Ե՞րբ է ՃՈ-ն համարձակվելու տուգանել նաև «արտոնյալներին»

Ե՞րբ է ՃՈ-ն համարձակվելու տուգանել նաև «արտոնյալներին»
Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունն այսօր ՃՈ պետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ կամ բարեփոխումներ են կատարել իրենք այս տարվա ընթացքում։ Օրինակ՝ փոխել են հրապարակներում երթևեկության կարգը, նաև որոշ փողոցներում լրացուցիչ երթևեկության գոտիներ են առանձնացրել՝ միայն ձախ թեքվողների համար և այլն։ Սրանք, ըստ Եգոր Կարապետյանի, թեթևացրել են երթևեկությունը մայրաքաղաքում, ինչից էլ գոհ են վարորդները։ Բայց կան խնդիրներ, որոնք մի քանի տարի առաջ էլ էին ակտուալ, այսօր էլ, և այդ խնդիրների լուծման ուղղությամբ, փաստորեն, որևէ էական տեղաշարժ չկա։ Օրինակ՝ կայանումների հետ կապված խնդիրները չեն լուծվում։ Լրագրողները մատնաշեցին մի քանի փողոցներ ու խաչմերուկներ, այդ թվում՝ ոստիկանության շենքին մոտ գտնվող Նալբանդյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկը, որտեղ գտնվում է տնտեսագիտական համալսարանը և նկատեցին, որ դասի ժամերին այս խաչմերուկում ով ինչպես հասցնում՝ կայանում է, կանգառն ու կայանումն արգելող նշանները հաշվի չեն առնում, իսկ ՃՈ տեսուչներն էլ ոչինչ չեն ձեռնարկում այս ուղղությամբ։



Եգոր Կարապետյանն ասաց, որ եթե կարգախումբն անցնում է և ոչինչ չի ձեռնարկում, նշանակում է՝ այդ ժամանակ կարգախմբին տրված է հատուկ հանձնարարություն այդ հարցում։



**Hraparak.am**-ը նկատեց, որ կենտրոնի շատ փողոցներում, օրինակ՝ Աբովյան փողոցում, գրեթե միշտ կարելի է նկատել, թե ինչպես են շքեղ համարներով շքեղ մեքենաները, որոնց թվում լինում են նաև պետական պաշտոնյաների, այդ թվում՝ նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց զավակների մեքենաներ կայանում արգելված վայրերում, և ՃՈ տեսուչները նկատում ու ոչինչ չեն ձեռնարկում։ Մինչդեռ, նույն վայրում նրանց կողքը կայանած հասարակ համարներով հասարակ մի մեքենայի կարող են տուգանել կամ էվակուատորով հեռացնել։ Մենք երկու տարի առաջ էլ էինք այս հարցը բարձրացրել, հիմա էլ բարձրացրինք՝ արձանագրելով, որ այս ընթացքում որևէ տեղաշարժ, փաստորեն, չի գրանցվել այս հարցում։ Ուստի հարցրինք ՃՈ պետին՝ ե՞րբ են ճանապարհային ոստիկանությունում ձեռք բերելու այդ համարձակությունն ու կամքի ուժը՝ տուգանելու նաև իրենք իրենց, իրենց հարազատներին ու մյուս «արտոնյալ» վարորդներին՝ թույլ տված խախտումների համար։



Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ **Hraparak.am**-ը ֆիքսել էր, թե ինչպես է ոստիկանության պետհամարանիշով սև Toyota Corolla-ն կայանել Վերնիսաժին հարակից եեղ փողոցում, փակել այդ փողոցով ամբողջ երթևեկությունն ու առաջացրել խցանում։ Նմանատիպ դեպքեր կարելի է արձանագրել թերևս ամեն օր։ Մեզ փոխանցեցին, որ հրապարակումն ուսումնասիրվում է, թե ինչ կտա այդ ուսումնասիրությունը, կսպասենք ոստիկանության պատասխանին։



ՃՈ ղեկավարները փորձեցին մեզ համոզել, որ իրենք ամեն օր բազմաթիվ շքեղ համարանիշներով մեքենաների են կանգնեցնում, տոգանում, անգամ տանում տուգանային հրապարակ։



Մանրամասները՝ տեսանյութում․



Վ**ահե ՄԱԿԱՐՅԱՆ**