Սիրիայում զինապահեստի պայթյունից 15 ռուս վարձկաններ են զոհվել. The Guardian

Սիրիայում զինապահեստի պայթյունից 15 ռուս վարձկաններ են զոհվել. The Guardian
Սիրիայի Դեյր էզ Զոր նահանգի Թաբիա Ջազիրա բնակավայրում զինամթերքի պահեստում պայթյունի հետևանքով 15 ռուսաստանցի է զոհվել, ինչպես նաև Բաշար աԱսադի կառավարության նկատմամբ լոյալ կազմակերպություններից մեկի 8 անդամներ, հաղորդում է The Guardian-ը` հղում կատարելով Մեծ Բրիտանիայում մարդու իրավունքների մշտադիտարկման կազմակերպությանը (SOHR):



Նշվում է, որ ռուսաստանցիները պայմանագրային հիմունքներով զինծառայողներ են:



Պարբերականի փոխանցմամբ` զինապահեստը պայթեցվել է հենց այն պահին, երբ Սիրիայի կառավարական ուժերին սատարող ստորաբաժանման անդամները փորձել են զենք և զինամթերք ստանալ:



Չնայած ստացվող տեղեկություններին` Սիրիայում բազմաթիվ ռուսաստանցիների զոհվելու և վիրավորվելու մասին, Կրեմլը որևէ հայտարարություն չի արել այդ կապակցությամբ, ավելին, նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որևէ հրահանգ չի տվել գաղտնի պահել այդ, «իբր բազմաթիվ զոհերի և վիրավորների մասին» տեղեկությունները: ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը միևնույն ժամանակ նշել է, որ Ռուսաստանն իր քաղաքացիներին չի արգելում մասնավոր հարցերով մեկնել Սիրիա:



Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հարվածներից, որոնք ուղղված են եղել ընդդիմադիր խմբավորման ուղղությամբ գրոհող Սիրիայի կառավարական ուժերին, հարյուրավոր ռուսաստանցի պայմանագրային զինծառայողներ էին զոհվել: