Բաբլոյանին հանե՞լ, թե՞ պահել

Բաբլոյանին հանե՞լ, թե՞ պահել
Արդեն մի քանի ամիս է՝ քաղաքական շրջանակների ողջ ուշադրությունը բեւեռված է դեպի 2018-ի ապրիլ եւ հատկապես, թե ով կդառնա ՀՀ վարչապետ, որը, համաձայն նոր Սահմանադրության եւ կառավարման մոդելի, կվերցնի երկրի փաստացի ղեկավարումը։ Թե քաղաքական վերնախավում դրանից բխող էլ ինչ փոփոխություններ կլինեն, ովքեր հրաժեշտ կտան պաշտոններին, ովքեր պաշտոններ կստանձնեն ամբողջովին իր լիազորությունների մեջ մտած պառլամենտական համակարգում, դեռեւս պարզ չէ։ Թեպետ Սահմանադրության պահանջով միայն կառավարությունն է մեխանիկորեն լուծարվում Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո, այդուհանդերձ, տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԺ խոսնակի պաշտոնը կլքի նաեւ Արա Բաբլոյանը։



2018 թվականի ապրիլի 9-ին կլրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, նախագահի լիազորությունները կստանձնի ԱԺ-ի կողմից ընտրված նախագահը, որը գործադիր իշխանության վրա ազդելու լծակներից զրկված կլինի, այսինքն՝ ապագա նախագահն անգլիական թագուհու կարգավիճակում կլինի։ Նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո մեխանիկորեն կլուծարվի նաեւ գործող կառավարությունը, եւ վարչապետն ու կառավարության անդամները կդառնան ժամանակավոր պաշտոնակատարներ։ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ խմբակցությունները նախագահության ժամկետի ավարտից հետո իրավունք ունեն յոթնօրյա ժամկետում վարչապետի իրենց թեկնածուն առաջադրել: Նոր Սահմանադրությունը նման պահանջ չի ներկայացնում ԱԺ նախագահի դեպքում։ Սակայն, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, հնարավոր է առաջ գա նաեւ նրա փոփոխության հարցը։ Թեեւ հնարավոր է նաեւ, որ եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, չփոխի իր զինակից Բաբլոյանին։ Իսկ եթե որոշել է այնուամենայնիվ կատարել իր խոստումը եւ այլեւս ղեկավար պաշտոն չզբաղեցնել, այլ ստվերային կառավարում իրականացնել, ապա թերեւս Բաբլոյանին հրաժեշտ կտան, ու նրա փոխարեն կնշանակվի քաղաքական ինտրիգներին տիրապետող մեկը, որպեսզի կարողանա հակակշռել ապագա կառավարությանն ու վարչապետին։



Թեպետ Բաբլոյանի նշանակման առաջին իսկ օրերից նրան համարում էին ժամանակավոր, քանի որ պառլամենտական համակարգում ավելի քաղաքական ֆիգուր է հարկավոր։ Այդուհանդերձ, Բաբլոյանի պաշտոնավարման կարճ ժամանակը ցույց տվեց, որ նա հիմնականում բարեհաջող կերպով իրականացնում է իր պարտականությունները՝ ամեն դեպքում մեծ կիքսեր թույլ չի տվել, արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մտավոր կարողություններ ունի, ԱԺ ընդդիմության հետ կարողանում է հարաբերվել եւ այլն։ Իսկ ինչ տպավորություն է թողել նա հին եւ նոր օրենսդիրների շրջանում, եւ կառաջանա՞ արդյոք Բաբլոյանին ճանապարհելու եւ նրան որեւէ երկիր դեսպան ուղարկելու անհրաժեշտություն, փորձեցինք պարզել պատգամավորներից։



«ԱԺ նախագահները մշտապես փոխվել են քաղաքական որոշումների արդյունքում, եւ կուսակցությունն ինքն է որոշում՝ ում որտեղ եւ ինչ դիրքում առաջադրի»,- ասում է խորհրդարանի հնաբնակներից հանրապետական **Շիրակ Թորոսյանը**, որն աշխատել է թե՛ Հովիկ Աբրահամյանի, թե՛ Գալուստ Սահակյանի նախագահության օրոք, բայց չի կարող ասել՝ Բաբլոյանին պաշտոնանկ անելու անհրաժեշտություն կառաջանա՞, թե՞ ոչ։ «Ես չեմ մեկնաբանում բաներ, որոնք իմ մեկնաբանության տիրույթից դուրս են։ Հանրապետական կուսակցությունն է որոշելու պաշտոնների հանձնման եւ պաշտոնանկությունների հարցը, դա իմ որոշելիք հարցը չէ»,- ասում է նա։ Բա ասում էիք, թե մեկ անձի վրա հիմնված կուսակցություն չեք, բոլորդ ձայնի իրավունք ունեք։ «ԱԺ նախագահները փոխվել են քաղաքական որոշումների արդյունքում»։ Իսկ որեւէ դեպք չի՞ եղել, որ ԱԺ նախագահին փոխեիք իր գործունեության համար։ «ԱԺ նախագահները նորմալ կատարել են իրենց պաշտոնից բխող գործառույթները, բայց կուսակցությունն ինքն է որոշում՝ ում որտեղ եւ ինչ դիրքում առաջադրի»։



Արա Բաբլոյանի՝ ապաքաղաքական լինելու մասին գնահատականները Թորոսյանը չի մեկնաբանում․ «Դա դուք եք հորինում, հետո էլ մեկնաբանություն ուզում»։ Նախկին ոստիկանապետ՝ նույն խմբակցության պատգամավոր **Ալիկ Սարգսյանը** Բաբլոյանին ու նախկին խոսնակներին չի կարող համեմատել․ «Մի քանի նախագահ չեմ փոխել, որ իմանամ՝ ով ոնց էր աշխատում։ Ինչ տեսել եմ, ԱԺ նախագահ էդ մարդն ա՝ Բաբլոյանը։ Ինքն իր գործն անում է»։ Քաղաքական կոնյունկտուրայով պայմանավորված փոփոխության հարցին էլ Ալիկ Սերգեյիչը պատասխանեց․ «Սաղ խոսում են ապրիլի մասին՝ ապրիլ, ապրիլ, ես կարծում եմ, որ կառավարությունում փոփոխություն կլինի, բայց ԱԺ-ում՝ ոչ»։



Ծառուկյան կուսակցությունների դաշինքի անդամ Սերգեյ Բագրատյանը հարցը լսելուն պես զարմանք հայտնեց․ «Բայց ինչի՞ պիտի նման խնդիր առաջ կա, այդ ի՞նչ կա, որ ինքն իր կուսակցության սպասելիքները չի արդարացնում։ Նորմալ, զուսպ մարդ է»,- ասաց Բագրատյանը, ապա խմբագրեց խոսքը․ «Ապրիլի վերադասավորումներից հետո գուցե նման պահանջ առաջ գա, բայց այսօր ո՞վ կարող է ասել, թե ինչ կլինի»։



«Ելք» խմբակցության պատգամավոր **Արարատ Միրզոյանն** էլ կարծում է, որ ընդհանրապես ՀՀԿ բոլոր պաշտոնյաներին հեռացնելու պահանջ կա․ «Ինչ վերաբերում է կոնկրետ պարոն Բաբլոյանին, ապա կարծում եմ, որ եթե իշխանությունն այդ քայլին դիմի, ապա, վստահաբար, քաղաքական կոնյունկտուրայի հարց կա, որովհետեւ ես անձամբ պարոն Բաբլոյանից միայն աշխատանքային դրական տպավորություն ունեմ՝ անկախ մեր գաղափարական հակասություններից եւ անկախ այն բանից, որ նիստերի վարման ընթացքում բազմիցս հակասություններ ենք ունեցել»։ Նա հարցին հարցով է պատասխանում․ «Ի՞նչ է նշանակում՝ Բաբլոյանը քաղաքական ֆիգուր չէ, յուրաքանչյուրը, ով ակամա, թե իր կամքով, ով արդար, թե կեղծված քվեով հայտնվում է ԱԺ-ում, ի պաշտոնե արդեն քաղաքական ֆիգուր է»։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**