Հացադուլի խնդիրը Խաչիկ Ստամբոլցյանը լուծել-պրծել է վաղուց․ Անդրանիկ Քոչարյան

Հացադուլի խնդիրը Խաչիկ Ստամբոլցյանը լուծել-պրծել է վաղուց․ Անդրանիկ Քոչարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը, անցյալ տարի, ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններից հետո, **Hraparak.am**-ին տված հարցազրույցներից մեկում, անդրադառնալով խորհրդարանական ընդդիմությանը, ի մասնավորի ասել էր․ « Ես կուզենայի, որպեսզի խնդիրները մնային ոչ միայն խորհրդարանի շրջանակներում, այլ հասարակությունն ինքը ներգրավված լիներ մշտական պրոցեսների մեջ։ Եվ այդ դեպքում մենք ոչ միայն խնդիրների լուծումը կգտնեինք սուր հարցեր հնչեցնելու միջոցով, այլ լուծումներ պարտադրելու։ Իսկ այդ լուծումները պարտադրվում են միայն հասարակության ակտիվ մասնակցության միջոցով»։ Հունվարի 19-ին ԱԺ «Ելք» դաշինքը Երեւանում անցկացրեց բազմամարդ երթ՝ ընդդեմ թանկացումների։



Նախքան երթի անցկացումը այն բազմաթիվ մեկնաբանոությունների էր արժանացել սոցցանցերում եւ մամուլում։ Ոմանք քննադատում էին «Ելք»-ին՝ հայտարարելով, որ այդ երթը հանրությանը հերթական անգամ հիասթափության է մղելու։ Չէ՞ որ նախորդ ընդդիմությունները նույնպես տարիներ շարունակ հանրահավաքներ ու երթեր են հրավիրել, իսկ հետո ժողովրդին տուն ուղարկել։ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք «Ելք»-ին կհաջողվի համախմբել հասարակությանը՝ սոցիալական խնդիրներն օրակարգ բերելով։ «Ես ակնկալում եմ «Ելք»-ից այնպիսի գործողություններ, որոնք կառողջացնեն Հայաստանը բոլոր առումներով։ Քաղաքական դաշտի առողջացում պետք է լինի։ Թե չէ կարելի է մի քանի հոգով քայլել ու ասել՝ երթ արեցինք», արձագանքեց մեր զրուցակիցը։ Հետաքրքրվեցինք, թե ինչ նկատի ունի Անդրանիկ Քոչարյանը «գործողություններ» ասելով՝ նստացու՞յց, հացադո՞ւլ։



«Հո միայն հացադուլով չէ որոշվում ամեն ինչ։ Հացադուլի խնդիրը Խաչիկ Ստամբոլցյանը լուծել-պրծել է վաղուց։ Հացադուլով հարց չի լուծվում։ Պետք է լինի պայքարի կոմպլեքս ծրագիր, իմանանք, թե ինչի դեմ ենք պայքարում։ Հայաստանում այսօր կարեւորագույն խնդիրը Լեռնային Ղարաբաղի խնդիրն արագ լուծելն է եւ արժանապատիվ խաղաղություն հաստատելը»,- ասաց մեր զրուցակիցը։ Դիտարկմանը, թե սոցիալական խնդիրները չե՞ն կարող ժողովրդին համախմբել ու փողոց դուրս բերել, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․«Եթե այդ հարցերը ժողովրդին փողոց դուրս բերեին, ապա վաղուց պետք է Երեւանի կենտրոնի խանութները ջարդված լինեին։ Նշանակում է, որ մեր ժողովուրդը սոցիալական խնդիրների վրա չի հենվում, սոցիալականը շատ կարեւոր է, բայց մենք ավելի բարդ վիճակներ ենք, չէ՞ հաղթահարել։ Արշակ Սադոյանի ասած՝ մութ ու ցուրտ տարիներն ենք հաղթահարել, պատերազմը։ Պատերազմը դեռ չի ավարտվել։ Եվ դրա համար առաջնահերթությունը խաղաղության խնդիրը լուծելն է, իսկ դրանից հետո կարող ենք լուծել ներքին խնդիրները»։