Կարող ա նախագահը մեզ կանչում է շնորհավորի․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանին

Կարող ա նախագահը մեզ կանչում է շնորհավորի․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանին
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ գրավոր դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին եւ ԱԺ խորհրդի մյուս անդամներին՝ կոչ անելով չմասնակցել Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցությանը:



Գրության մեջ, որ Փաշինյանը հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում, մասնավորապես, ասված է. «ԱԺ աշխատակազմից տեղեկացա, որ ս/թ հունվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հրավիրված է ՀՀ նախագահի նստավայր՝ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության»։



Ազգային ժողովի խորհուրդը մի մարմին է, որին անդամակցում են Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահները, երեք խմբակցությունների ղեկավարները, մեկ խմբակցության քարտուղար, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները՝ փաստացի Ազգային ժողովի ղեկավար կազմը։ «Կարծում եմ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցման տարի հայտարարված 2018 թվականը այդ հայտարարության ոգուն եւ տրամաբանությանը հակասող հավաքով սկսելը կասկածի տակ է դնում կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առանց այն էլ կասկածելի գործընթացը։ Որեւէ մեկը իրավունք չունի եւ չպետք է հնարավորություն ունենա Ազգային ժողովի խորհրդին «իր մոտ կանչել» եւ նման գործելակերպը վիրավորական եմ համարում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի համար։ Ելնելով վերը նշվածից՝ բոլորիդ կոչ եմ անում չմասնակցել վերը նշված խորհրդակցությանը։ Եթե կա ԱԺ խորհրդի հետ որեւէ հարց քննարկելու անհրաժեշտություն, Սերժ Սարգսյանը ի՛նքը պետք է ԱԺ խորհրդին հարմար ժամանակ ներկայանա Ազգային ժողով», հիմնավորել է իր գրությունը։



Ծառուկյան խմբակցության պատգամավոր, ԱԺ գյուղատնտեսության, բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը ստացել է Փաշինյանի գրությունը, սակայն պաշտոնական տեղեկատվություն չի ստացել նախագահականում հրավիրված խորհրդակցության մասին․ «Ես անկեղծորեն տեղյակ չեմ, չգիտեմ ինչի համար են հրավիրել, Ազգային ժողովից ինձ ոչինչ չեն ասել, կասեն, խմբակցությունով կքննարկենք, ես մենակ որոշում չեմ կայացնելու», - մեզ հետ զրույցում ասաց Վարդեւան Գրիգորյանը։ Հետաքրքրվեցին՝ իսկ սկզբունքորեն համամի՞տ է Փաշինյանի դիրքորոշման հետ․ «Էլի եմ ասում, ես տեղյակ չեմ՝ ինչ խորհրդակցություն է, բայց եթե նախագահը հրավիրել է, հաստատ ինքնանպատակ չի կարող լինել, ինչ-որ խնդիրների շուրջ պետք է լինի»։



Վարդեւան Գրիգորյանը համաձայն չէ, որ «իր մոտ կանչելու» գործելակերպը վիրավորական է․«Կարող ա կանչում է մեզ շնորհավորելու, այսինքն նպատակը պիտի գիտենանք, թե ինչ նպատակով է կանչում», պատգամավորը օրինակով է վիճարկում գործընկերոջ մոտեցումը․ «Հիմա նախագահը մեզ նաեւ տոնական ճաշկերույթի էր հրավիրել, գնացինք, նույն տրամաբանությամբ ասեինք քանի որ ԱԺ նախագահն էլ է նման ճաշկերույթ կազմակերպել, ուրեմն թող նախագահը գա Ազգային ժողով, մենք չգնանք, հը՞, տրամաբանակա՞ն է»։



Պատգամավորն ասում է, որ եթե իրենց ընդդիմադիր գործընկերների համար նախագահի հետ ճաշկերույթների ավանդույթներն ընդունելի չեն, դա չի նշանակում, որ իրենց համար էլ պետք է դառնան անընդունելի․ «Գիտեք ընդդիմություն չի նշանակում ձեր ժուռնալիսների խոսքով՝ «սեւ ակնոցներով» նայել ամեն ինչին, կան մարդկային հարաբերություններ, որ ընդդիմություն ես , չի նշանակում, որ սուրը ձեռքդ պետք է առնես ու ասես․․․»։ Պատգամավորը տարակուսում է՝ «Ո՞վ է ասում», որ մեկի հետ հաց ես կիսում չպետք է էլ քննադատես․ «Վերջը մենք Ազգային ժողովում հարաբերվում ենք չէ՞ տարբեր բեւեռներում գտնվող պատգամավորների հետ»։



**Լուսինե Շահվերդյան**