Ի՞նչ պարտադիր է անպայման փողոց դուրս գալ

Ի՞նչ պարտադիր է անպայման փողոց դուրս գալ
ԵԼՔ դաշինքը հունվարի 19-ին բոլորին հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների։



Ի՞նչ է անելու «Ծառուկյան» դաշինքը` մասնակցելու է բողոքի երթին, թե շարունակելու է վարչապետի դեմ պայքարը խորհրդարանի ամբիոնից, այս եւ այլ հարցերի մասին լսեցինք «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանին։



-«Ծառուկյան» դաշինքը արդեն մի քանի անգամ եւ բյուջեի քննարկումների ժամանակ եւ այլ առիթներով մեր մտահոգությունները հայտնել ենք։ Մեր պատգամավորները բազում ելույթներ են ունեցել, որ հունվարի 1-ից թանկացումներ են սպասվում եւ մենք աննախադեպ գնաճ ենք ունենալու։ Այսինքն մենք շուտ ենք մեր մտահոգությունները հայտնել ու էսօր չի, որ պիտի հելնենք փողոց ու ասենք, գիտեք ինչ ժողովուրդ, ամեն ինչ թակացրել են, էն ժամանակ, որ մենք ասում էինք, որեւէ մեկը չէր արձագանքում։



**-Թանկացումներն այլեւս փաստ են, ԵԼՔ-ն ասում է, որ խորհրդարանական պայքարը սպառվել է, տեղափոխվում ենք փողոց։ Դուք համամի՞տ չեք ձեր գործընկերների հետ։**



-Չէ բայց բերեք ազնիվ լինենք, ինչքան էլ քաղաքականությունը քաղաքականություն լինի, մոտեցումներն էլ տարբեր լինեն, բայց բերեք լինենք ազնիվ, էն ժամանակ, որ մենք ասում էինք, որեւէ մեկը չէր արձագանքում։



-**Դուք կոչ չէիք անում փողոց դուրս գալ, ընդամենը սպասվող թանկացումների մասին քննադատական ելույթներ էիք ունենում։**



-Բայց էն ժամանակ, որ արձագանքեին․․․ ի՜նչ պարտադիր է անպայման փողոց դուրս գալ։



**-Իսկ ինչ պետք է անեին ձեզ արձագանքելով։**



-Մենք կգնայինք կհրավիրեինք Ազգային ժողով, կասեինք՝ էդպես չի ժողովուրդ ջան, եկեք էս խնդիրը կա։



**-Բայց թանկացումները մասսայական հունվարի 1ից եղան, հիմա քանի որ ժամանակին ձեր գործընկերները ձեզ չեն արձագանքել, դուք պետք է «ինադու» չարձագանքե՞ք։**



-«Ինադը » քաղաքական կատեգորիա չէ, 100 հատ նախագիծ է եղել, մենք միասին դեմ ենք քվեարկել, կամ չենք քվեարկել, դահլիճը միասին լքել ենք, ինչի՞ մասին է խոսքը։ Խոսքը գործողության արդյունավետության մասին է՝ ինչքանո՞վ դա կլինի արդյունավետ ։Եթե պիտի լինի «գալոչկա» դնելու համար, իհարկե, դեմ եմ, բայց եթե դա կբերի որոշակի արդյունքի, անշուշտ կողմ եմ։



**-Այսինքն դուք կարծում եք, որ խորհրդարանում մի քանի ելույթ ունեցաք ու եթե ձեզ միանային պիտի արդյունք լինե՞ր, իշխանությունը պիտի ընկրկե՞ր։**



-Իսկ եթե վաղը 200 հոգի փողոց դուրս եկան, իշխանությունը պիտի փոխի՞ իր վերաբերմունքը։



-**Ինչո՞ւ 200, եթե երկու դաշինքների ընտրազանգվածի մեկ տոկոսն էլ փողոց դուրս գա հազարավոր քաղաքացիների ըմբոստություն կլինի։**



-Ու դուք մտածում եք, որ հազարավոր մարդիկ դուրս կգա՞ն գնաճի դեմ։



-**Դուք կասկածո՞ւմ եք, որ եթե Ծառուկյանը կոչով փողոց հանի իր ընտրազանգվածին, մի քանի հազար մարդ դուրս չի գա։**



-Նախ ասեմ, որ այդ հարցերը դաշինքում չեն քննարկվել, երբ քննարկվի, այդ մասին ձեզ տեղյակ կպահենք, բայց ես նորից եմ կրկնում, որ իմ կարծիքով հարկավոր է այնպիսի բան անել, որը կունենա հետեւանք եւ արդյունք։



**-Օրինակ ի՞նչ անել։**



-Եթե քննարկման ընթացքում ես համոզվեմ, որ փողոց դուրս գալը արդյունք կտա, ես որպես Վարդեւան Գրիգորյան պատրաստ եմ դուրս գալու։



-**Պարոն Գրիգորյան, եթե ոչ խորհրդարանի ամբիոնի, ոչ փողոցի միջոցով մեր երկրում բան չփոխվի, այդ դեպքում չարժե՞, որ ընդդիմադիրները հավաքեն իրերը ու գնան իրենց տուն։**



-Ես չեմ ասում, որ ընդդիմությունը որոշակի գործողություններ պիտի չանի, ես ասում եմ պետք է անի այնպիսի բաներ, որոնք արդյունք են տալիս։



**Լուսինե Շահվերդյան**