«Արմենիկումը» դադարեցրել է պետպատվերի սպասարկումը

«Արմենիկումը» դադարեցրել է պետպատվերի սպասարկումը
Մայիսի 1-ից «Արմենիկում կլինիկական կենտրոն» ՓԲԸ-ի գործունեության դադարեցման մասին հավաստի աղբյուրներից մեզ տեղեկություն էր հասել, ինչը, սակայն, արդեն մի քանի օր է՝ կենտրոնի տնօրինությունից պաշտոնապես ճշտել չի հաջողվում: Կենտրոնի տնօրեն Լեւոն Գեւորգյանը, նկատենք, առանձնապես չի սիրում շփվել լրագրողների հետ: Երեկ մեզ հաջողվեց զրուցել կլինիկայի գլխավոր բժիշկ Հ. Իսրայելյանի հետ, ով մեզ հայտնեց, որ կլինիկայի փակման, լուծարման գործընթացի մասին իրենց՝ աշխատակիցներին, որեւէ բան հայտնի չէ: «Մենք այս պահին աշխատում ենք»,- ասաց նա:



Նաեւ նշեց, որ տնօրենն իրենց ընդամենը հայտնել է, որ պետպատվերի շրջանակներում մինչեւ այս տարվա մայիսի 1-ը սպասարկում չի իրականացվելու: Թե ինչն է պետպատվերի դադարեցման պատճառը՝ Իսրայելյանը դժվարացավ ասել, առաջարկելով դիմել առողջապահության նախարարություն: Հնարավո՞ր է, որ մայիսի 1-ից կրկին սպասարկումն իրականացվի՝ հարցրինք բժշկին: «Գուցե, ես չեմ կարող ասել, այսպիսի անորոշ վիճակ է»,- արձագանքեց նա: Մենք այս հարցով երեկ դիմեցինք առողջապահության նախարարություն, որտեղ խոստացան ճշտել տեղեկությունն ու հայտնել: Սակայն աշխատանքային օրվա վերջում տեղեկացրին՝ հարցը գրավոր ուղարկեք:



Նշենք, որ «Արմենիկումի» մուտքը հայկական շուկա ազդարարվեց 1998-ին` խոստանալով հեղափոխություն մտցնել միջազգային դեղագործական աշխարհում: Անցել է արդեն 20 տարի, սակայն ոչ միայն միջազգային հանրությունը, այլեւ հայ հասարակությունը հստակ չգիտի, թե, ի վերջո, ինչ դեղամիջոց է այն եւ բուժո՞ւմ է արդյոք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը: Նկատենք, որ «Արմենիկումը» համարվում է որպես հզոր իմունոստիմուլային դեղամիջոց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման համար, գրանցված է մի շարք երկրներում: Սակայն այն որպես ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ դեղամիջոց չի գրանցվել, որովհետեւ նախնական հետազոտություններով չի հաստատվել այդ փաստը:



Նշենք, որ, ըստ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների, 1988-ից մինչեւ 2018թ. հունվարի 31-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2 հազար 931 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 23-ը` 2018թ. ընթացքում:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**