Ազգային պարկերում ձիերն «ինքնասպան» են լինում

Ազգային պարկերում ձիերն «ինքնասպան» են լինում
Բնապահպանության նախարարությունը վերջին տարիներին բյուջետային եւ դրամաշնորհային միջոցներով իր ենթակայության տակ գործող հատուկ պահպանվող տարածքների համար ձիեր եւ ամենագնաց մեքենաներ է ձեռք բերել։ Մենք հետաքրքրվեցինք, թե երբ, որ պարկի համար ինչ քանակությամբ ձի եւ մեքենա է ձեռք բերվել, ինչ միջոցներով, եւ դրանց որ մասն է այսօր ծառայում  նպատակին։ Տեղեկություն էինք ստացել, որ, օրինակ, ձիերի մի մասը ժամանակի ընթացքում յուրացվել է։



Բնապահպանության նախարարության աշխատակազմից մեզ հայտնեցին, որ ԲՆ կողմից բյուջետային միջոցներով «Շիկահող պետական արգելոց» ՊՈԱԿ-ի (ներկայում` «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ) համար 2006 թվականին ձեռք են բերվել ՈՒԱԶ-374102 (3 մլն․ 985 հազար դրամ), 2007 թվականին՝ ԳԱԶ 33081-50 (6 մլն․ 700 հազար դրամ) ավտոմեքենաներ, որոնք շահագործվում են: Բյուջեի հաշվին Խոսրովի անտառի համար էլ 2008 թվականին ձեռք է բերվել 1 հատ ՈՒԱԶ (5 լն․ 945 հազար դրամ), 2009 թվականին՝ 2 հատ ՈՒԱԶ (10 մլն․ 120 հազար դրամ) եւ 1 հատ ԳԱԶ-66 (6 մլն․ 680 հազար դրամ) ավտոմեքենա: ՈՒԱԶ ավտոմեքենաներից մեկը դուրս է բերվել շահագործումից, իսկ մյուսները շահագործվում են: 2006-ին բյուջետային միջոցներով գնվել է նաեւ 6 ձի (750 հազար դրամ), որոնք այս տարիների ընթացքում սատկել են տարբեր հիվանդությունների պատճառով: Այնուհետեւ՝ 2013-2014 թվականներին դրամաշնորհային միջոցներով ձեռք է բերվել  18 ձի (5 մլն․ 400 հազար դրամ), որոնք բազմացել են, եւ ներկայում առկա է 25 ձի:



Նախարարությունը ձիեր եւ մեքենաներ ձեռք է բերել նաեւ դրամաշնորհային միջոցներով։ Մասնավորապես`  բնապահպանության նախարարության ԾԻԳ-ի կողմից դրամաշնորհային միջոցներով 2007-ին «Սեւան» ազգային պարկի համար ձեռք է բերվել 5 հատ ՎԱԶ-21214  (յուրաքանչյուրը՝ 4 մլն․140 հազար դրամ) եւ 1 հատ ՈՒԱԶ-3163 (9 մլն․ 430 հազար դրամ) մակնիշի ավտոմեքենա, որոնք շահագործվում են: Նույն դրամաշնորհային միջոցներով 2007 թվականին «Դիլիջան» ազգային պարկի համար ձեռք են բերվել 4 հատ ՎԱԶ-21214 (յուրաքանչյուրը՝ 4 մլն․ 140 հազար դրամ), 1 հատ ՈՒԱԶ-33036 (5 մլն․ 743 հազար դրամ), 1 հատ ՈՒԱԶ-3163 (9 մլն․ 436   հազար դրամ), 1 հատ ԳԱԶ-66 AOS (հրշեջ) (27 մլն․ 318 հազար դրամ) մակնիշի ավտոմեքենա եւ 17 հատ ձի (յուրաքանչյուրը՝ 528 հազար դրամ): Բոլոր ավտոմեքենաները շահագործվում են, իսկ ձիերից առկա է 8-ը, մյուս 9-ը սատկել են տարբեր հիվանդությունների պատճառով:



Ստացվում է՝ 10 տարվա ընթացքում «Դիլիջան» ազգային պարկում ոչ միայն հազարավոր ծառեր են հատվել, այլեւ 9 ձի է սատկել։ Ի դեպ, դա տեղի է ունեցել հիմնականում բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի եւ «Դիլիջան» ազգային պարկի նախկին տնօրեն Աշոտ Դավթյանի կառավարման շրջանում։ Կասկածներ կան, որ, օգտվելով Հարությունյանի օրոք տիրող ամենաթողությունից եւ կոռուպցիոն իրավիճակից, այդ ձիերը տարբեր ճանապարհներով յուրացվել են։ Հաջորդ նախարարը՝ Արամայիս Գրիգորյանը, հետաքրքրվել է, թե ինչ է պատահել ձիերի հետ։ Արդարացումները եղել են տարբեր՝ մի ձին իբր սատկել է, մյուսը ժայռից է ընկել, երրորդին գայլն է կերել։ Սա անգամ հումորի առիթ է տվել այն, թե «Դիլիջան» ազգային պարկում ձիերը հերթով ինքնասպան են լինում։ Մինչդեռ կասկածներ կան, որ դրանք ուղղակի յուրացվել են։ Խոսրովի անտառում էլ, փաստորեն, 6 ձի է սատկել ու կրկին՝ անհայտ պատճառներով։ Եվ որեւէ մեկը չի փորձել պարզել, թե ինչպես է ստացվում, որ նախարարությունը 6 հատ ձի է գնում, վեցն էլ սատկում են, կամ 17 ձիուց ընդամենը 8-ն է մնում։ Արամայիս Գրիգորյանը եւ այլ վերահսկող մարմիններն էլ, փաստորեն,  չեն փորձել խորանալ պատճառների մեջ ու մեղավորներին գտնել։



Նախարարության գնումները, սակայն, այսքանով չեն ավարտվել։ Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից դրամաշնորհային միջոցներով «Արփի լիճ» ազգային պարկի համար 2009 թվականին ձեռք է բերվել 1 հատ  Nissan Pathfinder  ամենագնաց (7 մլն․ 300 հազար դրամ), 2010 թվականին՝ 1 հատ Mitsubishi Montero (6 մլն․ 888 հազար 889 դրամ), 2014 թվականին՝ 2 հատ Chevrolet Niva (յուրաքանչյուրը՝ 5 մլն․ 990 հազար դրամ), 2015 թվականին էլ՝ 3 հատ տարբեր մոդիֆիկացիաների ՈւԱԶ մակնիշի ամենագնացներ (7 մլն․ 100 հազար, 7 մլն․ 300 հազար եւ 8 մլն․ դրամ)։  2014 թվականին էլ այս պարկի համար գնվել է 10 հատ ձի (յուրաքանչյուրը՝ 410 հազար դրամ): Ավտոմեքենաները շահագործվում են, եւ առկա են բոլոր  ձիերը: Այս պարկը, փաստորեն, մյուսների համեմատ ամենահարուստն է իր ավտոպարկով եւ ձիերի քանակով, որոնք ինքնասպան չեն լինում եւ գայլերի բաժին չեն դառնում։



 



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**