Ազնավուրը հույս ունի, որ Բաքուն չի խոչընդոտի հետաքննությունների մեխանիզմների ստեղծմանը

Ազնավուրը հույս ունի, որ Բաքուն չի խոչընդոտի հետաքննությունների մեխանիզմների ստեղծմանը
Շվեյցարիայում Հայաստանի դեսպան եւ ՄԱԿ Ժնեւի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել unspecial.org-ին, որտեղ անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Հարցազրույցում անձամբ Ազնավուրը ներկայացվում է որպես աշխարհի թերեւս ամենից հայտնի հայը, երգիչ եւ դիվանագետ, ով իր աստղն ունի Հոլիվուդի աստղային պուրակում եւ համարվում է կենդանի լեգենդ: Ազնավուրն իր մասին բավական համեստ է արտահայտվել, պատմել, որ ծնվել է Փարիզում, ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում: Նա նշել է, որ հայրը` Միշան, վրացահայ է, իսկ մայրը թուրքահայ վաճառականի դուստր: Աշխարհահռչակ շանսոնիեն ասել է, որ Ֆրանսիան իր երկիրն է դարձել եւ դեռ տանը նրանք խոսել են եւ հայերեն, եւ ֆրանսերեն: Ինքն իրեն զգում  է եւ հարյուր տոկոսանոց ֆրանսիացի եւ հարյուր տոկոսանոց հայ:



Երգիչը նկատում է, որ ֆրանսիացիների մոտ հայի ընկալման հարցում ինքը բավական ներդրում է ունեցել իսկ արդեն 1975-ից հետո, երբերգել է «They Fell» երգը, արդեն սկսել են իրեն համարել նաեւ ֆրանսիացի: Կիսվելով հիշողություններով, Ազնավուրը պատմել է, որ մինչեւ անկախացումը Հայաստան մեկ անգամ է գնացել`1964թվականին եւ երկրորդ անգամ էլ արդեն ավերիչ երկրաշարժից հետո`1988-ին, երբ որոշել է ստեղծել «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը,որնէլ այդ մռայլ օրերին շատ հայերի ապրելու եւ ապագայի հույս է տվել: Այնուհետեւ աշխարհահռչակ հայազգի երգիչը պատմել է իր դիվանագիտական գործունեության մասին, նշելով, որ նախ դարձել է Հայաստանի դեսպանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում, իսկ սկսած 2009 թվականից, ստացել է նաեւ Հայաստանի քաղաքացիություն եւ նախագահ Սարգսյանի կողմից առաջարկվել է լինել Հայաստանի դեսպանը Շվեյցարիայում եւ ՄԱԿ Ժնեւի գրասենյակում: Սկզբում տատանվել է մտածելով, թե բարդ կլինի, սակայն հետո արդեն որոշել է ստանձնել եւ կարծես թե իր մոտ ստացվում է: Գալով արդեն ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, Ազնավուրը նկատել է, որ կարեւոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում հետաքննության մեխանիզմներ ձեւավորվեն, եւ  ինքը հույս ունի, որ Ադրբեջանը չի խոչընդոտի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված այս մեխանիզմների հաստատմանը: