Օգնություն բժշկին, գազալցակայանի գանձապահին

Օգնություն բժշկին, գազալցակայանի գանձապահին
Հոկտեմբերի 4-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության տավուշցի պատգամավոր Սուրեն Մանուկյանն ուշագրավ հարցով դիմեց կառավարությանը։ Նա հայրենի մարզի ղեկավար Հովիկ Աբովյանին մեղադրեց մարզի համայնքների նկատմամբ խտրական վերաբերմունքի եւ ապօրինի գործունեության համար։ Խոսքն այն մասին է, որ շատ մարդիկ գրանցված են Կողբում, սոցիալապես անապահովների ֆոնդից են օգտվում, բայց փաստացի բնակվում են Երեւանում: Պատգամավորն ասաց, որ 2016թ. պետբյուջեով սոցիալապես անապահով խավին տրամադրվող գումարները բաշխվել են խիստ անհամաչափ, եւ ամենաշատը մարզպետը լավություն է արել իր հայրենի Կողբ գյուղի բնակիչներին՝ մոտ 4 միլիոն դրամ։ Մինչդեռ, օրինակ, Արծվաբերդին հատկացվել է ընդամենը 20 հազար դրամ, այն դեպքում, երբ բնակչության թիվը Կողբի համեմատ նույնն է: Նույն տրամաբանությամբ է հատկացվել նաեւ մարզի սահմանամերձ համայնքներին․ Այգեպարին՝ 150 հազար դրամ, Չինարիին՝ 200 հազար, Մովսեսին՝ 250 հազար, Այգեձորին՝ 60 հազար:



Պատգամավորի հիշատակած խնդրի վերաբերյալ մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզեցինք, որ, օրինակ, սոցիալապես անապահովների շարքում 150 հազար դրամի օգնություն է հատկացվել Երեւանում բնակվող բժիշկ Կարեն Բարսեղյանին։ Երկու տարի առաջ նա աշխատել է Իջեւանի հիվանդանոցում, 2016-ից տեղափոխվել Նոր Նորքի հիվանդանոցներից մեկը։ Նա գումարային աջակցության համար մարզպետարան է դիմել հոր վիրահատության համար։



Կողբ համայնքի ղեկավար **Կարեն Աղաբաբյանը** մեր հարցին ի պատասխան ասաց՝ եթե չի սխալվում, նշված անձը մինչեւ 2016 թվականն է տեղափոխվել Երեւան։ Հարցրինք՝ նրա ընտանիքը սոցիալապես անապահո՞վ է։ «Չէ, ուղղակի, որ մեծ գումարների հետ էր կապված, ենթադրում եմ՝ դրա համար։ Ես էլ եմ աջակցել, հորը վիրահատել էին, սրտի վիրահատություն էր, եւ մեծ գումարներ էին պահանջվում,- պատասխանեց Աղաբաբյանը՝ հավելելով նաեւ։- Ճիշտ է՝ բժիշկ է, բայց ոչ բոլոր բժիշկներն են հարուստ»։



Կամ՝ մարզպետն «օգնություն» է ցուցաբերել նաեւ իր սեփական գազալցակայանի գանձապահին՝ Ասլան Աղաբաբյանին՝ 80 հազար դրամով։ Ավելին՝ մեզ տեղեկություններ հասան, որ անցած տարի Հովիկ Աբովյանը, մասնակցելով իր օգնական Գեւորգ Ազատյանի հարսանիքին, որը Նոյեմբերյանի շրջանի կադաստրի պետի որդին է, բազում մարդկանց ներկայությամբ օգնականին կարգադրել է՝ երեք հոգու անձնագիր ներկայացնի, որպեսզի 100 հազարական դրամ դուրս գրի՝ որպես հարսանեկան նվեր։ Հովիկ Աբովյանի հետ կապ հաստատել հնարավոր չեղավ, խոսեցինք նրա օգնականի՝ Գեւորգ Ազատյանի հետ։ Հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է, թե ինչ սկզբունքով է բաշխվում օգնությունը։ Օգնականը պատասխանեց․ «Ոչ, իմ ֆունկցիաների մեջ չի մտնում»։ Բացասական պատասխան տվեց, թե ինքն էլ, իբրեւ հարսանեկան նվեր, այլ անձնագրերով գումար է ստացել այդ ֆոնդից, սակայն չհերքեց, որ անցած տարի է եղել հարսանեկան արարողությունը, իսկ թե ինչ նվեր է ստացել մարզպետից, պատասխանեց․ «Ձե՛զ ինչ»։

Խնդրի շուրջ մենք ավելի վաղ խոսել էինք պատգամավորների հիշատակած համայնքների ղեկավարներից մի քանիսի հետ, որոնք, հասկանալի պատճառներով, քար չէին նետել մարզպետի ուղղությամբ՝ ասելով, որ իրենց համայնքի բնակիչներին, ովքեր դիմել են մարզպետին օգնության նպատակով, Աբովյանը միշտ ընդառաջել է։



Սակայն յուրաքանչյուր մարզպետի աշխատանքի արդյունավետությունը նրանում է, որ սեփական նախաձեռնությամբ պարզի իր համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին ու հենց նրանց համար բյուջեով նախատեսված ֆոնդը բաշխի իրական հասցեատերերին, այլ ոչ թե ծանոթ-բարեկամ-հարեւաններին լավություն անի՝ օգտվելով բյուջեի հնարավորություններից։ Պարզվում է՝ նույն օրինաչափությունն է գործել նաեւ այս տարի։ Մարզպետը 2017 թվականի բյուջեի սոցիալապես անապահովների ֆոնդից փետրվարի 15-ի որոշմամբ 58 քաղաքացիների միանվագ օգնություն է հատկացրել 3 մլն․ 955 հազար դրամ։ Համեմատության համար նշենք, որ ցանկում 58 քաղաքացիներից 9-ին, որոնք մարզպետի հայրենի Կողբ համայնքից են, ընդհանուր հաշվով՝ մոտ 1 միլիոն դրամ է տրվել, նրանք ստացել են 100-200 հազարական դրամներ, մինչդեռ Իջեւանի բնակիչ Անժելա Տոնոյանին, օրինակ՝ 15 կամ Այգեհովիտ համայնքի բնակիչ Շարմաղ Եսայանին 20 հազարական դրամ են հատկացրել։



 



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**