Եթե վարչապետը որոշի, նախագահն էդ իրավունքը չունի, որ ասի՝ չեմ ստորագրում

Եթե վարչապետը որոշի, նախագահն էդ իրավունքը չունի, որ ասի՝ չեմ ստորագրում
Ամեն ինչ արվում է, որ մինչեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը նրա այսօրվա լիազորություններն ամբողջովին փոխանցվեն վարչապետին, որպեսզի վարչապետի պաշտոնն ստանձնելու դեպքում նա իրեն զգա այն նույն իրավունքներով եւ լիազորություններով, որոնք ունի նախագահի կարգավիճակում։ Սահմանադրությունից բխող օրենքներն ասվածի վառ ապացույցն են։ Ավելին՝ «Ներման մասին» օրենքի նախագիծը, ըստ մասնագետների, իրավական հակասության մեջ է մտնում նոր Սահմանադրության հետ, որով ամրագրված է, որ դատապարտյալների ներման հարցը նախագահին է վերապահված։ Ինչպե՞ս է կառավարման նոր մոդելում հակակշիռների մեխանիզմը գործելու, եթե ձեւավորվում է սուպերվարչապետական մոդել։ Այս եւ այլ հարցերի մասին լսեցինք ԱԺ փոխխոսնակ **Էդուարդ Շարմազանովի** կարծիքը։



-**Պարոն Շարմազանով, տարիներ առաջ Սահմանադրությունը փոխելու ժամանակ Դուք մեկն էիք իշխող ուժի այն ներկայացուցիչներից, որոնք պնդում էին, թե փոփոխությունները միտված են նոր մոդել ձեւավորելուն, որպեսզի գործի հակակշիռների մեխանիզմ, եւ իշխանությունը չգերկենտրոնացվի։ Սահմանադրությունը ենթադրյալ ֆորսմաժորների դեպքում ի՞նչ է նախատեսում։ Ենթադրենք՝ ապագա նախագահը պետք է մի գործողություն իրականացնի, ինչ-որ փաստաթուղթ ստորագրի, բայց համաձայն չէ դրա բովանդակության հետ, ի՞նչ պետք է անի**։



-Սահմանադրության մեջ ամեն ինչ հստակ ասվում է, այստեղ համաձայնել-չհամաձայնել չէ… Նախագահն ինքը որոշող չէ, կներեք, իհարկե, այս բառի համար, բայց նոր համակարգում վարչապետն է լինելու առաջին ջութակը, այդպես է խորհրդարանական բոլոր երկրներում։ Այո, նախագահը պետության գլուխն է, բայց դա զուտ ներկայացուցչական բնույթ է կրելու։ Նախագահը հետեւելու է Սահմանադրության իրականացման ապահովմանը։ Եթե գտնում է, որ ԱԺ ընդունած որեւէ օրենք այնպես չէ դատական համակարգում, կամ այլ համակարգի գործառույթները հակասում են Սահմանադրությանը, միանգամից դիմում է Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն պետք է որոշի, նախագահն ինքը որոշում կայացնող չէ։ Գործադիր մարմինը ղեկավարում է վարչապետը։ Իհարկե, ավանդույթի ուժով կամ ենթագիտակցությամբ մեզ թվում է՝ նախագահը չգիտեմ… բայց այդպես չէ, նա ո՛չ գործադիր, ո՛չ օրենսդիր մարմնի հետ կապ չունի, նրա լիազորությունները Սահմանադրությամբ հստակ մատնանշված են։ Պառլամենտական համակարգում առաջնային դերը քաղաքական ուժերինն է, կոլեկտիվ պատասխանատվությունն է, քաղաքական ուժը կամ ուժերը, որն ունի պառլամենտում մեծամասնություն, հենց առաջին ջութակն իրենն է, գործադիրի ղեկավարինը։



-**Պարոն Շարմազանով, Սահմանադրության 135-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահին է վերապահված դատապարտյալներին ներում շնորհելու հարցը, սակայն օրերս ներկայացվեց «Ներման մասին» օրենքը, որը նույնիսկ հակասության մեջ է մտնում Սահմանադրության հետ, փաստացի՝ այդ օրենքով ներման իրավունքը տրվում է վարչապետին, նա է որոշելու՝ ում ներում շնորհել, ում՝ ոչ, նախագահը միայն իր ստորագրությունն է դնելու այդ փաստաթղթի տակ։ Չե՞ք կարծում, որ շփոթ եք ստեղծել, Սահմանադրությունը մի բան է ասում, օրենքը՝ այլ**։



-Դեսպաններին էլ է, չէ՞, նշանակում նախագահը, բայց նշանակում է վարչապետի ներկայացմամբ։ Ո՞նց կլինի՝ վարչապետը որոշի, նախագահը վերցնի ասի… տրամաբանական է, որ եթե վարչապետը նշանակում է, նախագահն էդ իրավունքը չունի, որ ասի՝ չեմ ստորագրում, հասկանո՞ւմ եք, դա ներկայացուցչական պաշտոն է։ Պառլամենտական համակարգերում նախագահն ակտիվ խաղացող չէ, ինքը Սահմանադրության ապահովողն է։ Եթե որեւէ բան հակասում է Սահմանադրությանը, ինքը կարող է ուղերձով հանդես գալ, կոչով դիմել, ելույթներ ունենալ եւ այլն, ինքը ստորագրում է եւ եթե տեսնում է, որ համաձայն չէ որեւէ օրենքի կամ որոշման հետ, ինքը ՍԴ պետք է դիմի։



-**Այսինքն՝ ՀՀ հաջորդ նախագահն անգամ «անգլիական թագուհու» կարգավիճա՞կ չի ունենալու**։



-Նախ, բերեք անգլիական թագուհուն չվիրավորենք, նա լուրջ ներկայացուցչական ֆունկցիաներ ունի Բրիտանիայում, բայց նորից պիտի կրկնեմ, որ պառլամենտական երկրներում… Դուք գիտե՞ք այսօր ով է Իտալիայի նախագահը կամ Հունաստանի, Գերմանիայի, այսինքն՝ առաջին ջութակը վարչապետն է։



-**Լավ, իսկ որտե՞ղ է արտահայտվելու իշխանության ներսում հակակշռումը, օրինակ՝ ԱԺ-ի եւ կառավարության տարակարծությունների համար ի՞նչ կարգավորումներ են նախատեսված**։



-ԱԺ-ն իր ֆունկցիաներն ունի, կառավարությունը՝ իր։ Օրինակ, որ ասում են՝ ինչո՞ւ ԱԺ նախագահն ընդգրկված չէ Ազգային խորհրդի նիստում։ Ես էլ այդ խելոք մարդկանց ուզում եմ ասել՝ ինչո՞ւ վարչապետը ներկայացված չէ ԱԺ-ում։ ԱԽ-ն ապրիլի 9-ից հետո, այդ մարմինը դառնալու է կառավարության մաս, ու երբ խոսում են իշխանության տարանջատման սկզբունքից, ապա ո՞նց ենք ասում, որ ԱԺ նախագահը պետք է գտնվեր այդ կառույցում։



-**Խոսքն այն մասին է, որ ԱԽ-ն մշակելու է երկրի անվտանգության, պաշտպանության քաղաքականությունը, իսկ պառլամենտական երկրի երկրորդ դեմքը չի կարող անմասն մնալ այդ ամենից**։



-ԱԽ-ն գործադիր իշխանության մաս է կազմելու, այդ դեպքում կխախտվի իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Ես զարմանում եմ՝ ինչպես են այս հարցերն առաջանում, երբ մենք սահմանադրական բարեփոխումներն արել ենք 2015-ի դեկտեմբերին, նո՞ր են տեսել։



-**Պարոն Շարմազանով, Սահմանադրության մեջ գրել էիք նաեւ, որ նախագահին է վերապահված ներում շնորհելու հարցը, իսկ այսօր օրենքով այն գլխիվայր շրջեցիք, եւ ընդդիմադիրներն ասում են, որ սա նախագահի լիազորությունների սահմանափակում է**։



-Բոլոր օրենքները բխում են Սահմանադրությունից, ես էլ ասում եմ, որ շատ-շատ բաներ են վերապահված նախագահին, բայց դրանք գործադիրը պետք է ներկայացնի։



-**Արմեն Սարգսյանը, սակայն, իր հարցազրույցում նախագահի նվազ լիազորությունների մասին հարցին հակադարձեց՝ ասելով, որ Սահմանադրությունն ուշադիր կարդալ է պետք։ Մինչդեռ, Ձեր ասելով, ինքն ընդամենը ներկայացուցչական դեր է ունենալու**։



-Ոչ, ես չեմ ասում լիազորություն չունի, այո, ես էլ եմ համաձայն Արմեն Սարգսյանի հետ, նախագահը լիազորություն ունի, ի վերջո, նա պետության գլուխն է։



-**Սիմվոլի՞կ**։



-Ես չեմ մեկնաբանում՝ դա սիմվոլիկ է, թե սիմվոլիկ չէ, նրա լիազորությունները կան Սահմանադրությունում։



-**Իսկ հնարավո՞ր է, որ Արմեն Սարգսյանը, ծանոթանալով այս ամենին, որ ինքն ընդամենը լինելու է վարչապետի ընդունած որոշումների տակ ստորագրություն դնողը, չընդունի ՀՀԿ-ի առաջարկը**։



-Ես այդ կարծիքին չեմ, որ չորրորդ նախագահը լինելու է վարչապետի կամ ԱԺ-ի ընդունած օրենքների ստորագրողը, ամեն դեպքում, նա պետության գլուխն է։ Իսկ ինչպիսի որոշում կկայացնի պարոն Սարգսյանը, մենք կհրապարակենք։



-**Իսկ հնարավոր չե՞ք համարում, որ կմերժի**։



-Չեմ մտածել այդ ուղղությամբ, դա պարոն Սարգսյանի որոշելու խնդիրն է։



-**Ունե՞ք այլ թեկնածու, եթե մերժի**։



-Քանի դեռ պարոն Սարգսյանը որոշում չի կայացրել, կոռեկտ չէ խոսել այլընտրանքային թեկնածուների մասին։





**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**