Հիմա հասկացա՞ք, որ նույնիսկ ծնունդով հայաստանցի, հայ ԻՊ համակիր էլ կարող է լինել

Հիմա հասկացա՞ք, որ նույնիսկ ծնունդով հայաստանցի, հայ ԻՊ համակիր էլ կարող է լինել
Գյումրիում մեկնարկել է ռուս զինվորականի սպանության դատաքննությունը, որում իբրեւ ամբաստանյալ, ըստ մեղադրական եզրակացության ներգրավված է ծնունդով ստեփանավանցի, սակայն Հունաստանի բնակիչ Արման Ջանջուղազյանը, ով հանդիսանում է, ըստ կրկին մեղադրական եզրակացության, «Իսլամական պետություն» ահաբեկչական ծայրահեղական խմնավորման համակիր եւ ամենայն հավանականությամբ գործել է հենց վերջիններիս ներկայացուցիչների հրահանգով, որոնց ինքնությունները դեռեւս պարզված չէ:



Ավելի վաղ, «Ժողովուրդ» օրաթերթն արդեն հրապարակել էր տեղեկատվություն, հղում տալով ՀՀ ԱԱԾ պատասխանատուներին, որ Արման Ջանջուղազյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել եւ ասել է, որ հանդիսանում է ԻՊ համակիր: Նշենք, որ ի սկզբանե էլ Արման Ջանջուղազյանը երբեք չի հերքել այդ եւ ավելին, գոնե մամուլում առկա հրապարակումներն ու ունեցած տեղեկությունները ի մի բերելով, կարելի է ասել, որ միշտ էլ ասել է, որ իսլամացած հայ է:



Իհարկե մի կողմ ենք թողնում դատաքննության եւ գործի մանրամասները, հաշվի առնելով, նաեւ, որ դատական պրոցեսը նոր է սկսվել եւ որեւէ մեկնաբանությունը կարող է մեկնաբանվել որպես միջամտություն դատական պրոցեսին: Սակայն սրանով հանդերձ, անկարելի է գոնե, եթե չասենք սխալ, չանդրադառնալը այն հանգամանքին, որ Արման Ջանջուղազյանը իսլամացած հայ է: Երեւի որեւէ մեկի համար անիվ հայտնագործած չենք լինի, եթե եւս մեկ անգամ արձանագրենք, որ այո, կան իսլամացած հայեր, ընդ որում, վերջին տարիներին իսլամացած հայեր, եւ այստեղ արդեն հստակ է այն, որ Հայ Առաքելական եկեղեցու թեզը, թե «ով հայ է, պետք է լինի անպայման Առաքելական եկեղեցու հետեւորդ», եթե նույնիսկ տեսականորեն ճիշտ է, սակայն իրական կյանքում չի գործում: Ավելին, խոսքն այս դեպքում ամենեւին ասենք Թուրքիայում Ցեղասպանության օրերին իսլամացած հայ ընտանիքից սերված մարդու մասին չէ, այլ ընդամենը քսան-քսանհինգ տարեկան երիտասարդի, որը գոնե ամենամոտավոր հաշվարկներով պետք է որ իսլամ ընդունած լինի ասենք վերջին տասը, տասներկու տարում:



Սակայն ուշագրավը այն է, որ իսլամացած հայը ժամանել է Հայաստան, նաեւ հասցրել ծառայել ՀՀ ԶՈՒ-ում, որտեղ հասցրել նաեւ որոշակի խնդիրներ ստեղծել: Այստեղ արդեն մի այլ հանգամանք է մեջտեղ գալիս: Պարզվում է, Արման Ջանջուղազյանը, ով իր իսկ հավաստմամբ ԻՊ համակիր է, կարողացել է գոնե մի քանի ամիս լինել ՀՀ ԶՈՒ կազմում, եւ ով իմանա նաեւ ուսումնասիրել որոշակի բաներ այնտեղ: Ու մինչ Ամենայն Հայոց սպարապետ Վիգեն Սարգսյանը փորձում է Գարեգին Բ-ի հետ հավասար Ջրօրհնյաց խաչով օրհնել հավատավոր հայորդիներին, գոնե տեղյակ է, իսկ առհասարակ ի՞նչ է կատարվում իր գերատեսչությունում: Ի դեպ, հատուկ հայտնի թեզի կողմնակիցներին նաեւ վատ չէր լինի իմանալ, որ իսլամացած հայերը նաեւ ազգությամբ հայ եւ կարծես կրկին ծնունդով հայաստանցի իմամ էլ ունեն:



**Տիգրան Վահանե**