Նա արդեն պատրաստել էր իր հրաժարականի դիմումը՝ մինչեւ մեր բարձրանալը

Նա արդեն պատրաստել էր իր հրաժարականի դիմումը՝ մինչեւ մեր բարձրանալը
Մայիսի 2-ին մշակույթի նախարարության շենքի դիմաց մի քանի տասնյակ մշակույթի գործիչներ՝ երաժիշտներ, երգիչներ, դերասաններ, ինչպես նաեւ բազմաթիվ ուսանողներ, պահանջում էին նախարար Արմեն Ամիրյանից՝ միանալ համաժողովրդական շարժմանը: Արդեն ժամեր անց դրան հաջորդեց նախարար Ամիրյանի հրաժարականը, ով քիչ անց իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ պատրաստ է ծառայել հայրենի մշակույթին՝ անկախ զբաղեցրած դիրքից եւ պաշտոնից։ Նախարարության շենքի դիմաց հավաքվածների ասելիքը փոխանցելու համար նախարարի մոտ էին բարձրացել մի շարք մտավորականներ, որոնց թվում էին Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը, Էդվարդ Թոփչյանը, Լալա Մնացականյանը, Վահագն Հայրապետյանը, Տիգրան Վիրաբյանը, Կարեն Քոչարյանը։



Հեռուստահաղորդավար, ռեժիսոր **Կարեն Քոչարյանն** ասում է, որ նախարարի մոտ իրենց բարձրանալը ոչ մի կապ չի ունեցել նրա հրաժարականի հետ, ուղղակի ցանկացել են այդ դժվար պահին նրա կողքին լինել․ «Լինելով Արմենի մոտ 30 տարվա ընկերն ու գործընկերը, լավ ճանաչելով նրան՝ ես վստահաբար կարող եմ ասել, որ նա միշտ եղել է ժողովրդի կողքին, եւ ժողովուրդն էլ նրան վերադարձրել է իր սերն ու հարգանքը: Եվ հենց դա էր պատճառը, որ նրա համար դժվար այդ պահին ես եւ էլի մի քանի արվեստագետ-ընկերներ նրա կողքին էինք: Մենք իրեն չենք ասել, որ հրաժարական գրի, երբ մենք բարձրացանք Արմենի աշխատասենյակ, նա արդեն իսկ պատրաստել էր հրաժարականի դիմումը, ասաց՝ սպասեք վերջացնեմ, ու միասին իջնենք ներքեւ»։ Այսինքն՝ բարձրացել էին ոչ թե ներկաների կոչը փոխանցելու՝ միանալ համաժողովրդական շարժմանը, այլ պարզապես սատարելո՞ւ նրան։ «Ինքը միշտ է եղել ժողովրդի կողքին, ինքը պաշտոնամոլ չէ, ես նույնիսկ գիտեմ, որ այս տարիուկեսվա ընթացքում ինքը 2 անգամ հրաժարականի դիմում է գրել, որը չեն հաստատել»,- ասաց նա ու հավելեց, որ, անկախ մտավորականների ներկայությունից, Ամիրյանն արդեն պատրաստած է եղել հրաժարականի դիմումը։



Կարեն Քոչարյանը դեմ չի լինի, որ նրան նորից նշանակեն մշակույթի նախարարի պաշտոնում, քանի որ այս ընթացքում ինչ կարողացել՝ արել է․ «Ես տեսնում էի, որ խանգարողներ շատ կային՝ ի դեմս երկրի ղեկավարության, դա նաեւ քիչ ֆինանսավորումն էր, բայց, այդքանով հանդերձ, քիչ բան չարեց»։



Ի տարբերություն Կարեն Քոչարյանի, դերասանուհի **Լալա Մնացականյանը** մեզ ասաց, որ իրենք բարձրացել են Ամիրյանի մոտ այն նպատակով, որ գրի իր հրաժարականը, բայց երբ մտել են աշխատասենյակ, նա ասել է, որ արդեն պատրաստում է հրաժարականը․ «Այսինքն՝ նա արդեն իր որոշումը մինչեւ մեր բարձրանալն ընդունել էր, եւ դա խոսում է նրա կարգին մարդ լինելու մասին։ Ես Արմեն Ամիրյանին վաղուց գիտեմ եւ այն կարծիքին եմ, որ եթե թույլ տային Ամիրյանին աշխատել, նա լավ կաշխատեր, որովհետեւ ինքը ե՛ւ գիտակ է, ե՛ւ կիրթ։ Ես շատ եմ ափսոսում, որ այդ մամլիչ մեքենայի տակ ինքն էլ ընկավ»։ Ո՞վ պետք է թույլ տար՝ իշխանական համակա՞րգը։ Մնացականյանն ասաց․ «Իհարկե, Սերժն էր ամեն ինչ որոշում՝ ով որտեղ նստի, ինձ թվում է՝ աշխատասենյակի կահույքն էլ փոխելուց ինքն էր ասում, թե ինչ գույն ընտրեն։ Նա ամեն տեղ իր վերահսկողությունն ուներ։ Ես գիտեմ, որ Արմեն Ամիրյանը եկել էր լավ գործեր անելու, ինքը, ի վերջո, մշակույթի մարդ է, պարզապես Արմեն Ամիրյանը հավատաց նրան եւ չհաշվարկեց, որ այդպիսի մարդկանց հետ գործ անել չի կարելի»։



Դերասանուհին կարծում է, որ մենք այսօր էլի կարգին նախարարներ ունենք, բայց կա մի հանգամանք․ «Այդ մարդկանց ինքը պարզապես ոչնչացնում էր, նպատակ էր դրել հոգեբանորեն մարդուն կոտրել։ Բոլորս մարդ ենք, եւ ես այնքան դեմ եմ, որ այս կողմում գտնվողները շատ են քննադատում այն կողմին, իսկ եթե մենք հայտնվեինք այն կողմո՞ւմ, ամեն դեպքում՝ սուրբ չձեւանանք, հիմա մեղավորների ու անմեղների կռիվը չէ, այստեղ կարողացել են 2 անհասկանալի մարդկային տեսակ՝ Քոչարյան եւ Սարգսյան, փչացնել մի ամբողջ ժողովուրդ»։



Իսկ իր հրաժարականն ինչո՞վ է ներկաներին պատճառաբանել Արմեն Ամիրյանը։ «Նա ասաց, որ գտնում է՝ իր գործունեությունն այլեւս պետք չէ, եւ չի կարող աշխատել այդ պայմաններում։ Ինքն այդպես ձեւակերպեց»։



Լալա Մնացականյանը նույնպես չի բացառում, ավելին՝ կցանկանա, որ նրան կրկին նշանակեն նախարարի պաշտոնում․ «Ինչո՞ւ ոչ, մարդը գիտակ է։ Ես այսպիսի կարծիք ունեմ՝ թողեք, թող մարդն ազատ աշխատի, այ, երբ կսկսի թերանալ, այն ժամանակ պատժեք։ Բայց դու չես թողնում, որ այդ մարդն անի ինչ-ինչ գործողություններ, մշակույթի ոլորտը տալիս ես այդ մարդուն ու ձեռքերը կապում ես, ասում ես՝ կանես այն, ինչ ես քեզ կասեմ, հետո կպատժվես։ Այդպես չի լինում։ Սա է մեր երկրի համակարգի աբսուրդը, անձից է կախված մեր երկրի բարօրությունը»։ Ամիրյանի՝ ձեռքերը կապվելու մեսիջը նկատե՞լ է նրա խոսքում։ Դերասանուհին նկատեց, որ իրավասու չէ այդ ինֆորմացիան նրա անունից տալ։ Իսկ համաժողովրդական շարժման մասին արդյոք խոսե՞լ են։ Այս մասին նույնպես Լալա Մնացականյանը չցանկացավ խոսել։



Երաժիշտ **Արթուր Իսպիրյանը** նշեց, որ Արմեն Ամիրյանին ճանաչում է երկար տարիներ եւ գիտի, թե ինչպիսի նվիրված մարդ է արվեստին, մշակույթին։ «Ես գիտեի, որ այսպես էլ լինելու էր, իսկ արվեստագետների այդ խումբը, որ կազմել էին, չգիտեմ ով էր կազմել, որ պետք է բարձրանար իր մոտ։ Հետո՝ այդտեղ համոզելու խնդիր չկար, ինձ թվում է՝ ինքը համոզված էր՝ տեսնելով հատկապես մեր ժողովրդի ամբողջականությունը, ուրախությունը։ Ես զարմանում եմ, որ դեռ կան մարդիկ, ովքեր այլ կերպ են մտածում»,- ասաց նա ու նկատեց, որ՝ այսպես թե այնպես, բոլորս միացած ենք շարժմանը, եւ այդ առումով ոչ մեկին համոզելու խնդիր չկա․ «Բոլորս միացած ենք, ես չեմ ճանաչում համենայնդեպս մի մարդ իմ շրջապատում, որ կասկած ունենա դրա մեջ։ Ես Արմեն Ամիրյանին ճանաչում եմ դեռ Հանրային ռադիոյից եւ մինչեւ դա ու չէի սպասում, որ նա չի միանա։ Ինքը կմիանար ու միշտ էլ ժողովրդի հետ է եղել։ Հարցրեք ռադիոյի հին կոլեկտիվին, թե ինչքան հարգանք-պատիվ է ունեցել»։



Նախարարի՝ պաշտոնից հրաժարվելը կարո՞ղ ենք շարժմանը միանալու քայլ համարել։ Իսպիրյանն ասաց․ «Շարժմանը կմիանա, թե չի միանա, բայց իր քայլը թող օրինակ լինի մնացածի համար, եւ բոլորն էլ հրաժարվեն՝ դառնալու Հանրապետականի անդամ, որովհետեւ, բացի վատ բանից, լավ բան չենք տեսել այդ կուսակցությունից»։ Նախարարության շենքի մոտ հավաքված մի քանի հարյուր քաղաքացիների, մշակութային գործիչների ներկայությունը ճնշում գործադրե՞ց հրաժարականի դիմումը գրելու հարցում։ Իսպիրյանը չի բացառում նաեւ դա․ «Կարող է դա եղավ պատճառը, որ հրաժարական տվեց, բայց գիտեմ, որ արդեն ժամանակն էր, եւ այլընտրանք չկար, հատկապես այդ օրը վճռական օր էր։ Ամեն դեպքում՝ ողջունում եմ Արմեն Ամիրյանի այս քայլը»։



Իսպիրյանը կարծում է, որ Ամիրյանը բավականին շատ կիսատ գործեր ունի թողած, եւ լավ կլիներ, որ նա կրկին առաջադրվեր․ «Ես դա երկու ձեռքով կողջունեի, լավ կլիներ, որ շարունակեր, որովհետեւ բավականին շատ կիսատ թողած գործեր ուներ, կարծում եմ՝ դրանք պետք է շարունակվեն, ավարտին հասցվեն, հետո նոր որոշում կայացվի»։