Եթե նոր նախագահն ու վարչապետը մեր ծրագրերը հաշվի առնեն, մենք կկանգնենք նրանց կողքին

Եթե նոր նախագահն ու վարչապետը մեր ծրագրերը հաշվի առնեն, մենք կկանգնենք նրանց կողքին
Հարցազրույց Ծառուկյան խմբակցության պատգամավոր **Գեւորգ Պետրոսյանի** հետ։



-**Պարոն Պետրոսյան, տարեվերջին Գագիկ Ծառուկյանը Գյումրիում փակեց նախագահի թեկնածու առաջադրելու հարցը հայտարարելով, որ «Ծառուկյան» դաշինքը թեկնածու չի առաջադրելու, քանի որ չունի համապատասխան թվով պատգամավորներ, որպեսզի թեկնածուին անցկացնի։ Քաղաքականության մեջ ընդունելի՞ է այդ տրամաբանությունը, մոտեցումը**։



-Իհարկե, ընդունելի մոտեցում է։ Սա քաղաքական նպատակահարմարության խնդիր է եւ նաեւ իրավաբանական հնարավորությունների։ Եթե մարդը տեսնում է, որ առաջադրվելով բավարար ձայները չկա եւ այդ առաջադրումն ինքնանպատակ է, էլ դրա իմաստը ո՞րն է։ Ինքը ավելորդ գովազդվելու կարիք չունի։



-**Մինչդեռ դուք ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունն եք խորհրդարանում, հանրությանը կարող եք այլընտրանքային թեկնածու ներկայացնել**։



-Դե, այլընտրանք հանդիսանալը չի նշանակում պարտադիր թեկնածու ունենալ։ Մենք կարող ենք թեկնածու չունենալ, բայց դա մեզ չի խանգարում խորհրդարանական առաքելությունը ճիշտ իրականացնել։



-**Իսկ ո՞րն է լինելու ձեր դիրքորոշումն այս պարագայում, դե՞մ եք քվեարկելու, թե աջակցելու եք ՀՀԿ թեկնածուին**։



-Խմբակցությունում այդ հարցը չի քննարկվել, մենք այլ թեկնածուի սատարելու խնդիր չունենք, նման քննարկում չի եղել, կարծում եմ Ծառուկյանը շատ սպառիչ պատասխանել է, եւ ես չէ, որ պետք է ինչ որ բան ավելացնեմ։ Մենք որեւէ մեկին աջակցելու խնդիր չունենք`,ոչ խոստում ունենք, ոչ պարտականություն, հնարավոր է նաեւ չմասնակցենք այդ քվեարկությանը



-**Թեկնածու չառաջադրելն ինքնին աջակցությո՞ւն չէ իշխանություններին, չէ՞ որ ունեք հնարավորություն խոչընդոտելու ՀՀԿ-ի թեկնածուի ընտրությունը, գոնե ցույց տալ, որ ընդդիմություն կա**։



-Ձեր ասածը քաղաքագիտական ոչ մի օրինաչափության մեջ չի տեղավորվում։ Հիմա եթե ես որոշում եմ իմ ընտրատարածքում չառաջադրվել՝ հաշվի առնելով իմ ռեսուրսները, ուրեմն դա նշանակում է, որ ես մեխանիկորեն կամ միտումնավոր աջակցո՞ւմ եմ առաջադրվողներին։ Այո, չառաջադրվելով դաշտը մնում է բաց, բայց դա չի նշանակում, որ մենք կոնկրետ միտում ենք դրսեւորում այս կամ այն թեկնածուին աջակցելու համար։



-**Ինչպես ինքներդ ասացիք՝ դաշտը բաց է մնում, մինչդեռ դուք կարող եք ցույց տալ, որ Հայաստանում կա ընդդիմություն**։



-Դա ձեր կարծիքն է, դուք շատ լավ տեսնում եք, որ Ծառուկյան դաշինքը սահմանադրությամբ եւ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում միանգամայն պատասխանատու ձեւով իրականացնում է Աժ-ում եւ դրանից դուրս գործառույթները։ Միայն այն, որ մենք նախագահի թեկնածու չենք առաջադրում, հիմք չի, որ ընդդիմություն լինելը վիճարկվի կամ ասենք քաղաքական հետեւանքներ դրա հետ կապվեն, չենք ուզում, չենք առաջադրում, ուրեմն նպատակահարմար չենք համարում, մենք երբեք ինքնանպատակ քայլեր չենք անում։ Հիմա չառաջադրելու շարժառիթն այն է, որ մենք գտնում ենք, որ մեր խորհրդարանական ռեսուրսը բավարար չէ մեր թեկնածուի հաղթանակի համար։



-**Ձեր խորհրդարանական ռեսուրսը բավարար չէ ընդհանրապես որեւէ օրենք ընդունելու համար, այդ դեպքում ինչո՞ւ եք խորհրդարան եկել**։



-Ոչ, այդպես չի, մեր խորհրդարանական ռեսուրսը բավարար է շատ ու շատ հարցեր լուծելու համար։ Միայն դրանով չի կարելի կարծիք հայտնել։



-**Բայց կարծիք կա, որ դուք այնքան ընդդիմադիր չեք, որ նույնիսկ չեք ուզում ՀՀԿ-ի թեկնածուի համար խոչընդոտներ ստեղծել**։



-ՀՀԿ-ի թեկնածուն կդառնա նախագահ, թե չի դառնա, մենք չենք որոշում եւ դա մեր խնդիրն էլ չէ, համենայն դեպս այն ընտրված նախագահն ու վարչապետը, որոնք հաշվի կառնեն մեր ծրագրերը, մեր դաշինքի առաջադրած 15 կետերը, մենք կփորձենք կանգնել նրա կողքին, բայց եթե հաշվի չի առնի, մենք կիրականացնենք մեր ընդդիմադիր գործունեությունը։



-**Որն է այդ գործունեությունը**։



-Միայն նախագահի թեկնածու չառաջադրելով չի կարելի բոլոր հարցերին մոտենալ։



-**Իսկ նույն տրամաբանությամբ նաեւ վարչապետի թեկնածու չե՞ք առաջադրելու**։



-(Այս պահին Պետրոսյանի հետ կապն ընդհատվեց եւ այլեւս չվերականգնվեց)։



**Լուսինե Շահվերդյան**