Դուք միք մտածի, որ հեսա ամբողջ գյուղը պտի իրար ուտի, ոստիկանն էլ ընդեղից չբացակայի

Դուք միք մտածի, որ հեսա ամբողջ գյուղը պտի իրար ուտի, ոստիկանն էլ ընդեղից չբացակայի
ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման զեկուցողը՝ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը վստահեցրեց, որ բոլոր մտահոգությունները, որոնք հնչել են հանրային քննարկումների ժամանակ, լուծումներ ստացել են: Հանրապետական Ռուստամ Մախմուդյանը հետաքրքրվեց՝ ինչ պետք է հասկանալ «այլ բռնի գործողություններ», «ֆիզիկական տառապանք» եզրույթների տակ: Պարզաբանվեց, որ այդ ձեւակերպումներն առկա են Քրեական օրենսգրքում, եւ այս օրենքում որեւէ նոր բան գրված չէ: Իսկ եթե երեխան ուզում է գիշերվա ժամը 1-ին դուրս գալ, ծնողը թույլ չի տալիս, բռնի գործողությո՞ւն է, թե՞ ոչ: «Եթե այդ նույն ձեւակերպումները կան մեր Քրեական օրենսդրության մեջ, եւ ոչ մեկի մտքով չի անցնում թեւից քաշելը մտցնել այդ բռնի գործողությունների տակ, ապա ինչո՞ւ պետք է այս օրենքի պարագայում դա այդպես համարվի։ Վստահ եմ, որ երեխային թեւից քաշելու համար պատասխանատվության ենթարկելու օրինակներ չենք ունենա»,- պատասխանեց **Վիգեն Քոչարյանը**:



ԱԺ փոխնախագահ **Արփինե Հովհաննիսյանն** էլ հավելեց, որ ծնողի՝ երեխային տնից ուշ ժամի դուրս գալը կամ որեւէ տեղ գնալն արգելելը, կամ եթե երեխան ընկել է անցանկալի շրջապատ, նրան այնտեղից կտրելը եւ նմանատիպ օրինակների համար հիմք դարձած ձեւակերպումներն օրինագծից հանվել են: Երեխաներին կարող են ընտանիքներից վերցնել կամ մեկուսացնել միայն ծնողի կամ երեխայի օրինական ներկայացուցչի մասնակցությամբ:



Պատգամավոր **Գեւորգ Պետրոսյանը** կարծիք հայտնեց․ «Զավեշտալի է վերնագրում ընդգրկված «ընտանեկան համերաշխություն» ձեւակերպումը, օրենքով համերաշխությունը վերականգնելը նույնն է, ինչ, եթե ասես «օրենք՝ ընտանիքում բարձր տրամադրություն առաջացնելու մասին», օրենքով պարտադրես, որ գերիշխեն բարիդրացիական ավանդույթներն ընտանիքում եւ այլն»: «Ասենք՝ մի տղամարդ մի ուրիշ կնոջ հետ, որոնք 2-ն էլ ընտանեկան բռնությունից տուժած են, էդ օրը որոշեն իրար մխիթարել: Ու հանկարծ որ չստացվի, ի՞նչ է սպասվում էդտեղ»,-հարցրեց պատգամավորը: Նրա կարծիքով՝ ոստիկանական համակարգում քիչ չեն «մարդու կերպարանքով շարժական այն զանգվածները, որոնք առիթը բաց չեն թողնում՝ օրենքը չարաշահել քաղաքացիների նկատմամբ»․ «Այդ ո՞նց պետք է հատուկ ստորաբաժանում ստեղծվի, երբ պետք է ոստիկանները վերապատրաստվեն, ի՞նչ միջոցներով, բյուջեում շատ բաների համար փող չկա, իսկ սրա համար կա՞»։



Նա մի դեպք նկարագրեց, երբ ընտանիքում բռնությունից տուժած մի կին դիմել է ոստիկանություն, 3-4 օր պահել են բաժանմունքում, ինչ է թե՝ պետը դեռ չի եկել. «Պետն էլ, հավանաբար, գնացել էր ըմբոշխնելու ամառային երեկոների հաճույքը չգիտեմ որ հիմնարկներում: Կինը մնացել էր բաժանմունքում, ու այդ ընթացքում հարցեր էին տվել, որոնք բուն գործի հետ կապ չունեն»:



«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր **Վանիկ Ասատրյանն** էլ պոռթկաց․ «Ես Սպիտակից եմ, ինձ թվում էր, թե միայն գյուղաբնակներն ունեն մտահոգություն՝ այս նախագծի հետ կապված»: Պատգամավորը տեղեկացրեց, թե այս նախագծի հետ կապված ինչ են իրեն ասել սպիտակցի կանայք. «Ասում էին՝ հլը մի հատ ոստիկան մտնի իմ տուն, իմ մարդն ա՝ խմել ա, ծեծել ա: Գյուղերում այսպես են ընդունում ու շատ վատ են անդրադառնում այս հարցերի շուրջ»:



Հանձնաժողովի նախագահ **Հրայր Թովմասյանն** ասաց՝ գիտենք, գյուղական համայնքներում գյուղապետը կգնա կբարիշացնի, քավորը կանի, բայց այս օրենքը չի արգելում դա անել. «Ձեր բերած օրինակում, երբ կինը կասի՝ լավ ա արել, ծեծել ա, վաղը կբարիշեմ, այդ դեպքում առավելագույնը, որ կարող է անել ոստիկանը, ասելն է, զգուշացնելն է, որ վաղը կնոջդ էլ չծեծես, ուրիշ բան չի կարող անել»: Նախագծին կողմ քվեարկեցին ՀՀԿ-ական պատգամավորները, դեմ՝ Գեւորգ Պետրոսյանը, զեկուցողն ասաց, որ պատգամավորների 50-ից ավելի առաջարկ ընդունվել է։ Նախագիծը մտավ ԱԺ մեծ օրակարգ եւ կքննարկվի առաջիկա նիստերում։ Քննարկումից հետո մի քանի հարց տվեցինք Վանիկ Ասատրյանին։



**-Պարոն Ասատրյան, եթե ընդունվի այս օրենքը, ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս կանդրադառնա ձեր տարածաշրջանի ընտանիքների վրա։ Կանայք ինչպե՞ս կվարվեն իրենց տուն այցելած ոստիկանների հետ**։



-Ես էլ չեմ ուզում այդ մասին խոսել, իմ մտահոգությունը հայտնեցի եւ լսեցի, որ չի կարա ՀՀ օրենքի մեջ գյուղական համայնքների համար ուրիշ տեսակ լինի, մնացածին՝ ուրիշ, այնպես որ, հարցը փակված է, բոլորը ՀՀ քաղաքացիներ են։



**-Իսկ, Ձեր կարծիքով, երբ օրենքն սկսի գործել, ի՞նչ հետեւանք կունենա ձեր տարածաշրջանում**։



-Երբ ընդունվի, կգործի, մենք էլ կապրենք՝ կտեսնենք։ Ես կանխատեսման լիցենզիա չունեմ, բայց կարող եմ ասել, որ վտանգ չկա, ուղղակի գյուղական համայնքում, էլի պիտի նշեմ, որ ընտանիքներն իրենք իրենց հարցերը լուծում են, կինն ասում է՝ իմ ամուսինն է ու ես, գործ չունեք, էգուց կբարիշենք։ Մենք երեւի դեմ ենք քվեարկելու այս օրենքին։



**-Իսկ եթե**… (**հարցը չի թողնում հնչեցնել**)



-Էէէ, Դուք միք մտածի, որ հեսա ի՜նչ պիտի լինի, ամբողջ գյուղը պտի իրար ուտի, ոստիկանն էլ ընդեղից չբացակայի․ մեր ժողովուրդն էդպիսին չէ, բացի էդ էլ՝ քննարկում ենք, ու դա չի նշանակում, թե ոստիկանը եկավ ու սաղին տարավ։ Ոստիկանը ոչ մի բան էլ չի կարող անել, մի հատ էլ մտավ, հետո՞, կասեն՝ բան չկա, կբարիշեն, կասեն՝ ոստիկան, դու գնա։



**-Ու կգնա**՞։



-Ես ըլնեմ՝ կգնամ, դու ըլնես՝ չես գնա։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**