Լույս կտեսնեն Քովիի, Ռեմարկի, Էքզյուպերիի գրքերը

Լույս կտեսնեն Քովիի, Ռեմարկի, Էքզյուպերիի գրքերը
«Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ այս տարի հանրության դատին կհանձնվեն դասական եւ ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանությունները: Մասնավորապես, հայերեն թարգմանությամբ կներկայացվի աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը՝ Սթիվեն Քովիի «Արդյունավետ մարդկանց 7 սովորույթները»: 2011 թ. Time ամսագիրը գիրքն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում:



Այս տարվանից հայ ընթերցողներին հասանելի կլինեն ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Ռազմական օդաչուն», «Միջնաբերդ» ստեղծագործությունները: Հայերեն հնարավոր կլինի կարդալ նաեւ հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամար», «Արեւմտյան ռազմաճակատում անփոփոխ է», «Ապրելու եւ մեռնելու ժամանակը», «Գիշեր Լիսաբոնում» ստեղծագործությունները:



Հայերեն թարգմանությամբ արդեն իսկ հասանելի է Քեն Բլանչարդի եւ Սպենսեր Ջոնսոնի «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը: Հեղինակներն իրենց հակիրճ, հեշտ ընթերցվող պատմության մեջ ընթերցողին սովորեցնում են գործնական երեք գաղտնիք՝ մարդկանց առաջնորդելու համար, եւ բացատրում են, թե ինչու են այս մեթոդները շարունակում աշխատել: Այս գիրքն օգնել է միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական եւ անձնական կյանքում: Օրեր առաջ լույս է տեսել նաեւ Էքզյուպերիի «Գիշերային թռիչքը»: Տարվա ընթացքում լույս կտեսնի նաեւ անգլիացի վիպասան Շարլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» դասական գործը: Մանուկների դատին կհանձնվի «Հայ ժողովրդական հեքիաթներ» բացառիկ եռահատորյակը: