Թող դիմեն դատախազություն՝ գան կալանավորեն տանեն

Թող դիմեն դատախազություն՝ գան կալանավորեն տանեն
_Հայաստանը դարձյալ կանգնել է Սեւանից ջուր բաց թողնելու խնդրի կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ վտանգի առաջ։_



Պատճառը ոչ ջրառատ տարին է։ Անձրեւներ չկան, ձյուն չի եկել, որ հիմա ձնհալ լինի։ Ոռոգման սեզոնն էլ մեկնարկել է, ու եթե այսպես շարունակվի, նորից ստիպված են լինելու Սեւանից ջուր բաց թողնել, որ դաշտերը ոռոգեն։ Սա երեկ մեզ հետ զրույցում չբացառեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետը նրան հանձնարարել էր կազմակերպել չշահագործվող խորքային հորերի վերականգնման եւ նորերի հորատման աշխատանքները՝ հաշվի առնելով ջրամբարների ներկայիս պաշարները, որոնք կարող են չբավարարել ոռոգման տեսանկյունից։ Պոմպերով ջուր են հանելու հորերից ու մղելու են դեպի ոռոգման ենթակա հողեր։



«Առայժմ վաղ է դրա մասին ասել, բայց եթե էս տեմպով շարունակվի, ստիպված ենք լինելու դիմել Ազգային ժողով, որպեսզի համաձայնություն տան, որ կարողանանք Սեւանից հավելյալ ջրառ իրականացնել»,- ասաց **Արսեն Հարությունյանը**։ Նա նաեւ նշեց, որ ոռոգման առումով ամենառիսկային մարզը, իրենց գնահատմամբ, Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի այն հատվածներն են, որոնք օգտվում են Ախուրյանի ջրամբարից։ Իսկ Սեւանից բաց թողնվող ջուրը ոռոգելու է Կոտայքի, Արարատի մարզի հողերը, ինչպես նաեւ Արմավիրի մարզերի Էջմիածնի հատվածի ու Արագածոտնի մարզի մի հատվածի հողերը։ Այդ ջրերը հողօգտագործողներին են հասնում Արփա-Սեւան թունելով, որտեղ տեւական ժամանակ է՝ շինաշխատանքներ են իրականացվում։



**- Պարոն Հարությունյան, Սեւանից հավելյալ 100 մլն խմ ջրառն անցյալ տարի մեծ աղմուկ բարձրացրեց, բնապահպաններն ակցիաներ արեցին, բայց չկարողացան դրա դեմն առնել։ Հիմա չե՞ք մտածում, որ նորից նույն խնդրի առաջ կկանգնեք։**



Իհարկե, մտածում ենք, բայց քանի դեռ Սեւանից ջրի բացթողնման հարցը դեռ ակտուալ չէ, դեռ քննարկվում է, դեռ ակնկալիք ունենք, որ սեզոնը կլինի լավ, եւ մենք ջուր կունենանք… նույն բնապահպաններին ես կոչ եմ անում՝ եթե հիմա լավ տարբերակ իրենք գիտեն՝ առանց Սեւանից ջուր բաց թողնելու, որով մենք կկարողանանք իրականացնել ջրառն այդ տարածքներում ջրի համար, մենք բաց ենք եւ պատրաստ ենք քննարկել եւ այդ լավ խորհուրդները հաշվի առնել։



**- Իրենք այն ժամանակ խորհուրդներ տալիս էին, որոնք, ըստ էության, չլսեց կառավարությունը։**



Կառավարությունը լսել է… խորհուրդները, որոնք տրվել էին, իրականության հետ չհամապատասխանող խորհուրդներ էին։ Խոսքը գնում էր ներդրումների մասին, մենք իրականացնում ենք այդ ներդրումները կորուստների նվազեցման ուղղությամբ, եւ էն հատվածներում, որտեղ մենք ներդրումային ծրագրերով իրականացրել ենք վերականգնողական աշխատանքներ, այդ հատվածներում մեր կորուստները նվազեցվել են։



**- Բնապահպանության նախարարը մեզ ասել էր, որ ջրառի հետեւանքով Սեւանի մակարդակն իջել է 4 սմ-ով։ Հիմա այդ մակարդակն ինչ-որ չափով վերականգնվե՞լ է, եւ եթե մենք նորից ջրառ ունենանք, դա որքանո՞վ կազդի Սեւանի մակարդակի վրա։**



Տեսեք ոնց է։ Արփա-Սեւան թունելում շինարարություն է իրականացվում, եւ ամեն տարի ապրիլ ամսվա կեսերից շինարարը դուրս է գալիս, որպեսզի կարողանանք ջուրը բաց թողնենք եւ ապահովենք Սեւանում հավելյալ ջրաքանակ։ Այս տարի արդեն իսկ վաղվանից շինարարը դուրս է գալիս, մենք մոտ 20-25 օր ավելի շուտ ենք Վայոց Ձորից ջուրն ուղղում դեպի Սեւան, որպեսզի կարողանանք այդ հարցը մեղմել։ Այս պահի դրությամբ տարբերությունը Սեւանից նույնպես 4 սմ է, բայց պետք է հաշվի առնել, որ նախորդ տարի էլ էս փուլում արդեն սկսել էր Սեւանի մակարդակը բարձրանալ, բայց այս պահին, նախորդ տարվան զուգահեռ, բարձրանում է։ Դեֆիցիտը դեռ չենք կարողացել փակել, եւ Սեւանից հավելյալ ջուր բացթողումը, պարզ է, որ կարող է եւ ազդեցություն ունենալ, եթե ջրառատ տարի չլինի։



**- Այդ Ձեր ասած այլընտրանքային տարբերակը, ի դեպ, բնապահպանները նշում էին։ Մասնավորապես, ես անդրադարձել եմ այդ թեմային, որ նույն Արփա-Սեւանի միջոցով ոռոգում են մասնավոր բիզնեսի դաշտերը կամ ՀԷԿ-երը, որոնք հսկայական քանակի ջուր են խլում։**



Չհիմնավորված բան եք ասում, չհիմնավորված։ Անհիմն ասեկոսեներ են։ Շինարարության ընթացքում Սեւան ջուրը չի լցվում, որովհետեւ էդ թունելը մենք պետք է ավարտենք, որը մենք հաջորդ տարի ավարտելու ենք, պարզ է՝ էդ արանքում էդ ջուրը բաց է թողնվում, էնտեղ գործող ՀԷԿ-երը հավելյալ էլեկտրաէներգիա են արտադրում։ Իսկ որ մասնավորի հողեր են ոռոգվում, մասնավորի ՀԷԿ-երն են աշխատում, չկա տենց բան։



**- Դուք լիարժեք բացառո՞ւմ եք, որ որեւէ մեկը կա՛մ կոռուպցիոն սխեմայով, կա՛մ որեւէ այլ տարբերակով կարող է հավելյալ օգտվել այդ ջրերից։**



Այո, բացառում եմ։ Եթե ինչ-որ մեկը կոռուպցիոն ինչ-որ մեխանիզմ գիտի, եւ Դուք դրա մասին տեղյակ եք, դիմեք դատախազություն, թող գան կալանավորեն-տանեն էդ մարդկանց։ Ջրային կոմիտեն ըտեղ ի՞նչ ունի անելու։ Կամ՝ բնապահպաններն ինչի՞ են Ջրային կոմիտեին դիմում կամ լրագրողներին, թող դիմեն դատախազություն՝ գան կալանավորեն տանեն։



**- Իսկ ի՞նչ գիտեք, որ չեն դիմել, եւ ո՞վ գիտի, թե ինչ հիմքերով են մերժել։ Մենք գիտենք, չէ՞, մեր երկրում ինչ հիմքերով կարող է դատախազությունը մերժել կամ բավարարել։ Կամ դուք չե՞ք կարող այդ վերահսկողությունն իրականացնել ու պարզել՝ ջրային ռեսուրսների վատնում կա՞, թե՞ ոչ։**



Չէ, չենք կարող։ Մենք վերահսկողություն իրականացնում ենք, ասում ենք՝ նման բան չկա։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**