Արգելվել է ռուս քաղաքագետի մուտքը ԵՄ

Արգելվել է ռուս քաղաքագետի մուտքը ԵՄ
Ռուս քաղաքագետ եւ լրագրող Օլեգ Բոնդարենկոյի մուտքը ԵՄ տարածք արգելվել է: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման, քաղաքագետը Բեռլինի Թեգելի օդանավակայանում չի կարողացել անցնել հսկիչ-անցագրային կետի ստուգումը, որտեղ պարզ է դարձել, որ Լեհաստանի պահանջով նրա մուտքը ԵՄ արգելված է: Բոնդարենկոն TACC-ի հետ զրույցում հայտարարել է, որ իրեն չի բացատրվել այդ արգելքի հիմքերը եւ միայն ասվել է, որ արգելքը գործելու է երեք տարի:



Նա նաեւ նշել է, որ Բեռլին մեկնել է Գերմանիայի ձախերի կուսակցության հրավերով, քաղաքական միջոցառման մասնակցելու համար: Նշվում է, որ ոստիկանական հսկողության տակ նրանց տեղափոխել են Բեռլինի Շենֆելդի օդանավակայան, որտեղից էլ նա պարտավոր է վերադառնալ Մոսկվա: Բոնդարենկոն նկատել է, որ վերջին անգամ եղել է Լեհաստանում երեք տարի առաջ, որեւէ բան չի գրել այդ երկրի մասին եւ չի կարող լինել թե ինչով պայմանավորված կլինի այդ հայցը, որի հիման վրա էլ իր մուտքը ԵՄ երեք տարով արգելվել է: