Մութ գործարք սիրիական Աֆրինի շուրջ

Մութ գործարք սիրիական Աֆրինի շուրջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մոսկվայի հետ որոշակի պայմանավորվածություն է ունեցել «Ձիթենու ճյուղ» օպերացիան իրականացնելու համար սիրիական Աֆրինում: Ընդ որում, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Թուրքիան ետ չի կանգնի իր հիմնական նպատակից, այն է, իր սահմանի երկայնքով ոչնչացնել քրդական խմբավորումները, եւ մինչեւ վերջ կիրականացնի իր առջեւ դրված խնդիրը:



Մի քանի ժամ անց այս հայտարարությունից թուրքական Yeni Safak պարբերականը պարզաբանել է Էրդողանի խոսքերը, մեջբերելով այն հատվածը, թե Անկարան մտադրություն չունի Սիրիայի տարածքները զավթելու եւ Թուրքիայի խնդիրը իր ազգային անվտանգության եւ Սիրիայի տարածքային ամբողջականության ապահովումն է: Իր հերթին քրդական ժողովրդական աշխարհազորի (YPG) հրամանատար Սիփան Հեմոն հայտարարել է, որ Աֆրինի դեպքում Ռուսաստանը դավաճանեց քրդերին եւ Մոսկվան ներկայումս դաշինքի մեջ է օկուպանտ պետության` Թուրքիայի հետ եւ գրեթե պատերազմական դրության մեջ է քրդերի հետ:



Հեմոն նկատել է, որ ռուսական զորքերը արդեն երկու տարի Աֆրինում են, եւ ռուսական զորակազմի հետ իրենք որոշակի պայմանավորվածություններ ունեին, սակայն Մոսկվան դավաճանել է քրդերին անտեսելով պայմանավորվածությունները: Սիփան Հեմոն Ռուսաստանը որակել է որպես անսկզբունքային պետություն:



Զուգահեռաբար, Մոսկվայում Սիրիական Քուրդիստանի ներկայացուցիչ Ռոդի Օսմանը հայտարարել է, որ ծանր մարտերի գնով քրդերը ստիպել են նահանջել թուրքական զորքին, ինչպես փոխանցում է РИА «Новости» լրատվական գործակալությունը ներկայացնելով նաեւ քուրդ ներկայացուցչի բերած թվերը թուրքական զորակազմի կորուստների մասին: EFE-ն եւ Интерфакс-ն էլ հաղորդում են, որ ամբողջ գիշեր շարունակվել են թուրքական զինուժիկողմից Աֆրինի գյուղերի ռմբահարումը եւ խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր, իսկ քուրդ աշխարհազորայինների շրջանում զոհերի թիվը հասել է 26-ի:



Vzglyad պարբերականն էլ իր հերթին է նկատում, որ ամենայն հավանականությամբ կա ռուս-թուրքական որոշակի գործարք եւ Իդլիբում տեղի ունեցող դեպքերը կապված են Աֆրինի հետ եւ չի բացառվում, որ ինչ որ փոխանակության մասին կարող է խոսք գնալ:



**Նյութի աղբյուրը` Vzglyad.ru**