Անունը՝ սերնդափոխություն

Անունը՝ սերնդափոխություն
Մոտ ապագայում Հայաստանում սերնդափոխություն իրականացնելու կարիք Սերժ Սարգսյանը չի ունենա, թեպետ կարծում է, թե դա այն հիմնավոր շարժառիթներից է, որ ստիպում է մնալ իշխանության ու շարունակել այդ պատասխանատու «մեծ աշխատանքը»։ Մյուս կողմից՝ ապագա վարչապետը մոռացել է, որ այդ նույն սերնդափոխություն ասվածն իր օրոք եւ, առհասարակ, իր նախորդների կառավարման ժամանակաշրջանում տեղի է ունեցել, այսինքն՝ սերնդափոխություն իրականացել է՝ ըստ բնության անխաթար օրենքների․ ահա, երիտասարդները դարձել են երիտասարդներ, տարեցները հատել են թոշակի սահմանը, մտել ծերության շրջափուլեր։ Իշխանությունն ինքն իրեն տարիներ շարունակ թարմացրել է ՀՀԿ-ական նոր երիտկադրերով՝ բավականին ճարպիկ, խորամանկ, միանգամից մերվող ու յուրացնող ներկուսակցական վարքուբարքը, նիստուկացը՝ գործերն առաջ տանելու մի անօտարելի հմտությամբ։ Եթե Սերժ Սարգսյանը ցանկանում է նոր մարդկանցով համալրել երիտհանրապետականների տխուր բոհեմը, ընդլայնել թիմը, բազմացնել ու զորեղացնել, ապա նման համատեքստում տրամաբանական է նախագահի, ապագա վարչապետի մտահոգության բնույթը։



Նախեւառաջ, նման ժառանգություն թողնելով՝ ինքդ քեզ համար անվտանգության գոտի ես ապահովում, արտադրում ես կանխատեսելի, իմանալի, ղեկավարելի մի սերուցք, որը պարզապես ունակ չէ անակնկալների, զուրկ է մայրական լեզվի դեմ ըմբոստանալու հատկությունից։ Լինում են ժամանակներ, երբ երեսանց սերնդափոխության արդյունքը որեւէ կերպ չի նշմարվում՝ ո՛չ առօրյայում, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ հասարակական կյանքում։ Նրանք, ովքեր ազատորեն լինելու, գործելու, ստեղծելու կենսական տարածություններ այդպես էլ չեն գտնում, հեռանում են, որպեսզի հայտնագործեն դրանք։ Խոսեցրեք դպրոցականներին, ուսանողներին, ապագա սերունդներին․ վերստին շատերի ուշքումիտքը գնալն է, գնալ ամեն գնով, գնալ ու սովորել Արեւմուտքում, գնալ ու միանալ այլ երկրներում ապրող իրենց տարեկիցներին, գնալ ու ազատագրվել հասարակական կապանքներից, անփոփոխ իշխանությունից, գնալ դեպի ավելի բարվոք կյանքը, ավելի լայն հնարավորությունները, հեռանալ, փախցնել երեխաներին մահվան անավարտ սպառնալիքից։



Սարսափելի է, բայց անգամ մահվան մեջ է սերնդափոխություն լինում։ Անցնում են տարիները, տասնամյակները՝ մահվան խարանը հետապնդում է երիտասարդ սերունդներին, կանգնեցնում նրանց ընթացքը՝ վերցնելով, կործանելով ամենաթանկը՝ միակ կյանքը։ Այդ անհետացած, կորած, ջախջախված սերունդների համար հիմնականում ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնում, միշտ ընդունված է ավելի շատ արդարացումներ որոնել՝ պատերազմ, բնական աղետ, զանազան արհավիրքներ, համաճարակներ, կիսասառեցված ռազմական հակամարտություններ, սոցիալական, տնտեսական ծանր պայմաններ եւ այսպես շարունակ։ Այս ամենի առաջին ու գլխավոր պատասխանատուն՝ միատարր իշխանությունը, ամենուր, շարունակ ջանում է վերարտադրվել, գալիք օրերում արտահանել իր ստեղծած կրկնօրինակին եւ դրան կոչել սերնդափոխություն։ Այլ կերպ լինել չի կարող։