Ռիտա ջան, չգիտեմ, չը-գի-տեմ

Ռիտա ջան, չգիտեմ, չը-գի-տեմ
Սերժ Սարգսյանի տունը կռիվ էր ընկել: Կինը` Ռիտան, համառորեն ուզում էր իմանալ, թե ով է լինելու ՀՀ վարչապետը, Սերժը չէր ասում:



- Ռիտա ջան, չգիտեմ, չը-գի-տեմ, ՀՀԿ-ն պետք է դեռ քննարկի,- փորձում էր խուսափել ամուսինը:



- Կգնաս՝ էդ հեքիաթները ՀՀԿ-ին կպատմես,- նեղանում էր Ռիտան ամեն անգամ ու գնում խոհանոց` իբր անհետաձգելի գործով:



Մի օր էլ Սերժ Սարգսյանը տուն է գալիս, սովորության համաձայն տնեցիների որպիսությունից հարցնում եւ հայտարարում, որ քաղցած է ու հավեսով տապակած կարտոֆիլ կուտեր:



- Չ՛կա,- պատասխանում է Ռիտան:



- Ինչո՞ւ, շուկա չե՞ս գնացել:



- Գնացել եմ, բայց ամաչեցի առնեմ:



- Կարտոֆիլ առնելն ամո՞թ է:



- Այ մարդ, դու թերթ-կայք չե՞ս կարդում, չե՞ս լսել, թե կարտոշկայի մասին ինչեր են ասել քո այդ ՀՀԿ-ական պատգամավորները:



- Հա, լսել եմ, մի քիչ չոբանավարի են ասել, բայց դրա մեջ ճշմարտության հատիկ կա: Ամեն դեպքում` նկատողություն եմ արել, որ այդպես չի կարելի, Շարմազանովն էլ բարձրաձայնել է այդ մասին:



- Էլի՞ Շարմազանով…



- ՀՀԿ խոսնակը նա է, բա ո՞վ հայտարարի… Դե լավ, բեր մի բան ուտեմ, քաղցած եմ: Վատիկանից չե՞ն զանգել, Պապը ո՞նց է:



- Զանգել են, լավ է:



Ռիտան սկսում է սեղան պատրաստել. գնում է խոհանոց, գալիս, գնում է, գալիս ու ամեն բան բերելիս գանգատվում` էս ի՞նչ է, ամեն րոպե մեկը զանգում է, հետաքրքրվում ամուսնուս ապագայով, իսկ ես, ամեն ինչից անտեղյակ, ասում եմ` չգիտեմ: Բա նախագահի կինն այդքան անտեղյա՞կ կլինի…



- Ռիտա, դե լավ, էլի…



- Ի՞նչ դե լավ: Հիմա էլ թերթերը գրել են, որ Արթուր Բաղդասարյանին Սահմանադրական դատարանի նախագահ ես նշանակելու: Հրայրի (Թովմասյան՝ խմբ.) կինն էր զանգել ահաբեկված, հարցնում էր` ճի՞շտ է: Բոլորին խառնել ես իրար` կապել իմ ջանին:



- Դու էլ ասա, որ այդ հարցերով ինձ հետ չես խոսում, քաղաքականությամբ չես զբաղվում…



- Ո՞ւմ ասեմ, իմ բոլոր ընկերուհիները իրենց ամուսինների գործերից տեղյակ են, հետաքրքրվում են… Ռուզանից (Խաչատրյան՝ խմբ.) ինչո՞վ եմ պակաս, որ Սեյրանն ամեն ինչ պատմում է նրան, իսկ դու ինձ ոչինչ չես ասում: Ես Ռուզանից եմ իմացել, որ Սեյրանին գործից հանել ես:



- Ավելի վատ Սեյրանի համար… Յա՛, տոլմա՞, շատ ախորժելի տեսք ունի, ամեն տեղ քո պատրաստած տոլմայի մասին եմ պատմում, Ռիտա ջան…



- Էլ խոսքը կտուրը մի գցիր: Արգամիչի կինն էր զանգել, այդքան լավ ենք եղել իրար հետ, իրար տուն գնալ-գալ, ասում է՝ ի՞նչ կլինի, մի հատ մարդուդ բերանի գոլն իմացիր, ի՞նչ է լինելու մեր վերջը, պե՞տք ա՝ մեր խնամուն ասենք` Ղարաբաղում մի քանի զորանոց էլ սարքի:



- Դո՞ւ ինչ ասացիր:



- Պարզ չէ՞, ասացի՝ չգիտեմ, բայց հենց իմանամ, կզանգեմ:



- Շատ ապրես, ճիշտ ես արել, մարդիկ, քանի դեռ չգիտեն իրենց ապագան, ավելի համբերատար են լինում եւ շրջահայաց:



- Բայց ես էլ չեմ համբերում: Ընկերուհիներս զանգում են, աչքալուսանք են տալիս քո նոր պաշտոնի կապակցությամբ, շնորհավորում, իսկ ես չգիտեմ ինչ ասեմ… Սահմանադրությունը փոխեցիր, ամեն ինչ խառնվել է իրար…



- Ի՞նչն է խառնվել… Բայց տոլման իրոք անզուգական է, էլի, լավաշ բեր…



- Էդ մեկն էլ առանց լավաշ կեր… Նախկին սահմանադրությամբ ես առաջին տիկին էի, իսկ հիմա ո՞վ է լինելու առաջին տիկին, չլինի՞ Էդվարդի (Նալբանդյան՝ խմբ.) կինը:



Սերժ Սարգսյանին մի ծիծաղ է բռնում, մի ծիծաղ…



- Քիչ մնաց խեղդվեի, Ռիտա… Դու 10 տարվա ժամկետդ սպառել ես, հո հավերժ առաջին տիկին չե՞ս մնալու, մարդիկ ի՞նչ կասեն, մանավանդ` Եվրոպան:



- Համեստությունդ ուղղակի սպանում է` Եվրոպան ի՞նչ կասի, մարդիկ ի՞նչ կասեն… Իսկ քեզ չե՞ն ասի:



- Ես էլ նախագահ չեմ լինելու, ի՞նչ պետք է ասեն ինձ:



- Նախագահ չես լինելու, վարչապետ ես լինելու…



- Ի՞նչ գիտես:



- Ինչ գիտե՞մ… Գրիգորիչն ու Շարմազանովն էին խոսում, լսեցի:



- Ի՞նչ էին խոսում:



- Ասում էին` անվտանգության հարցերով Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա:



- Հա՞…



- Այ մարդ, դու ինձ կգժվեցնես… ես չեմ հասկանում, թերթ չե՞ս կարդում, թե՞ որոշել ես վարչապետ էլ չդառնալ…



- Օֆ, օֆ… մեր գյուղի պանրից չկա՞, մի կտոր բեր…



Ռիտան ինչ-որ բան էր ուզում ասել, բայց այդ պահին խալաթի գրպանում հեռախոսը զանգեց:



- Ալլո՞, վա՛յ, Սիրարփի ջան, էս ո՞ր քամին է քեզ ստիպել զանգես, сколько зим, сколько лет, ո՞նց եք… Սե՞րժը, չէ, տանը չէ, հանրապետությունում էլ չէ, հա, հա, գործերը շատ են, ասա` երեսը տեսնո՞ւմ ենք… ե՞րբ պետք է այս երկու ամիսն էլ անցնի, մի քիչ հանգստանա… Ի՞նչ, վա՛յ, աչքդ լույս, Աշոտիկն այդքան մեծացել է, հա՞, բախտավոր լինեն երեխեքը, մի բարձի ծերանան… Ախ, գո՛րծ չունի… Հա, հիմա դժվար է գործ ճարելը… Դե իհարկե, կխոսեմ, նա Աշոտիկին շատ էր սիրում փոքր ժամանակ, կհիշի, իհարկե կհիշի… Վարչապետի համար դժվար չի լինի մի գործ ճարելը, բայց դեռ պարզ չէ… Չէ, չէ, դեռ պարզ չէ… Դրանք խոսակցություններ են, խոսակցություններ… Բոլորով սպասում ենք Շարմազանովի հայտարարությանը… Հա, մենք էլ, ինքն էլ է սպասում… Հա, հենց Շարմազանովը հայտարարի` զանգ տուր… Սիրով, սիրով, Սիրարփի ջան, բա էլ ո՞ր օրվա ընկերուհիներ ենք, բարեւիր ձերոնց, լավ, լավ… բարի գիշեր:



- Սիրարփին ո՞վ է, Ռիտա:



- Ընկերուհիս, չլսեցի՞ր: Խնդրում էր նոր կառավարության մեջ Աշոտիկին էլ հաշվի առնես:



- Աշոտի՞կն ով է…



- Վա՞յ, Աշոտի՞կը, հիշո՞ւմ ես, որ Սիրարփիի հոր դաչեն էինք գնացել, ու այնտեղ մի չարաճճի տղա կար…



- Չէ…



- Այ, որ ինձ հետ ավելի հաճախ կիսվեիր քո հարցերով, այդպես չէր լինի, ես կիմանայի` ում ինչ ասել… Հարյուր տեղից Նոր տարվա կորպորատիվների հրավեր ունեմ, ամեն տեղ նույն հարցն են տալու` հը, ի՞նչ որոշեց ամուսինդ, ի՞նչ պատասխանեմ… Գոնե մինչեւ Նոր տարի Շարմազանովը կխոսի՞:



- Եսի՞մ…



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**