Մարտի 8-ը ճոխ են նշելու

Մարտի 8-ը ճոխ են նշելու
Մարտի 8-ին նվիրված միջոցառումները նշելը, պարզվում է, լրացուցիչ բեռ են դառնում համայնքային բյուջեների համար: Մասնավորապես՝ Արարատի մարզի Վեդի քաղաքի մշակույթի տանը կանանց միջազգային օրը պատշաճ կերպով կազմակերպելու, ինչպես նաեւ նվերներ եւ ծաղիկներ նվիրելու համար համայնքի ղեկավար Վարուժան Բարսեղյանի որոշմամբ 560 հազար դրամ է հատկացվել: Նույն մարզի մեկ այլ քաղաքում՝ Մասիսում, որոշել են մարտի 8-ն ավելի ճոխ նշել:



Համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն էլ համայնքային բյուջեից հատկացրել է 900 հազար դրամ: Թե մասնավորապես ինչպես պետք է ծախսվի այդ գումարը՝ նշված չէ համայնքի ղեկավարի որոշման մեջ: Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանն էլ տոնից մեկ օր առաջ զոհված ազատամարտիկների կանանց ու մայրերին հանդիպել է քաղաքապետարանում, նրանց շնորհավորել ու տոնական նվերներ փոխանցել:



Իսկ, ահա, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարը որոշել է կանանց տոնի առթիվ պարգեւատրել օրվա «մեղավորներին»՝ 2 միլիոն 220 հազար դրամ հատկացնելով համայնքապետարանի աշխատակազմում եւ համայնքային ենթակայության կազմակերպություններում աշխատող կանանց: