Ամենայն Հայոց Վիգեն սպարապետի մասին

 Ամենայն Հայոց Վիգեն սպարապետի մասին
Այն, որ 2018-ի Սուրբ Ծնդդյան եւ Հին Նոր տարվա տոները ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանի համար դարձան «սեւ օրեր», այլեւս կարելի է համարել արձանագրված փաստ եւ անցած տարվա մեղմ ասած`«քաշած ապաշխարանքից» հետո, դեռ նոր տարեշրջանը չբացված նա կրկին «թեմայի մեջ է»:



Առհասարակ, եթե ուշադիր հետեւում ենք, ապա Վիգեն Սարգսյանը այս պահին Հայաստանի երրորդ Հանրապետության թերեւս ամենից շատ «քըլընգված» նախարարի ռեյտինգն արդեն լրացրել է եւ հավակնում է հետխորհրդային տարածքի ռազմական գերատեսչությունների ղեկավարների շրջանում հակառեկորդ սահմանել այս անվանակարգում: Ու քանի որ տարին դեռ նոր է բացվել, ու տարին էլ բացվել է կրկին Վիգեն Սարգսյանի հետ կապված թեմաներով, ապա կարծես թե ամեն բան դեռ առջեւում է: Եթե ավելի անկեղծ լինենք, ներկայիս իշխանությունների բախտը այլ հարցերի շարքում, նաեւ մի հարցում չի բերել. խոսքը կադրերի մասին է:



Ընդունված է ասել, որ դժբախտ եւ ձախողված է այն առաջնորդը, ում թիմում չկան մարդիկ, որոնք իրենց մտավոր կարողություններով ոչ միայն չեն զիջում նրան, այլ նաեւ գերազանցում են: Այս իմաստով Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանին կարելի է համարել երջանիկ մարդ: Անկախ ամեն ինչից, նրա թիմում կային լուրջ ուղեղներ: Լավ թիմ իր կողքին ունենալու բարեբախտությունը վայելել է նաեւ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ ահա Սերժ Սարգսյանը ստիպված եղավ բավարարվել կադրային այն բազայով, որոնք խոսակցական լեզվով ասած` Լեւոն Տեր Պետրոսյանի օրոք դեռ «սեղանների տակ վազվզում էին», իսկ Ռոբերտ Քոչարյանի օրոք էլ համարվում էին նոր նոր էին փորձում մտնել ասպարեզ եւ փորձի եւ պրոֆեսիոնալիզմի առումով դեռ «դեղնակտուց» էին:



Ու արդյունքում ստացվեց այնպես, որ Սերժ Սարգսյանը, թերեւս հասկանալով էլ այս ամենը, թիմի լոկոմոտիվի դերը վերցրեց իր վրա եւ ահա, արդյունքում ունենք այն, ինչ ունենք, ի դեմս Սերժ Սարգսյանի ամենից հավատարիմ կադրերից մեկի` Վիգեն Սարգսյանի: Սակայն այն, ինչ մինչ այժմ շարադրեցինք, դեռ խնդրի մի փոքր մասն է միայն, իսկ խնդիրները, որոնց պատճառով ՀՀ Պնախարարը հայտնվում է նման իրավիճակներում արդեն քանիցս, շատ ավելի խորքային են եւ շատ ավելի լուրջ, եւ մեկ հոդվածի շրջանակներում անհնարին է այդ ամենը շարադրել ու ամփոփել, թեկուզ եւ` հպանցիկ:



Ամենակարճ բնորոշմամբ ասած` Վիգեն Սարգսյանը պարզապես արդեն քանիերորդ անգամ առերեսվում է իրական Հայաստանի, Հայաստանի իրական հասարակության, հասարակ ժողովրդի հետ, այն ժողովրդի, այն հասարակության, որը մեղմ ասած ամեն մի առիթ բաց չի թողնում իր հակակրանքը, զզվանքն ու ատելությունը արտահայտելու կառավարող համակարգի հանդեպ, որի մաս է կազմում հենց ինքը, կամավ կամ ակամա: Ու այս հասարակ ժողովուրդն առ իշխանություններ ունեցած զգացումների չափազանց անկեղծ ու անմիջական «ինքնաբուխ հորդումը» դեռ շարունակվելու է երկար, գոնե այնքան ժամանակ, որքան ժամանակ որ Վիգեն Սարգսյանը կամ կմնա այդ համակարգում, կամ էլ կշարունակի մնալ հանրության տեսադաշտում: Այս ամենը գնալով ավելի խորանալու է, ավելի արմատական բնույթ է ստանալու, գուցե եւ ավելի կոպտանալու է հասնելով անձնական վիրավորանքների տիրույթ: Ու այս դեպքում արդեն Արծրուն Հովհաննիսյանի պաշտպանական գրառումներն ու ակնարկները, կամ հենց նույն Վիգեն Սարգսյանի թափանցիկ եւ ազնիվ աշխատելու հավաստիացումները տասը դրամի արժեք այլեւս չունեն, քանի որ հասարակությունը իրեն, իր խոսնակին, իր ղեկավարությանը, ամբողջ կառավարող համակարգին, Հանրապետության նախագահին այլեւս չի վստահում, եւ չի վստահում վաղուց: Ասվածը զուտ միայն «պարապ, չար եւ նախանձ մարդու կամ դժգոհներից մեկի» շարադրանքը չէ, այլ ունի լուրջ կռվաններ, որոնցից մեկը ամեն դեպքում կներկայացնենք ստորեւ:



Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ հիշել է տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպք, թե ինչպես Գյումրիում գյումրեցիները իսկական համաժողովրդական հանգանակություն կազմակերպեցին եւ փրկեցին Գյումրու անկախ լրատվական ալիք-ԳԱԼԱ հեռուստաընկերությունը փակվելուց: ԳԱԼԱ-ի կողքին այդ ժամանակ բոլորն էին` հոգեւոր թեմի առաջնորդը, տարբեր մտավորականներ, նույնիսկ` պաշտոնյաներ, հասարակ մարդիկ, թոշակառուներ, որոնք իրենց վերջին կոպեկները տրամադրում էին, որպեսզի «ճիշտը խոսացող» հեռուստաընկերությունը շարունակի գործել: Արդյունքում ԳԱԼԱ-ն մնաց եւ այսօր էլ հաջողությամբ գործում է, շարունակելով վայելել սեր եւ հարգանք հասարակայնության ամենալայն շրջանակների մոտ: Այդ ժամանակ, ինչպես շատ տեղին նկատել է Լեւոն Բարսեղյանը, որեւէ մեկի մտքից չէր էլ անցնում կասկածել հանգանակության օգտագործման արդյունավետությանը: Եվ գիտեք ինչու, որովհետեւ մարդիկ վստահում էին իրենց դիմաց կանգնած հանգանակության հեղինակներին, հավատում էին նրանց ազնվությանը եւ չէին սխալվում:



Իսկ այսօր, որքան էլ, որ Սերժ Սարգսյանը մտածի, թե Վիգեն Սարգսյանը «չկեղտոտված» պաշտոնյա է, որքան էլ որ Վիգեն Սարգսյանի մղումների զինվորին օգնելու հարցում լինեն ազնիվ, բարի եւ քրիստոնեական, միեւնույնն է, եւ Սերժ Սարգսյանը եւ Վիգեն Սարգսյանը ֆիասկո են ապրելու, քանի որ չկա հավատ եւ վստահություն իմ եւ ինձ նման հարյուր հազարավոր մարդկանց մոտ ու Վիգեն Սարգսյանն արդեն համարվելու է «կեղտոտված» քանի որ «թաթախված» է այդ ամենում: Եվ որպես այս դրվագի ամփոփում. Վիգեն Սարգսյանին չեն փրկի «չհասկացված» լինելու, «չարությամբ լցված մասաներով» շրջապատված լինելու մասին ինքնարդարացումները, որոնք տվյալ դեպքում միայն «կեղտոտ սրտի մխիթարանք» են եւ ոչ ավելին:



Տիգրան Վահանե