Էջմիածնի քաղաքապետը՝ ընդդեմ նախկին քաղաքապետի

Էջմիածնի քաղաքապետը՝ ընդդեմ նախկին քաղաքապետի
Էջմիածնի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, վարչական վարույթ է հարուցել Էջմիածնի նախկին քաղաքապետ **Հրաչիկ Աբգարյանի** նկատմամբ: Պարզվում է՝ նախկին քաղաքապետը չի կատարել իր պարտավորությունները՝ գույքահարկ եւ հողի հարկ չի վճարել, ինչն էլ վարույթ հարուցելու առիթ է դարձել:



Հայտարարությունները զետեղված են azdarar.am-ում: Քաղաքապետ Գրիգորյանը հունվարի 26-ին երկու որոշում է կայացրել, որոնցից մեկով որոշել է հօգուտ համայնքի բյուջեի գանձել 200 հազար դրամ, որպես Կոստանյան փողոցում գտնվող շինության եւ հողի հարկի վճար, որից 170 հազարը՝ գույքահարկ եւ 29 հազար 820 դրամը՝ հողի հարկ (վճարումը չի կատարվել մեկ տարվա մասով՝ 2016-2017 թթ․):



Ինչպես պարզեցինք Աբգարյանի հետ զրույցից, շինությունը, որի հետ կապված պարտավորությունները չեն կատարվել, գտնվում է Էջմիածնի Կոտանյան փողոցում, որտեղ տեղակայված է Էջմիածնում հայտնի մարզադպրոցը՝ «Վաղարշապատ» մարզական ակումբը: «Երբ իրենք իրենց հարկերը կվճարեն, էդ ժամանակ էլ ես իմ հարկերը կվճարեմ: Էդ դպրոցում մոտ 8 հարյուր երեխայի հետ ենք պարապում, մարդ ենք սարքում: Ես բարեգործություն եմ անում, էդ իրենք պետք է մուծեն հարկերը: Ես շատ տխրում եմ իրենց համար…»,- արձագանքեց Աբգարյանը, ով հիշյալ ակումբի նախագահն է (մարզակումբի շենքն էլ սեփականության իրավունքով նրան է պատկանում): Նշենք, որ քաղաքապետի որոշման մեջ նշված է, որ քաղաքապետարանում վարույթը քննարկելու նիստին Աբգարյանը պատշաճ ծանուցվել է, սակայն չի ներկայացել: Մինչդեռ Աբգարյանը մեզ հայտնեց, թե տեղյակ չի եղել հունվարի 19-ին հրավիրված լսումների մասին, բայց եթե անգամ տեղյակ լիներ, չէր պատրաստվում մասնակցել:



Հարցին, թե ինչ է պատրաստվում անել, արդյո՞ք կօգտվի քաղաքապետի որոշումը բողոքարկելու իրավունքից, Աբգարյանն արձագանքեց. «Իհարկե, պիտի բողոքարկեմ, բայց հիմա չեմ կարող որեւէ բան ասել, կորոշեմ, հետո պարզ կլինի»: Նշենք, որ նրա եղբորորդին՝ Ստեփան Աբգարյանը, 2016-ին տեղի ունեցած Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների ժամանակ առաջադրվել էր ավագանու անդամ: Այժմ էլ դատական պրոցես է ընթանում ընտրությունների նախօրեին տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքի գործով, որի հետեւանքով Ս. Աբգարյանն ու քաղաքապետի թեկնածու առաջադրված Արթուր Թումանյանը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: Նրանց բռնության ենթարկողների մեջ, ըստ տուժողների, եղել են քաղաքապետը, նրա եղբայրն ու մի խումբ այլ անձինք: Քաղաքապետն ու նրա եղբայրը, սակայն, գործով չեն անցնում՝ որեւէ կարգավիճակ չունեն:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**