Նախկին նախարարը որոշել է դադարեցնել քաղաքացու բիզնես-գործունեությունը

Նախկին նախարարը որոշել է դադարեցնել քաղաքացու բիզնես-գործունեությունը
Լեոյի 48 հասցեում կառուցվում է նոր բազմապրոֆիլ շինություն։ Դատարանի որոշմամբ շենքի շինարարությունը կասեցվել է։ Շենքի սեփականատեր Կարեն Նահապետյանը վերոնշյալ հասցեում 2017 թվականին հողատարածք է գնել, դիմել է Երեւանի քաղաքապետարան, նախագիծ է ներկայացրել, որը որոշ ձեւափոխումներից հետո հաստատվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից։ Կարեն Նահապետյանը գերմանական կազմակերպությունների կողմից՝ փոքր ու միջին բիզնեսի աջակցման ծրագրի շրջանակներում, որոշել է բազմապրոֆիլ կառույց ստեղծել, որի ստորգետնյա հարկերն օգտագործվելու են կոմերցիոն նպատակներով՝ ավտոկայանատեղի եւ այլն, իսկ հողի մակարդակից վերեւ գտնվող հատվածը կարող է նաեւ որպես բնակելի օգտագործվել։ Նա ասում է, որ շենքի կառուցման դեպքում կստեղծվի նվազագույնը 80 նոր աշխատատեղ։



Շինարարության համար անհրաժեշտ դրամական միջոցներ ապահովելու նպատակով Նահապետյանը գրավադրել է իր ու մոր բնակարանը, այն հողատարածքը, որի վրա 2017-ի օգոստոսից սկսել է կառուցել շինությունը։ Բայց, պարզվում է, Կարեն Նահապետյանը «սխալ» տեղ է ընտրել բիզնես դնելու համար։ Ի դժբախտություն նրա, հարեւան՝ Լեոյի 52/8 հասցեում է գտնվում «Քաղաքից դուրս» ռեստորանը, որը պատկանում է 2008 թվականին ծնված Ալեքսանդր Մանուկյանին՝ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի որդուն։ Այսինքն՝ ռեստորանի սեփականատերը Հովհաննես Մանուկյանն է, ով առաջին իսկ օրվանից սկսել է պայքարել Նահապետյանի ու նրա մտադրության դեմ։



Նա նախ զգուշացրել է Նահապետյանին, որ շինհրապարակի աղմուկը խանգարում է իրեն։ Նահապետյանը ներողություն է խնդրել աղմուկի համար եւ դադարեցրել տրակտորի աշխատանքը։ Հետո Հովհաննես Մանուկյանի փաստաբան Դավիթ Վարդանյանն է նամակ ուղարկել Նահապետյանին՝ նշելով, թե շենքի շինարարությունը ոտնահարում է իր վստահորդի շահերը․



«Նամակը դեկտեմբերի 6-ին է եկել, ու, ընդ որում՝ նամակի մեջ արծարծվում է «մեր վստահորդի շահերը» տերմինը, բայց թե վստահորդը ով է, նամակի մեջ նշված չէ, ոչ էլ լիազորագիր է կցված։ Մենք պատասխան գրություն ենք ուղարկել իրենց, որտեղ խնդրել ենք նախեւառաջ ներկայանալ, թե ում շահերն են իրենք ներկայացնում, շինարարությունն ում շահերն է ոտնահարում։ Մոտավորապես 1 շաբաթ հետո մեզ ուղարկեցին գրություն՝ կցելով լիազորագիր՝ տրված Ալեքսանդր Մանուկյանի օրինական ներկայացուցիչ Հովհաննես Մանուկյանի անունից՝ որպես Լեոյի 52/8 տարածքի սեփականատեր։ Մենք կապվել ենք փաստաբանների հետ։ Առաջարկել եմ, որ եթե իրենք գտնում են, որ խախտում կա, գրավոր ներկայացնեն, թե ինչ խախտումներ են, որպեսզի մենք իրավաբանների եւ մասնագետների հետ փորձենք քննարկել, որովհետեւ դա քաղաքաշինական ոլորտ է եւ մասնագիտական գիտելիքներ է պահանջում։ Մեր մասնագետների հետ քննարկենք, այնուհետ նստենք կլոր սեղանի շուրջ, հասկանանք՝ խնդիրը որն է, եւ եթե այն կա, փորձենք բանակցությունների միջոցով լուծում տալ։ Պատասխան այդպես էլ չստացանք։ Իսկ նոր տարուց հետո մենք ստացանք փաստաթղթեր, որ գործն արդեն դատարանում է»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Նահապետյանի փաստաբան Իրինա Մանուկյանը։



Դատարան ուղարկված նյութերից արդեն հասկացվել է՝ Հովհաննես Մանուկյանը կարծում է, որ խախտվել է երկու շինությունների միջեւ գտնվող թույլատրելի հեռավորությունը՝ 8 մետրը, եւ ընդդեմ թույլտվություն տվող Երեւանի քաղաքապետարանի, հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ շինթույլտվությունը կասեցնելու պահանջով։ Բացի այդ՝ Դավիթ Վարդանյանը հայցի ապահովման միջնորդություն է ներկայացրել դատարան՝ շինարարությունը դադարեցնելու պահանջով, որը եւ դատարանը բավարարել է։



Կարեն Նահապետյանը պնդում է, որ 8 մետր հեռավորությունը շենքերի միջեւ վերաբերում է շինության վերգետնյա հատվածին, ինչը պահպանված է, բացի այդ՝ շինությունների իրար նայող արտաքին պատերին չպետք է լինեն բացվածքներ․ քանի որ ռեստորանի շինությունն ունեցել է բացվածք համարվող պատուհաններ, իրենք այդ շենքին նայող պատին բացվածքներ չեն թողել, այսինքն՝ պահել են հակահրդեհային անվտանգության պահանջները։ Նրա խոսքով՝ կառուցվող շինությունը որեւէ կերպ չի կարող խախտել Հովհաննես Մանուկյանի իրավունքները, քանի որ շինությունը կառուցվում է քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծի շրջանակներում եւ իր հողատարածքում։ Բացի այդ՝ մինչ օրս որեւէ հստակ պատասխան չեն ստացել, թե կոնկրետ ինչ իրավունք են խախտում։ «Այդ տարածքում աղբանոց է եղել։ Նախագիծը ներկայացրել եմ քաղաքապետարան, քաղաքապետարանի պահանջով նախագծի մեջ ձեւափոխումներ եմ արել։ Ի վերջո՝ թույլտվությունն ստացել եմ, շինարարություն եմ կատարել։ Ներկայումս արդեն խոշոր չափի ներդրումներ են կատարված, տունս ու հողատարածքս եմ գրավ դրել։ Դատարանը շինարարությունը կասեցնելու միջնորդությունը բավարարել է։ Հաշվի առնելով մեր դատարանների ծանրաբեռնվածությունը՝ գործը կարող է մի 6 տարի մնալ դատարանում։ Դրանից հետո էլ այդ բիզնես-պլանը ոչ ոքի հետաքրքիր չի լինի։ Բացի այդ, բանկն ինձ վարկ է տվել կոնկրետ պայմաններով, ու եթե ես չկատարեմ իմ վարկային պարտավորությունները, բանկը կպահանջի վաղաժամ վարկի մարում, բացի այդ՝ գույքս կառգրավվի։ Ես եվրոպացիներին ի՞նչ պատասխան պիտի տամ»,- ասաց Կարեն Նահապետյանը։



Ի վերջո, որտե՞ղ են խախտվում Հովհաննես Մանուկյանի շահերը։ Հասկանալու համար խոսեցինք Մանուկյանի փաստաբան **Դավիթ Վարդանյանի** հետ։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ կան փաստեր, որոնք դեռ չի ցանկանում հրապարակել, քանի որ պատասխանող կողմը տեղյակ չէ դրանից, եւ դա մարտավարական գաղտնիք է, բայց, այնուամենայնիվ, ասաց, որ պատասխանող կողմի դիրքորոշման հետ համաձայն չէ․ «Բնականաբար, մեր դիրքորոշումն այլ է, մեզ մոտ կա մասնագիտական եզրակացություն։ Մյուս կողմը նման առարկություն ներկայացրել է, որ պետք է վերգետնյա հարկերն այլ մակարդակից հաշվել, ու հիմա ես ինչ ինֆորմացիա էլ Ձեզ տամ, մյուս կողմը դեռեւս չգիտի։ Դա է պատճառը, որ մենք չենք ուզում մանրամասնել։ Բայց երբ ինֆորմացիան բաց լինի, մենք ցանկացած մեկնաբանություն կարող ենք տալ»։



**- Դուք նամակ եք ուղարկել, որտեղ տեղեկացրել եք, որ Ձեր վստահորդի շահերը ոտնահարվում են։ Կարեն Նահապետյանի լիազորված անձ Իրինա Մանուկյանն առաջարկել է Ձեզ հանդիպել, քննարկել։ Դուք մերժել եք, հետո տեղեկացրել, որ դիմել եք դատարան։ Ինչո՞ւ եք մերժել քննարկելու, բանակցությունների ճանապարհով հարցը լուծելու առաջարկը։**



Իրականում իրավիճակն ուրիշ կերպ է եղել, էն մարդը, ով իրենց հետ կապ է հաստատել հայցադիմումից, եթե չեմ սխալվում մի քանի շաբաթ առաջ, դա մենք ենք եղել։ Այսինքն՝ մենք իրենց դիմում ենք ներկայացրել, որ եկեք քննարկենք, իրավիճակը հասկանանք, քանի որ երկու կողմերի հետ է վեճը լինելու, միգուցե դատարան մտնելու կարիք չլինի։



**- Այսինքն՝ դո՞ւք եք առաջարկել հանդիպում ունենալ։**



Այո, մենք ենք առաջարկել, մեր նախաձեռնությունն է եղել, մյուս կողմի փաստաբանը, բնականաբար, այնպես չի եղել, որ մերժել է, բայց պարբերաբար մի քանի կապերից հետո իրենց կողմից որեւէ օր, որեւէ դեպք չի եղել, որ իրենք գան հաշտության առաջարկով կամ գործի առնչությամբ քննարկում կատարեն։ Ավելին ասեմ՝ երբ որ մենք հայցը ներկայացրել ենք, կաշկանդված ենք եղել դատավարական ժամկետներով, այսինքն՝ մենք չէինք կարող ավելի երկար սպասել, քան մեզ թույլ էին տալիս դատավարական ժամկետները, տվյալ դեպքում մենք հայց ներկայացնելու իրավունքից զրկվում ենք։ Դա օրենքի տեսանկյունից, բնականաբար, անթույլատրելի կլիներ։ Դա նշանակում է, որ անգամ հայցը ներկայացնելուց հետո մենք միշտ պատրաստ ենք եղել քննարկումները շարունակելու, որովհետեւ հաշտությունը ցանկացած գործում նշանակություն ունի, բայց, մյուս կողմից, մինչ օրս ոչ միայն նման քայլ չի կատարվել, այլեւ շինարարությունը շարունակվում է։ Հայցի ապահովումներ են կատարվել, իրենց արգելվել է շինարարության կատարումը, անգամ Երեւանի քաղաքապետարանն արձանագրություն է կազմել, որ ապօրինի շինարարություն է կատարվում։ Եվ ես Ձեզ՝ որպես անկախ լրագրողի, պատրաստ եմ տրամադրել փաստաթղթեր, որ իրենք ոչ միայն մեզ հետ հաշտության չեն գալիս, այլեւ խախտում են 2 հատ դատական ակտ՝ մեկը վարչական դատարանի, մյուսը՝ քաղաքացիական, Երեւանի քաղաքապետի որոշումը, որ շինարարությունը կասեցված է, ու ԴԱՀԿ որոշումը, որ շինարարությունը կասեցված է ու չպետք է շարունակվի։ 4 պետական ակտի խախտման հետ կապված՝ ես Ձեզ կարող եմ մանրամասն տրամադրել այդ տեղեկատվությունը։ Ինչի համար եմ ես դա շեշտում, որովհետեւ, եթե մյուս կողմը փորձում է իր դիրքորոշումն այնպես կառուցել, որ ինքը միշտ փորձել է մեզ հետ հաշտության գնալ, ապա սա ցույց է տալիս, որ մյուս կողմն անբարեխիղճ է գործում։



**- Պարոն Վարդանյան, մեր ձեռքի տակ 2 նամակի պատճենը կա՝ մեկն ուղղված Ձեզ, մյուսը՝ Ձեր գործընկեր Նորայր Յուզբաշյանին։ Հեղինակը փաստաբան Իրինա Մանուկյանն է։ Նա Ձեզ կոչ է անում ոլորտի մասնագետների հետ հանդիպել եւ քննարկել, սակայն, իր պնդմամբ, Դուք այդ նամակներին չեք պատասխանել։**



Մենք էլ նամակներ ունենք։ Մենք էլ կարող ենք մեր նամակները ցույց տալ, որ իրենց ենք ուղարկել, բայց արձագանք չունենք։ Այսինքն՝ դա ի՞նչ է նշանակում։ Նամակները սկզբնական գործողություն են, դրանից հետո պետք է լինի գործողություն, որը պարտադիր չէ, որ նամակով լինի։ Մենք կարող ենք ցույց տալ, որ մենք ենք նախաձեռնել եւ այլն, բայց հանդիպման համար կամք է անհրաժեշտ, որը որ տեղի չի ունեցել։ Բայց մենք մինչ օրս ոչ մի գործով քննարկումները չենք բացառել։



**ՀԳ․** _Հավելենք, որ Կարեն Նահապետյանը բողոքարկել է դատարանի կողմից Վարդանյանի միջնորդության բավարարման որոշումը՝ կապված շինարարության դադարեցման հետ, վճռաբեկ դատարանն իր որոշումը կհայտնի մարտի 14-ին։_



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**