Եթե մարդը ֆիզիկայի բարդ խնդիրներ է լուծել, մյուս խնդիրները կլուծի ու կլուծի

Եթե մարդը ֆիզիկայի բարդ խնդիրներ է լուծել, մյուս խնդիրները կլուծի ու կլուծի
Սերժ Սարգսյանը երեկ հնչեցրեց ՀՀ չորրորդ նախագահի իր թեկնածուի անունը։ Թեեւ մամուլն օրեր շարունակ գրում էր, որ թեկնածուն Մեծ Բրիտանիայում երկար ժամանակ ՀՀ դեսպան աշխատած, ՀՀ նախկին վարչապետ, որոշ շրջանակներում «Թենզոր» մականունով հայտնի Արմեն Սարգսյանն է։ Պաշտոնապես ստանալով առաջարկ՝ Արմեն Սարգսյանը երեկ մտածելու ժամանակ է խնդրել Սերժ Սարգսյանից, որպեսզի հասցնի հանդիպել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, մտավորականների, գիտնականների, հասարակության տարբեր շերտերի, նույնիսկ, ինչպես ինքն է ասել՝ «աշխատավորության» հետ։ Թե որքան ժամանակ է նրան պետք մտածելու եւ համաձայնությունը տալու համար, պարզ կդառնա առաջիկայում։ Մինչ այդ մենք փորձեցինք տարբեր շրջանակներից կարծիքներ լսել այս թեկնածության շուրջ։



Հիշեցնենք, որ 1996թ. նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի հինգերորդ վարչապետ, նախագահական ծանր ընտրություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը Լոնդոնից նրան կանչելով հույս ուներ, որ Արմեն Սարգսյանի դրական կերպարը կլիցքաթափի հետընտրական լարված մթնոլորտը։



Սակայն Արմեն Սարգսյանը պաշտոնավարեց ընդամենը չորս ամիս եւ 1997թ. փետրվարի 28-ին թողեց պաշտոնը: Մինչ օրս ոմանք հակված են կարծել, որ Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը նրա բախումն էր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ: Իսկ պաշտոնական վարկածի համաձայն, Արմեն Սարգսյանը պաշտոնը թողեց ծանր հիվանդության պատճառով բուժման կուրս անցնելու անհրաժեշտությունից ելնելով: Ոմանք այդ «փախուստի» մեջ թուլություն, անսկզբունքայնություն, ոմանք էլ՝ դրական նոտա են տեսնում՝ որ Արմեն Սարգսյանը չձուլվեց արատավոր իշխանական համակարգին, չդարձավ Վազգեն Սարգսյանի ու Վանո Սիրադեղյանի խամաճիկը։ Սակայն փաստ է, որ նաեւ չկարողացավ ոչնչի հասնել, օգտակար լինել իր երկրին ու նրա տնտեսությանը։



Երկրորդ եւ երրորդ նախագահների նախկին խորհրդական **Գառնիկ Իսագուլյանն** Արմեն Սարգսյանին 1977 թվականից է ճանաչում, ֆիզիկայի ֆակուլտետում իրեն դաս է տվել, ասում է, որ նույնիսկ դասախոս Սարգսյանի մասին ոչ մեկը վատ բան չէր խոսում, հետագայում իրենց մտերմությունը պահպանվել է։ «Արմեն Սարգսյանի կենսագրությունը շատ ավելի հարուստ է, ամենակարեւորը՝ տեսաբան ֆիզիկոս է»։ Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Սերժ Սարգսյանի ձախողումների պատճառը բանասերի մասնագիտությո՞ւնն էր։ Իսագուլյանն արագ սրբագրեց խոսքը․ «Որպես ֆիզիկոսի եմ ասում, որ ինձ համար շատ հաճելի է, որ հաջորդ նախագահը մասնագիտությամբ ֆիզիկոս է»։ Իսագուլյանը կարծում է, որ Արմեն Սարգսյանն ունի Սերժ Սարգսյանի ներկայացրած բոլոր չափորոշիչները եւ մի բան էլ ավելի։



Այնուամենայնիվ, քաղաքականությամբ զբաղվել է, մինչդեռ Սերժ Սարգսյանը շեշտում էր ապագա նախագահացուի ապաքաղաքական լինելու մասին։ «Հավատացեք, եթե ինքը քաղաքականացված լիներ, ավելի երկար կպաշտոնավարեր վարչապետի պաշտոնում։ Կարծում եմ, որ այդ քաղաքականացված միջավայրն էր, որ պատճառ դարձավ, որ Արմեն Սարգսյանը կարճ զբաղեցրեց վարչապետի պաշտոնը։ Ես վստահ եմ, որ ժամանակին նաեւ ոչ քաղաքականացված լինելու հատկանիշի համար նրան առաջարկեցին վարչապետի պաշտոնը, բայց վարչապետի ոչ քաղաքականացված լինելու եւ չափազանց քաղաքական միջավայրի բախումն էլ բերեց այդ վիճակին։ Լինելով պատվախնդիր մարդ՝ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց»։ Իսագուլյանի կարծիքով՝ հենց այդ բախումն էր ժամանակին նրա հրաժարականի պատճառը, այլապես առողջական խնդիրների համար կարող էր որոշակի ժամանակ վերցնել, նորից վերադառնալ։

Իսկ ի՞նչ երաշխիք, որ ինչ-որ պահի նախագահի պաշտոնից էլ «փախուստի» չի դիմի՝ հաշվի առնելով չափազանց քաղաքականացված մեր իրականությունը։



«Նախեւառաջ Արմեն Սարգսյանը փախչող մարդկանցից չէ, հաշվի առեք այն ժամանակվա Հայաստանը… Դուք պատկերացրեք, որ կային մարդիկ՝ շատ ավելի խոսքի իրավունքով, քան վարչապետը… Լինելով տեսական ֆիզիկայի մասնագետ եւ պաշտպանելով թեզ՝ Արմեն Սարգսյանը բավականին բարդ խնդիրներ է լուծել։ Հիմա եթե մարդը ֆիզիկայի բարդագույն խնդիրներ կարող է լուծել, ես համաձայն չեմ Ձեզ հետ, թե նա չի կարող իր առջեւ խնդիր դնել եւ լուծել։ Սերժ Սարգսյանն էլ այդ մասին գիտի»։



Ի դեպ, Իսագուլյանը հորդորեց չթերագնահատել նախագահի պաշտոնը, դա այնքան էլ ապաքաղաքական չէ, Սահմանադրությամբ նախագահը պետության գլուխն է․ «Դրանով ամեն ինչ ասված է»։ Ինչպես նաեւ առաջարկեց գնահատել, որ Արմեն Սարգսյանը միանգամից չտրվեց գայթակղությանը․ «Ցանկացած մեկի համար այդ պաշտոնը գայթակղիչ կլիներ, բայց Արմեն Սարգսյանը միանգամից չընդունեց՝ ասելով, որ պետք է դեռ հանդիպի հասարակության տարբեր շերտերի հետ, նոր միայն որոշում կայացնի»։



Կլինի՞ արդյոք խորհրդարանում դրական մթնոլորտ, եւ Արմեն Սարգսյանը հենց առաջին փուլով կընտրվի՞ ՀՀ նախագահ։ ԲՀԿ եւ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը չի շտապում պատասխանել։ Նա ոչ մի պատճառ չի տեսնում նախագահի թեկնածուի հետ հանդիպումը մերժելու․ կհանդիպեն, կքննարկեն, այն ժամանակ էլ կհայտնեն վերջնական որոշման մասին․ «Որպես անձնավորություն՝ Արմեն Սարգսյանը միջազգային տարբեր բարձր ոլորտներում հեղինակություն վայելող անձնավորություն է, խնդիր չկա։ Բայց պիտի գա, քննարկենք, որպեսզի պատկերացնենք իր գործունեությունը։ Նոր Սահմանադրության, նոր լիազորությունների եւ իրողության պայմաններում որպես պետության գլուխ պետք է հասկանանք, թե ինչպես է ինքը պատկերացնում իր գործողությունները։ Հիմա եղանակի կանխատեսումներով չեմ ուզում զբաղվել»։



«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ **Արմեն Մարտիրոսյանի** համար նշանակություն չունի Արմեն Սարգսյանի անձը․ «Ինձ համար կարեւորը համակարգային փոփոխություններն են, որն իր նշանակվելով կամ չնշանակվելով չի լինելու։ Նախագահը նոր Սահմանադրությամբ այնպիսի լիազորություններ չունի, որ կարողանա ազդել ընդհանուր պրոցեսների վրա»։ Մարտիրոսյանի բնորոշմամբ՝ թեպետ նախագահի ՀՀԿ թեկնածուն ինտելեկտուալ շրջանակի ներկայացուցիչ է, սակայն այդ փաստով ոգեւորվել պետք չէ․ «Իշխանության ներսում էլի կան ինտելեկտուալներ, որոնք կա՛մ ոչինչ չեն անում, կա՛մ անում են այնպիսի բաներ, որ բոլորս ընկած՝ ուզում ենք ուղղել՝ չի լինում։ Օրինակ, Դավիթ Հարությունյանը․ ինչքան օրենսգրքեր, հատկապես Ընտրականը, ինքն է մշակել, ու հիմա դրանց տակից դուրս չենք գալիս»։



Իսկ ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորները, երեկ ձեն-ձենի տված, հրաժարվում էին մեկնաբանություններ տալ այս թեմայով՝ նրանց օրակարգում իրենց երթն էր։ **Սասուն Միքայելյանն** անգամ ափերից դուրս եկավ, երբ Արմեն Սարգսյանից հարցուփորձ էինք անում նրան։ Արամ Սարգսյանը երթի ընթացքում ակնարկեց, որ իշխանությունները մտածված են թեկնածուի անունը հրապարակել հենց իրենց երթի օրը, որպեսզի շեղեն հանրային ուշադրությունը։ Երթի ավարտին Արամ Սարգսյանը մեզ հայտնեց, որ այդ հարցը կքննարկեն դաշինքում եւ նոր միայն կհայտնեն որոշման մասին, նաեւ հիշեցրեց, որ «Ելք» խմբակցությունն ունի նախագահի թեկնածու՝ ի դեմս Արտակ Զեյնալյանի, սակայն իշխանությունը վախեցավ այդ մրցակցությունից։ «Մեկ թեկնածուով քվեարկությունը հիշեցնում է սովետական ժամանակները, ինձ համար դա չի կարող ընտրություն լինել»,- ասաց նա։ Իսկ եղբոր՝ Վազգեն Սարգսյանի հետ Արմեն Սարգսյանի ունեցած տարաձայնությունների մասին հարցին պատասխանեց՝ Արմեն Սարգսյանի հետ կապված հարցերին այսօր չե ուզում պատասխանել։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**