Ռինգում Կամիլն է

Ռինգում Կամիլն է
### Հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան ակտուալ է այս օրերին եվրատեսիլյան թեման և թե ինչպես են մյուս երկրներում լուսաբանվում համաեվրոպական մրցույթի նախընտրական փուլերը` **«Հրապարակը»** որոշեց անմասն չմնալ և անուն առ անուն անդրադառնալ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցների եվրատեսիլյան երգերին, ներկայացնել հանրության շրջանում տեղ գտած արձագանքները, տվյալ երգի ուժեղ կամ թույլ կողմերը, առավելություններն ու թերությունները:



### Այս ամենը կներկայացվի և լրագրողական հետաքրքրասիրության արդյունքում ձևավորված փաստական հիմքեր ունեցող կարծիքների, և համաեվրոպական մրցույթը ուղնուծուծով տիրապետող երաժշտական քննադատի օգնությամբ:



### Դե ինչ, միասին բացահայտենք «Դեպի Եվրատեսիլ» տանող ճանապարհը։



Ռինգում այսօր Կամիլն է` «Puerto Rico» երգով, որի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, բառերի հեղինակը՝ Արթուր Աբգարը։



**Լրագրող**



Ի սկզբանե Կամիլին դեմ էին շատերը: Երբ հրապարակվեց մրցույթի մասնակիցների անունները, որոնց թվում էր նա, շատերը հոգեկան ցնցումների մեջ ընկան և դեռ ոմանք դուրս էլ չեն եկել, սոցցանցը դարձրին խրամատ ու սկսեցին համացանցային գնդակոծությունը: Ու այդ ընթացքում ճակատամարտի հերոսը` Կամիլը Հ1-ում անում էր իր PR-ը՝ հյուրընկալվելով «Լավ երեկո» ծրագրին, նրա մասին անդրադարձավ բրիտանական հայտնի երաժշտական բլոգը, հայկական լրատվականները սկսեցին վերլուծել նրա կերպարն ու հոպ. ձևավորվեց Կամիլի եվրատեսիլյան իմիջը:



Դրանից հետո Կամիլի սոցցանցային էջերը միանգամից անվանափոխվեցին` դարձան Կամիլ Շոու, որն, անշուշտ, ինչ-որ բան նշանակում էր: Հետո հրապարակվեց երգն ու այս մասով վերջ դրվեց խոսակցություններին. Կամիլը շոու ապահովողն է, երգում է ուրիշը կամ ուրիշները:



Ու քանի դեռ օգտատերերը ջանում են ստանալ իրենց ամենահուզող հարցի պատասխանը, թե երգողը արդյոք Լիլիթ Հովհաննիսյա՞նն է, Կամիլը շարունակում է լռել:



Այն, որ երգը ռիթմիկ է, տիպիկ եվրատեսիլյան, հիշվող, փաստ է, փաստ է նաև այն, որ երգից հետո Կամիլին քննադատողների բանակը զարմանալիորեն պակասեց: Ելնելով սոցցանցերի բազմաթիվ մեկնաբանություններից` կարող ենք փաստել. հանրությանը դուր է եկել Կամիլ Շոուի Պուերտո Ռիկո երգը։ Նա ու իր թիմն այս երգով խառնեցին շատերի խաղաքարտերը։



Եւ եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում հաղթող երգերը ռիթմիկ չեն, պարային, վառ ու պայծառ, ապա կարող ենք ենթադրել, որ գուցե ժամանակն է եվրատեսիլյան հանրությանը թարմություն հաղորդելու։ Կամիլի հաղթանակի շանսերը «Դեպի Եվրատեսիլ» նախագծում բավական բարձր են:



**Երաժշտական քննադատ**



Ըստ իս՝ Կամիլի թիմը փորձել է համադրել այն ամենն, ինչ նախկինում եղել է «Եվրատեսիլ»-ում, և այն, ինչ հիմա կա ժամանակակից երաժշտական աշխարհում,ընդ որում՝ թե կերպարային, թե գեղարվեստական, թե երաժշտական առումներով: Ինչպես գիտենք, «դրագ քուին» -ներին լավ ծանոթ են «Եվրատեսիլ»-ի երկրպագուները, տարբեր տարիների բազմաթիվ երկրներից մասնակցել են դրագ քուիններ ( Սլովենիա, Ուկրաինա, Ավստրիա, Դանիա, Իսլանդիա), ոմանք հասել են հաջողությունների, ոմանք էլ նույնիսկ դուրս են մնացել կիսաեզրափակիչ փուլում, ուստի այստեղ մենք ունենք շատ մեծ հարցական՝ արդյոք եվրոպացի հանդիսատեսը կսիրի՞ Կամիլի կերպարը, թե ոչ:



Ինչ վերաբերում է երգին... երգի գլխավոր պլյուսը իսպաներենն է, քանի որ հանրահայտ «Դեսպասիտո» երգից հետո ձևավորվել է թրենդ. շատերը երգում են իսպաներեն՝ փորձելով հնարավորինս «Դեսպասիտո»-ի նման երգ ստեղծել: «Պուերտո Ռիկո» երգն ունի բավականին հեշտ հիշվող ու ընկալվող մոտիվներ և պարզ մեղեդայնություն, հետևաբար՝ «Եվրատեսիլ» գնալու դեպքում, եթե նույնիսկ բարձր հորիզիոնականի չարժանանա, ապա ունի բոլոր շանսերն ու նախադրյալները դառնալու ամառային հիթ:



«Եվրատեսիլ»-ն ունի չգրված օրենք. իրականում հաղթում է այն երգը, որը մրցույթից հետո դառնում է ամառային հիթ՝ հնչում է ամենուր: 2017 -ին դա Մոլդովայի երգն էր: Այսպիսով՝ Կամիլն ունի բոլոր շանսերը հաղթելու նախընտրական փուլը, մեզ մնում է միայն սպասել ևս երկու «ուժեղ խաղացողի»՝ Մհերին ու Հասմիկ Շիրոյանին, նաև անսպասելի ֆավորիտ կարող է դառնալ «Գաթա» բենդը: