Չինովնիկներ, զգուշացեք, ուժի մեջ է մտել ազդարարման մասին օրենքը

Չինովնիկներ, զգուշացեք, ուժի մեջ է մտել ազդարարման մասին օրենքը
Հայաստանում հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նախորդ տարվա հունիսի 9-ին ընդունված «Ազդարարման համակարգման մասին» ՀՀ օրենքը կամ, ինչպես սույն օրենքի նախագծի խորհրդարանական քննարկման ժամանակ բնորոշեցին որոշ պատգամավորներ` «գործ տալու ինստիտուտի ներդրման» օրենքը: Սա նշանակում է, որ բոլոր ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, տարեսկզբից սկսած, պետք է արթնացնեն իրենց մեջ նիրհող հետախույզին, ոստիկանին, իրավապաշտպանին եւ դառնան Հայաստանում սանձազերծված՝ կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի պիոներներ՝ այդ չարիքի դրսեւորումների մասին հանգիստ խղճով ու բաց ճակատով ազդարարելով պատկան մարմիններին:



Այնպես չէ, որ մինչ այս նրանք զրկված էին նման հնարավորությունից՝ կոռուպցիայի մասին հաղորդում տալուց, պարզապես ազդարարումն այժմ նոր մակարդակի է բարձրացվել, եւ «գործ տալն» այլեւս համարվում է օրենքով սահմանված գործողություն, հետեւապես՝ դրա համար հասարակական պարսավանք չի նախատեսվում, ավելին՝ օրենքը պաշտպանության երաշխիքներ է նախատեսում ազդարարների գաղտնիությունն ու անվտանգությունն ապահովելու համար: Ազդարարումը, ինչպես ձեւակերպված է օրենքում, ազդարարի (որեւէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական հիմնարկներում եւ կազմակերպություններում, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի, շահերի բախման, էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների, կամ այլ սահմանափակումների, կամ հայտարարագրման հետ կապված խախտման, կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի, դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդումն է սույն օրենքով նախատեսված իրավասու անձին կամ մարմնին:



Ազդարարման նպատակները, եթե հավատանք օրենքը հղացողներին, կոռուպցիայի կանխարգելմանն ու նվազեցմանը, ինչպես նաեւ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքին նպաստելն է: Ազդարարման տեսակները երկուսն են՝ ներքին եւ արտաքին: Ներքին ազդարարում է համարվում հաղորդումը ներկայացնելն իր անմիջական ղեկավարին կամ նրա վերադասին, կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձի, կամ իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին: Արտաքին ազդարարում է համարվում իրավասու մարմին հաղորդում ներկայացնելը:







**Ազդարարման համար կայք է գործելու**



Նշենք, որ ազդարարման ինստիտուտի ներդրումը ենթադրում է նաեւ համապատասխան էլեկտրոնային հարթակի՝ կայքի ստեղծում, որի միջոցով էլ կատարվելու է ազդարարումը: Կայքի գործարկումը նախատեսվում է մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը, ինչը նշանակում է, որ այս յոթ ամիսների ընթացքում քաղաքացիները կարող են թղթապանակ կազմել՝ կատարելով կոռուպցիոն բնույթի փաստերի հավաքագրում, իսկ երբ գործարկվի կայքը, դրանց մասին մեկիկ-մեկիկ կարող են ազդարարել պատկան մարմիններին: Դեռ անցյալ տարեվերջին կոռուպցիայի դեմ պայքարի մեծագույն ջատագով վարչապետ Կարապետյանի նախագահությամբ տեղի ունեցած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում ներկայացվել էին ազդարարման համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները: Վարչապետին զեկուցվել էր, որ մշակվել են ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրն ու վարման կարգը, ինչպես նաեւ ներքին, արտաքին ազդարարման դեպքում համապատասխան թվային փաստաթղթերի ձեւերը եւ ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը: Հնարավորություն է տրվելու հաղորդումը ներկայացնել ե՛ւ անանուն, ե՛ւ հրապարակային տեսքով: Հստակ ներկայացվել են այն երաշխիքները, որոնք ապահովելու են անանունությունը, այն տեխնիկական լուծումները, որոնց միջոցով ազդարարը, մուտք գործելով համակարգ, ներկայացնելու է համապատասխան հաղորդագրությունը: Նկատենք, որ որեւէ մարմին չի կարողանալու պարզել ազդարարի ինքնությունը եւ այն, թե որ համակարգչից է հաղորդագրությունն ուղարկվել: «Ազդարարման համակարգի մասին» օրենքում նախատեսված է, որ իրավասու մարմինները, որոնք ընթացք են տալու հաղորդմանը, իրավունք չունեն միջոցներ ձեռնարկել, որ անանուն հաղորդում ներկայացրած ազդարարի անձնական տվյալները բացահայտվեն: Ավելին՝ եթե որեւէ կերպ ազդարարի անունը կամ անձնական տվյալները հայտնի են դառնում՝ խախտելով գաղտնիությունը, ապա նախատեսվում է վարչական պատասխանատվություն: Իսկ եթե ազդարարի տվյալներն ապօրինի հրապարակվեն, ապա տվյալները հրապարակած իրավապահ համակարգի ներկայացուցիչը քրեական պատասխանատվության կենթարկվի: Ուշագրավ է, որ հրապարակվելու է նաեւ հստակ վիճակագրություն, թե որքան հաղորդում է ստացվել, քանիսի հիման վրա է հարուցվել քրեական գործ:





**Ինչպես է աշխատելու հարթակը**



Հարթակի միջոցով հնարավոր է անանուն կամ տվյալների ներկայացման եղանակով կառուպցիայի մասին հաղորդում տալ: Անանուն եղանակով հաղորդման դեպքում անձի անանունությունը երաշխավորվում է վերջինիս համացանցային հաղորդակարգի հասցեի (Internet Protocol Address) ծածկագրման միջոցով: Այդ հասցեն ծածկագրելու նպատակով անհրաժեշտ է միասնական էլեկտրոնային հարթակ մուտք գործել TOR, Opera կամ Opera Mini ցանցային browser-ի միջոցով: Ազդարարի կողմից հանցագործության մասին տեղեկությունների հաղորդումն իրականացվում է քայլերի հաջորդականությամբ, որոնք ներկայացված են «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը եւ վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ: Նշենք, որ ազդարարը, ըստ կարգի, կարող է ներկայացնել հանցագործություն կատարած անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հանցագործության հետ առնչություն ունեցող այլ անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հանցագործության կատարման ամսաթիվը: Կայքի «Հանցագործության նկարագրություն» բաժնի միջոցով էլ ազդարարը կարող է ներկայացնել հանցագործության հետ կապված մանրամասները՝ նշելով, թե երբ եւ ինչ պայմաններում է կատարվել այն, ինչպես նաեւ կարող է փաստաթղթերի կամ աուդիո եւ տեսաձայնագրություններ ներբեռնել, եթե այդպիսիք առկա են: Ազդարարը ծանուցվելու է իր հաղորդման ընթացքի վերաբերյալ, իսկ «Հետադարձ կապ»-ի պատուհանը հնարավորություն է տալու կապ հաստատել ազդարարի հետ, հավաքել անհրաժեշտ տեղեկություններ եւ փաստեր, որոնք առնչվում են հաղորդմանը: Միասնական էլեկտրոնային հարթակը վարելու է հանրապետության արդարադատության նախարարությունը: Ազդարարի ինստիտուտը, հուսանք, արդյունավետ գործիք կդառնա ու կզսպի կոռուպցիայի համից չկշտացող չինովնիկների ախորժակը:







**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**