Փոշիացրեց կուսակցությունը, երկիրը տարավ աղքատության

Փոշիացրեց կուսակցությունը, երկիրը տարավ աղքատության
Տարիներ առաջ էր, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել էր ժողովրդավար սկզբունքներ, դրանք ամրագրել երկրի մայր օրենքում՝ ՀՀ Սահմանադրությունում: Ունենալով քաղաքակիրթ աշխարհի փորձն ու հարուստ պատմությունը՝ երկրի մայր օրենքում ամրագրվեց, որ նույն անձը 2 անգամից ավելի չի կարող ընտրվել երկրի նախագահի պաշտոնում:



Օրենքի տառին հավատարիմ, 2008-ին Ռոբերտ Քոչարյանը, ավարտելով իր պաշտոնավարման ժամկետը, Սերժ Սարգսյանին՝ որպես իրավահաջորդի, հանձնեց Հայաստանի կառավարումը: Չնայած հայտարարել էր, որ չի կարող լինել «երիտասարդ» թոշակառու, այնուամենայնիվ, Քոչարյանը հարմարվեց այդ կարգավիճակին եւ անցած 10 տարվա ընթացքում իր լռությամբ պահպանեց իր անձի շուրջ խմորվող ինտրիգը:



Նույնը, սակայն, չի կարելի ասել Սերժ Սարգսյանի մասին: Նա 30 տարի շարունակ գտնվելով Հայաստանի քաղաքական վերնախավում՝ միշտ էլ զբաղեցրել է բարձր ու պատասխանատու պաշտոններ: Նրան վստահեց թե´ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե´ Ռոբերտ Քոչարյանը, ինչ-որ տեղ նաեւ նրանց բարի կամքի դրսեւորմամբ էր, որ Ս. Սարգսյանին հաջողվեց ազդեցիկ պաշտոններ ստանձնել, չնայած որ նա քաղաքական վերնախավում միշտ էլ եղել է կոնֆլիկտների մեջ, եթե չասենք՝ կիզակետում: 2018թ. ապրիլին լրացավ Ազատիչի՝ ՀՀ նախագահի պաշտոնավարման 2-րդ ժամկետը: Թվում էր, թե նա եւս իր իրավահաջորդին կփոխանցեր նախագահի աթոռը եւ կանցներ վաստակած հանգստի: Մինչդեռ այդ ողջ ընթացքում երկրի ղեկավարն ու նրան սատարող մի ողջ թիմ գիշեր-ցերեկ մտմտում էին՝ ի՞նչ եւ ինչպե՞ս անել, որ Սերժ Ազատիչը «հավերժ» ղեկավար մնա:



Հայաստանի 3-րդ նախագահի շուրջը հավաքված՝ քաղաքականությունից հասկացող կիսատ-պռատ վայ իրավաբանների խորհրդով 2015թ. փոխվեց ՀՀ Սահմանադրությունը, Հայաստանը նախագահական կառավարումից «սահուն» անցում կատարեց խորհրդարանական կառավարման․ այսկերպ պարարտ հող պատրաստեցին նախագահ Սարգսյանի համար, որ նա դառնա վարչապետ՝ ապահովելով նրա հետագա պաշտոնավարումը:



Այն, որ այդ Սահմանադրությունն ընդունվեց ակնհայտ կեղծիքների եւ աննախադեպ խախտումների լույսի ներքո, գիտեն շատերը: Շատերի հիշողության մեջ թարմ է նաեւ Սերժ Սարգսյանի հայտարարությունը. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»…



Դրժելով այս խոստումը՝ Ս. Սարգսյանն ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնի մոտ որպես ՀՀ վարչապետի թեկնածու կանգնած, այնպիսի աստղաբաշխական թվեր հնչեցրեց, որ տպավորություն ստեղծվեց, թե ՀՀ քաղաքացին ապրում է երկրագնդի ամենադրախտային անկյունում: Ինչպեսեւ կանխատեսելի էր, Սերժ Ազատիչը երկրի նախագահից էլ առավել լիազորություններով ստանձնեց Հայաստանի վարչապետի պաշտոնը: Նրան շնորհավորեցին Պուտինն ու Մեդվեդեւը, մեկ էլ՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը:



Ժողովրդի համբերության ծայրեծայր լցված բաժակը թափվեց, ու Հայաստանի բնակչության մի ստվար զանգվածը, ականջալուր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կոչին, փողոց դուրս եկավ՝ պաշտպանելու իր տարիներ ի վեր ոտնահարված իրավունքը, լսելի դարձնելով իր տասնամյակներ շարունակ «խլացված» ձայնը: Բողոքի սկիզբ առած ալիքը գործող իշխանությունների հանդեպ տարիների ընթացքում կուտակված ատելության, արհամարհանքի եւ անհանդուրժողականության արտացոլումն էր: Ապրիլի 23-ին՝ հայոց պատմական սգո տարելիցի նախորդ օրը, ողջ հայությունն էր ցնծում: Լուրը, թե 6 օր ՀՀ վարչապետի պաշտոնում աշխատած Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, տարածվեց կայծակնային արագությամբ:



Դժվար է հիշել, թե ազգովի վերջին անգամ երբ էինք այդքան ոգեւորված ու միասնական եղել: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Պատասխանները շատ են, բայց դրանցից մի քանիսի մասին՝ ստորեւ:



Սերժ Սարգսյանը, երկար տարիներ լինելով Հայաստանի անվտանգության եւ ոստիկանական համակարգի ղեկավար, կարողացել էր իր շրջապատի, քաղաքական ու տնտեսական ղեկավարների վերաբերյալ կոմպրոմատներ հավաքել, դրանք հետագայում օգտագործելով, նրանց իր կողքին պահելու եւ կամակատար դարձնելու նպատակով: Չունենալով քաղաքական բավարար փորձառություն՝ Սերժ Սարգսյանը հայտնվեց ՀՀԿ-ում եւ միանգամից զբաղեցրեց կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնը: Այնուհետեւ, Անդրանիկ Մարգարյանի անսպասելի մահվանից հետո, նա միանձնյա դարձավ կուսակցության ղեկավար, ընդ որում՝ այն կուսակցության, որի ղեկավար կազմը 1999-ի նոյեմբերին նրան մեղադրում էր հոկտեմբերի 27-ի իրադարձությունների մեղսագործության մեջ: Լինելով կուսակցապետ՝ զբաղեցրեց նախ ՀՀ վարչապետի, այնուհետեւ՝ նախագահի պաշտոնը, այդ ընթացքում ավանդական կուսակցությունը դարձնելով ոչ թե քաղաքական նպատակների դարբնոց, այլ միջոց՝ անձնական դիրքի ամրապնդման ու բարեկեցության: Արդյունքում գաղափարախոսություն ունեցող եւ ծանրակշիռ տեղ ու դեր ունեցող որոշ կուսակցականներ հետին պլան մղվեցին, առաջնագծում հայտնվեց նորաթուխ ու արկածախնդիր կարիերիստների մի «ոհմակ»:



Սերժ Սարգսյանը ստեղծեց իր սեփական աշխարհը՝ խորը անջրպետ առաջացնելով իրական եւ իր ստեղծած Հայաստանի միջեւ: Երբեմնի բանավեճերով անցնող Հանրապետական կուսակցության համաժողովներն անցնում էին խորհրդային ոճով, որտեղ բոլորը ծափահարում էին մեկին: Իզուր չէ, որ Մանվել Գրիգորյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը վերջին բոլշեւիկն է։



Լինելով հոգով ու կամքով թույլ անձնավորություն՝ ՀՀԿ-ում էլ առաջնորդվեց «Բաժանիր, որ տիրես» սկզբունքով: Արդյունքում՝ թիմակիցներին իրար դեմ հանեց, թշնամացրեց, հետո սկսեց հանդես գալ հաշտարարի դերում: Գարեգին Նժդեհի գաղափարի հենքի վրա Աշոտ Նավասարդյանի հիմնած կուսակցությունն Ազատիչը վերածեց սեփական «դուքանի», ոչ ոք իրավունք չուներ սեփական կարծիքն ու տեսակետը հայտնել: Հարցերը լուծվում էին միանձնյա, իսկ այն մարդիկ, ովքեր խոսելու բացառիկ հնարավորություն ունեին, «առաջնորդին» հաճոյանալու եւ կուսակցական մյուս ընկերներին «մրոտելու» առիթը բաց չէին թողնում:



Կուսակցության համագումարներում, պետական եւ այլ միջոցառումների ժամանակ Սարգսյանն ընթերցում էր տեքստեր, որոնք որեւէ աղերս չունեին երկրի իրական վիճակի հետ: Անընդհատ խոսում էր բարեփոխումներից, բայց ոչ մի քայլ չէր անում դրանք կյանքի կոչելու համար: Այդպես էլ չծնված՝ պատմություն դարձան «Առաջ Հայաստան», «Ապահով Հայաստան» կարգախոսները՝ իրենց հետ տանելով այդ ժամանակահատվածի չիրագործված ծրագրերը:



Երկրի տնտեսական այսօրվա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, պետական արտաքին պարտքը կազմում է մոտ 6.8 միլիարդ ԱՄՆ դոլար՝ այն դեպքում, երբ, պաշտոնապես, երկրի բնակչության 46%-ն աղքատ է: Ըստ պաշտոնական աղբյուրների, արտագաղթել է 298 հազար մարդ: Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում աշխատատեղեր չեն ավելացել, ավելին՝ մոտ 56 հազար քաղաքացի դարձել է գործազուրկ: Չեն բարձրացել ուժային կառույցների ծառայողների եւ մանկավարժների աշխատավարձը, թոշակները, սակայն մի քանի անգամ գնաճ է արձանագրվել: 11 հազար քաղաքացի զրկվել է հաշմանդամության կարգից: Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաաղքատ երկրների շարքում:



**Վիրաբ ՊԵՏՐՈՍՅԱՆ** **վերլուծաբան**