Նիկոլը մի կողմ է դրել ընդդիմադիրի հախուռն տեսակը և հանդես է գալիս պետական գործչի դիրքերից

Նիկոլը մի կողմ է դրել ընդդիմադիրի հախուռն տեսակը և հանդես է գալիս պետական գործչի դիրքերից

Հայաստանում փաստացի երկիշխանություն է կամ, եթե ավելի ճշգրիտ փորձենք ձևակերպել, ապա իշխանություն չկա: Կառավարման համակարգը գործում է ինքնաբերաբար, իսկ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պարզ չի, թե ում են ենթարկվում: Իսկապես, ոստիկանապետ Վլադիմիրի Գասպարյանի հայտարարություններից այն տպավորությունն ենք ստանում, որ ՀՀ ոստիկանությունը գործում է ինքն իր համար, այս պահի դրությամբ ոչ ոքի չի ենթարկվում և ոչնչի չի խառնվում: Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա Գեորգի Կուտոյանը երևի թե աշխարհի ամենաանհաջողակ անվտանգության ծառայության ղեկավարներից մեկն է: Նրա պաշտոնավարման շրջանում արձանագրվել է մեկ պատերազմ, բռնի հեղափոխության մեկ փորձ և մեկ թավշյա, բայց արդեն հաղթանակած հեղափոխություն: Եվ դեռ հայտնի չէ, թե էլ ինչեր կարող են գալ ԱԱԾ պետի գլխին, չէ՞ որ սա աշխարհի ամենադրամատիկ երկրներից մեկն է:

Առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը, որն ըստ էության պետք է մինչև իշխանության մարմինների վերջնական ձևավորումը կարողանար ժամանակավորապես կայունացներ իրավիճակը, հայտնվել է լուսանցքից այն կողմ և նույնիսկ ՀՀԿ խմբակցության ներսում չի կարողանում միասնության տիրույթ ապահովել:

Այսինքն, ներկայումս Հայաստանը չափազանց վտանգավոր իրավիճակում է հայտնվել և ճգնաժամից միայն մի լուծում կա. ԱԺ ՀՀԿ խմբակցությունը չպետք է տապալի մայիսի 1-ի քվեարկությունը: Դա էլ ավելի է խճճելու իրավիճակը՝ պետությանը առաջնորդելով դեպի նոր արկածախնդրություն: Պարզ չէ, ադյո՞ք ՀՀ-ն կկարողանա ևս մեկ շաբաթ դիմանալ փաստացի անիշխանության և հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտների պարալիզացման պայմաններում: Հնարավոր է և ամեն ինչ փուլ գա: Հույս ունենանք, որ հանրապետական պատգամավորները ողջամտություն կդրսևորեն և իրենք իրենց փորձանքի մեջ չեն գցի: Քանի որ տապալելով քվեարկությունը՝ նրանք կամովին իրենք իրենց կդապարտեն քաղաքական արենայից դուրս մղման:

Ինչպես այսօր տեսանք ՀՀԿ-ն ԱԺ-ում ընդդիմության դեր էր ստանձնել և կարելի է ասել, որ չափազանց արդյունավետ քննարկում ստացվեց։ Ինչպես փողոցում, այնպես էլ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը նորից հաղթող դուրս եկավ ու տպավորությունն այնպիսին է, որ հանրապետականների մի զգալի մասը հակված են քվեարկել Նիկոլի օգտին։ Պառլամենտում վերջին անգամ լուրջ քննարկում ծավալվեր էր 20-25 տարի առաջ։ Փաստորեն ավելի քան երկու տասնամյակ բարձրագույն այդ ամբիոնը ապաքաղաքական, անդեմ, խեղկատակ ու ձևական նշանակություն ունեցող կառույցի կարգավիճակ էր ունեցել։

Ահա և այսօրվա քննարկումից հետո, կարծես թե, բարձրագույն քաղաքական ամբիոնը վերադառնում է մեծ քաղաքականություն։ Ձևավորվում են պառլամենտարիզմի նոր ավանդույթներ, այս անգամ արդեն իսկապես, այլ ոչ թե՝ ձևական։

Ասվածի համատեքստում չեմ կարող չհիշատակել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, որն այս փուլում չափազանց կարևոր դերակատարություն է սատնձնել և իրեն շատ լավ է դրսևորում: Իհարկե չգիտեմ, թե հետագայում նա ինչ դիրքավորմամբ հանդես կգա, բայց հիմա կարծես թե Հայաստանի բարի պապիկը լինի:

Մի փոքր կարելի է խոսել նաև Նիկոլ Փաշինյան գործչի տրամաբանական կերպափոխման մասին։ Կարծես թե հեղափոխականը արդեն իսկ անցյալում է թողել ընդդիմադիրի հախուռն և տաքարյուն տեսակը ու հանդես է գալիս պետական գործչի ծանրակշիռ դիրքերից։ Խոսքը ներքին քաղաքականության մեջ որևէ կտրուկ քայլերի չգնալու և արտաքին քաղաքականության վերաբերյալ չափազանց հավասարակշիռ դատողությունների մասին է։ Անմիջապես զգացվում է, որ Փաշինյանը սկսել է խնդիրները դիտարկել ոչ թե ըննդիմադիրի կարճաժամկետ խոսույթի դիտանկյունից, այլ՝ պետության և ազգային շահի տեսանկյունից։