Անջատողականությունը որպես շղթայական ռեակցիա. I

Անջատողականությունը որպես շղթայական ռեակցիա. I
Ինչ ընդհանրություններ կան Կոսովոյի, Ղրիմի, Կատալոնիայի, Չեչնիայի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Մերձդնեստրիայի, Հունգարիայի, Շոտլանդիայի, Իրաքում, Սիրիայում եւ Թուրքիայում գտնվող քրդաբնակ տարածքների միջեւ: Սառը պատերազմի ավարտից հետո այս տարածքներից յուրաքանչյուրը փորձ է արել առանձնանալ, փոփոխել ազգային սահմանները: Ուկրաինայում, Վրաստանում եւ Հարավսլավիայում անջատողականները կիրառեցին բռնությունը ազգային սահմանների փոփոխությունների համար` օգտագործելով արտաքին ուժերի` Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջամտությունը:



Մնացած դեպքերում պարագաներն ու պատմական համատեքստը խիստ տարբերվող են: Չորս տասնամյակ շարունակ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ առճակատման մեջ անջատողական փորձերը այնքան էլ շատ չեն եղել, իսկ եղած փորձերն էլ քիչ հնարավորություն են ունեցել տեւական հաջողություն ունենալու, քանի որ չեն ունեցել երկու ուժային կենտրոնների` ԱՄՆ եւ ԽՍՀՄ, ինչպես նաեւ մյուս այն պետությունների աջակցությունը, որոնք վետոի իրավունք ունեն ՄԱԿ ԱԽ-ում: Խոսքը Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Չինաստանի մասին է:



Բացի այդ, ՄԱԿ անդամ պետություններում չկար միասնական մոտեցում կասկածի տակ դնելու ՄԱԿ Կանոնադրությամբ ամրագրված երեք հիմնական սկզբունքները, որոնք ֆիքսվեցին 1945 թվականին: Կանոնադրությունը սկսվում է, իհարկե, «Մենք ժողովուրդներս … » կապակցությամբ, սակայն իրականում արդեն հետագա տեքստից պարզ է դառնում, որ ազգային պետությունն է սահմանվում որպես միջազգային իրավունքի սուբյեկտ եւ ՄԱԿ անդամ, ընդգծելով ինքնիշխանությունն ու հավասարությունը, քաղաքական կարգի, սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության սկզբունքները եւ սահմանելով, որ արգելվում է այլ պետությունների ներքին գործերին միջամտումը:



Այսպես, իգբո ժողովրդի կողմից ստեղծված Բիաֆրա պետությունը 1970-ական թթ, որը գտնվում էր Նիգերիայի հարավ-արեւելքում, աջակցություն չստացավ միջազգային հանրության կողմից եւ չորս տարի տեւած արյունալի պատերազմից հետո վերացվեց:



Էրիթրեան Եթովպիայից անկախացավ միայն 1993 թվականին` 30 տարի տեւած արյունահեղ պատերազմից հետո: Սրան հակառակ, Սոմալիլենդը, որը 1991-ին իրեն անկախ հայտարարեց Սոմալիից, նախկինի նման ճանաչված է համարվում միայն երեք աֆրիկյան պետությունների կողմից:



Բոլոր այս օրինակներում էլ անջատողականները հիմնվում էին ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, որը սահմանված է ՄԱԿ Կանոնադրությամբ, սակայն չկա ոչ իրացման ընթացակարգը ոչ էլ մնացյալ հիմնարար սկզբունքների հետ հնարավոր բախումների լուծումների մասին որեւէ ցուցում:



Սա իր հերթին հիմքեր տվեց,որպեսզի Սառը պատերազմի ավարտից հետո ԵՄ-ն այդ իրավունքը կիրառի ընտրողաբար եւ ճանաչի Սլովենիան, Խորվաթիան եւ Բոսիա-Հերցեգովինան, որպես անկախ պետություններ, որոնք դուրս էին եկել Հարավսլավիայի կազմից: Այս ընտրողական վերաբերմունքը քաջալերվում էր հատկապես Գերմանիայի կողմից չնայած, որ ճանաչումները իրականացվում էին առանց հարավսլավական կենտրոնական կառավարության հետ համաձայնեցման, անտեսելով նաեւ ՄԱԿ այն ժամանակվա Գլխավոր քարտուղար Խավյեր Պերես դե Կուելյարի խիստ նախազգուշացումները:



Այդպես ըստ էության բացվեց Պանդորայի արկղիկը, որով սկսվեց ազգային պետությունների սահմանների բարձիթողի փոփոխությունները:



Ութ տարի անց ՆԱՏՕ-ն ստեղծեց պայմաններ, որպեսզի Սերբիայի հետ ագրեսիվ պատերազմով Կոսովոն անկախանա, խախտելով միջազգային իրավունքը: Համաձայն ՄԱԿ Միջազգային դատարանի 2010 թվականի որոշման, Կոսովոյի անկախության հռչակումն ինքնին միջազգային իրավունքի խախտում չորակվեց, սակայն եւ Միջազգային դատարանը որեւէ հայտարարություն չարեց Կոսովոյի կարգավիճակի առնչությամբ: Արդյունքում, ՄԱԿ անդամ 193 պետություններից Կոսովոն ճանաչեց միայն 103 պետություն, իսկ ԵՄ անդամ 28 պետությունից միայն 23 պետություն: Սա առիթ տվեց, որպեսզի բոսնիացի սերբերը հայտարարեն, որ իրենց ստեղծած Սերբական հանրապետությունը դուրս գա Բոսիա-Հերցեգովինայի կազմից եւ միանա Սերբիային:



/շարունակելի/



**Անդրեաս Ցումախ**



[The Secutity Times](http://www.the-security-times.com/all-border-changes-in-europe-since-1990-have-violated-international-treaties/)