ի հետ միասին այս պահին դուք դառնում եք երկրորդ ընդդիմադիր ուժը խորհրդարանում։ Ո՞ւմ եք ընդդիմադիր լինելու, եւ ինչպիսի՞ն է լինելու ձեր կարգավիճակը ՀՀԿ-ի կողքին։**



Ուզում եմ հետեւյալն արձանագրել՝ իրողությունն ինքը թելադրելու է մեր գործողությունները, եւ դրան ականատես կլինենք կարճ ժամանակ հետո։ Այսօր ասել, թե ինչ եւ ում, կարծում եմ՝ ճիշտ չէ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**