Վաշինգտոնից հղվող զգուշացում Ադրբեջանի՞ն

Վաշինգտոնից հղվող զգուշացում Ադրբեջանի՞ն
Անցյալ հինգշաբթի՝ մարտի 1-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից ասացին, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը` Էնդրյու Շոֆերը, պատրաստակամություն է հայտնել հայաստանյան լրագրողի մի քանի հարցերի պատասխանելու: Այնպես որ, եթե ցանկություն ունեմ հարցեր տալու, կարող եմ մի քանի հարց ուղարկել:



Հայտնի է, որ դիվանագետները հարցազրույց հաճախ տալիս են ավելի որոշակի հայտարարություններ հնչեցնելու, քան կոնկրետ հարցերի պատասխանելու համար: Հետեւաբար, եթե Մինսկի խմբի համանախագահը պատրաստակամություն էր հայտնել Վաշինգտոնից Երեւան գրավոր հարցազրույց տալու, համարյա անկասկած՝ ինչ-որ հայտարարություն ուներ հնչեցնելու: Հարցերը նույն օրն ուղարկեցի:



Շոֆերի պատասխանները դեսպանատանը ստացվել էին եւ ինձ փոխանցվեցին մարտի 6-ին: Դրանց ծանոթանալուց հետո իմ տպավորությունն այն էր, որ այս հարցազրույցը տրվում է ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու անհանդուրժելիությունն ու անհնարինությունը հնչեցնելու համար: Թե ինչու է ներկա պահին ԱՄՆ համանախագահն անհրաժեշտ նկատել դա հարցազրույցով ընդգծել, չեմ կարող կռահել: Ամեն պարագայում, հարցերը եւ պատասխանները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:



**- Որքան ես եմ հիշում, միշտ ասվում եւ կրկնվում է, թե ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի երեք հիմնարար` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Ուժի չկիրառման մասով ամեն ինչ հասկանալի է, բայց, իմ տպավորությամբ, հայկական եւ ադրբեջանական կողմերում մեծ անհամապատասխանություն կա մյուս երկու սկզբունքների մեկնաբանության եւ կիրառման առնչությամբ: Մինսկի խմբի համանախագահներն ինչպե՞ս են տեսնում տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների համատեղումը մեկ ընդհանուր որոշման մեջ` ԼՂ հակամարտության հարցում:**



-Մեր երկարատեւ դիրքորոշումը, որը կիսում են նաեւ Մինսկի խմբի համանախագահները եւ Մինսկի խմբի այլ անդամ-երկրներ, եղել եւ մնում է այն, որ արդարացի եւ տեւական հանգուցալուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկիի եզրափակիչ փաստաթուղթը, եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների ու ինքնորոշման հիմնարար սկզբունքները: Միացյալ Նահանգները, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակում է կատարելապես հանձնառու լինել կողմերի հետ տարվող աշխատանքին` խաղաղ բանակցություններով հանգուցալուծում գտնելու ուղղությամբ, եւ վստահաբար հավատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում: Գործընթացը դրական ուղղությամբ առաջ տանելու համար պահանջվում է հակամարտության կողմերի, համանախագահների եւ միջազգային հանրության անկեղծ ջանքերի ներդրում եւ վերջնահաշվում որոշ շատ դժվարին որոշումների կայացում` բոլոր կողմերից:



**- 2016-ի ապրիլին, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում իրադրության լուրջ վատթարացումից հետո, որոշ հանդիպումներ կայացան ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների, նախագահների միջեւ, բայց հայաստանյան իշխանությունները շարունակաբար կրկնում են, թե Ադրբեջանը Ժնեւում, Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ստանձնած իր պարտավորությունները` լարվածությունը թուլացնելու, անվտանգության վերահսկման համակարգեր ներդնելու եւ այլնի ուղղությամբ չի կատարում: Արդյո՞ք հայկական կողմի պնդումները ճիշտ են: Եթե` այո, ապա համանախագահող երկրներն ինչպե՞ս կարող են հարկադրել Ադրբեջանին՝ հարգելու իր պարտավորությունները:**



-Ես Ձեզ կպատասխանեի՝ հղում կատարելով Մինսկի խմբի համանախագահների փետրվարի 11-ի հայտարարությանը, որը կողմերին կոչ է անում հարգել 2017-ի հոկտեմբերին Ժնեւի գագաթնաժողովում ստանձնած պարտավորությունները, քայլեր ձեռնարկել բանակցություններն ակտիվացնելու ուղղությամբ եւ կրճատել լարվածությունը շփման գծում: Մենք կշարունակենք աշխատել կողմերի հետ այս հանձնառությունները կյանքի կոչելու ուղղությամբ։



**- Համաձայն Wikileaks-ի տարիներ առաջ հրապարակած մի կաբելի, նախագահ Իլհամ Ալիեւն արեւմտյան մի դիվանագետի ասել էր, թե Միխայիլ Սահակաշվիլին (այն ժամանակ Վրաստանի նախագահ) կարող է հիմարություններ ասել, սակայն այդքան ապուշ չէ, որ հիմարություններ անի: Կարծում եմ՝ Ալիեւի ասույթը կարող է հաջողությամբ բնորոշել նաեւ իր բարձրաձայնած անմտությունը` Երեւանը ետ գրավելու եւ մնացյալի մասին: Արդյո՞ք ես ճիշտ եմ: Ձեր կարծիքով, Ալիեւի անմտությունն արժանի է ծիծաղել-անտեսելո՞ւ, թե՞ դա ռազմաշունչ հռետորաբանություն է, որին պետք է ընդդիմանալ եւ դատապարտել, ինչպես նախագահ Սարգսյանն է կոչ անում։**



-Ակներեւաբար, մենք Wikileaks-ի տեղեկություններ չենք մեկնաբանում: Սակայն տարածաշրջանում տիրող իրադրության առնչությամբ ես նորից հղում կանեի Մինսկի խմբի համանախագահների փետրվարի 11-ի հայտարարությանը, որը կողմերին հորդորում էր ձեռնպահ մնալ հրահրող հայտարարություններից եւ սադրիչ քայլերից:



**- Ձեր թույլտվությամբ իմ վերջին հարցը, որը շուրջ մեկ տարի առաջ ես առիթ եմ ունեցել ուղղելու նաեւ Մեթյու Բրայզային: Գիտեք, ինձ վաղուց թվում է, որ նախագահ Ալիեւի վերջնահաշվարկն ու նպատակը Հայաստանին վնասելն է, իսկ ԼՂ խնդիրը միջոց է, որ փայլուն սպասարկում է այդ նպատակը: Այնքան, որքան այդ միջոցը գործում եւ արդյունք է տալիս` ի դեմս շրջափակման, Թուրքիայի հետ սահմանի չբացվելու եւ այլն, Ալիեւը դրանից չի հրաժարվի: Դուք կհամաձայնե՞ք ինձ հետ. եթե ոչ` ինչո՞ւ:**



-Որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, Միացյալ Նահանգները հանձնառու են օգնելու կողմերին, որպեսզի նրանք խաղաղ լուծում գտնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:



**Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ**