Հայաստանը կարող է ունենալ ազգային ավիափոխադրող՝ Ռուսաստանի մասնակցությամբ

Հայաստանը կարող է ունենալ ազգային ավիափոխադրող՝ Ռուսաստանի մասնակցությամբ
Վերջերս մամուլում տեղեկություն հայտնվեց, որ ՀՀ քաղավիացիան մտադիր է ազգային ավիափոխադրող ունենալ Ռուսաստանի աջակցությամբ։ Ավիապարկն էլ պետք է ձեւավորվի ռուսական արտադրության Sukhoy superjet տեսակի ինքնաթիռներով, որոնք լայն պահանջարկ չունեն աշխարհում եւ իրենց որակական, անվտանգության եւ մյուս պարամետրերով էապես զիջում են ամերիկյան Boeing կամ եվրոպական Airbus մակնիշի օդանավերին։ Եվ կասկած կա, որ ՌԴ-ն բավական չէ՝ ցանկանում է զավթել հայաստանյան ավիացիան, դեռ մի բան էլ հայերի վրա է փորձում «սաղացնել» իր անորակ ինքնաթիռները, եւ ընկերություններ են եղել, որ դրանք պատվիրելուց հետո հետ են վերադարձրել։



ՀՀ քաղավիացիայի վարչության պետ **Սերգեյ Ավետիսյանը **մեզ հետ զրույցում հաստատեց, որ այս պահին ռուսական կողմի հետ այս առնչությամբ բանակցություններ են ընթանում։ «Շատ նախնական քննարկումներ են, որոնք որ, ըստ էության, ընթանում են տարբեր գերատեսչությունների կողմից՝ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Հայաստանի։ Համենայնդեպս, կա այդպիսի գաղափար, որը որ հիմա քննարկվում է բիզնես արդյունավետության տեսանկյունից՝ հնարավոր եւ ոչ հնարավոր լինելը։ Ինքը բազմաշերտ հարց է, որը պետք է բազմակողմանի քննարկվի, որը որ այս պահին տեղի է ունենում»,- ասաց նա։



**- Պարոն Ավետիսյան, ինչո՞ւ եք ուզում հայկական ազգային ավիափոխադրող ունենալ Ռուսաստանի աջակցությամբ կամ ռուսական հենքի վրա։**



- Եկեք էսպես դիտարկենք՝ սա ընդամենը առաջարկ է գործընկեր պետության կողմից, ըստ էության՝ ներդրում անելու։ Ու նմանատիպ առաջարկ կարող էր լինել ցանկացած այլ երկրից։ Ես կարծում եմ՝ սա էդ հարթության մեջ պետք չէ նայել, պետք է նայել, որ կա հետաքրքրություն՝ արտաքին աղբյուրներից ներդրում բերել Հայաստանի Հանրապետության ավիացիոն շուկա։ Հիմա, այս պահի դրությամբ Ռուսաստանն է, հնարավոր է վաղը լինի ոչ Ռուսաստանը։



**- Այսինքն՝ եթե ստացվի, վաղը մենք կարող է ունենանք Ռուսաստանի ազգային ավիափոխադրող Հայաստանում։**



- Չէ, եթե միջազգային իրավական հարթության մեջ նայենք տվյալ հարցին, ապա ե՛ւ մեր օրենքով, ե՛ւ միջազգային նորմերով կարգավորված է, որ տվյալ երկրի տեղական ավիափոխադրողն այն ավիափոխադրողն է, որի 51 տոկոսը պակասում է Հայաստանի Հանրապետությանը կամ ՀՀ քաղաքացուն։



**- Եթե նույն տարբերակով Ռուսաստանի փոխարեն, ասենք, Ինդոնեզիան մեզ նման առաջարկ աներ կամ Քաթարը, Հայաստանը հակված կլինե՞ր նույնկերպ այլ երկրի հետ համագործակցել։**



- Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, որը որ նաեւ բխում է միջազգային նորմերից, հայկական ավիափոխադրողն այն ավիափոխադրողն է, որի 51 տոկոսը պակասում է Հայաստանի Հանրապետությանը կամ ՀՀ քաղաքացուն։ Այն 49 տոկոսը պատկանում է Ինդոնեզիային, Պորտուգալիային եւ ցանկացած այլ երկրի կամ այլ երկրի քաղաքացուն։ Եվ ես իմ առաջին պատասխանում ասացի, որ եկեք դիտարկենք տվյալ հարցը, որ սա հնարավոր արտաքին աղբյուրների ներդրում է ՀՀ-ում, եթե սա լինի։



**- Տեսակետ կա, որ սա եւս մեկ քայլ է ՌԴ-ի կողմից՝ Հայաստանում իր ազդեցությունն ուժեղացնելու եւս մեկ ոլորտի հաշվին։**



- Դե հիմա, գիտե՞ք ոնց, Դուք կասեք տենց, ես կասեմ՝ բաժակը կիսով չափ լիքն է, բաժակը կիսով չափ դատարկ է։ Հիմա եթե սա լիներ Ինդոնեզիայի Ձեր ասած ներդրողը, Դուք պետք է ասեիք, որ սա հերթական քայլն է, որ Ինդոնեզիան մեր մոտ ինչ-որ բա՞ն է անում։



**- Պարզապես Ռուսաստանի պարագայում բաժակը գրեթե ամբողջությամբ լիքն է հայաստանյան շուկան գրավելու մասով, մեր երկրի գրեթե բոլոր կարեւոր ստրուկտուրաները պատկանում են Ռուսաստանին, հիմա էլ ավիացիան է դառնալու Ռուսաստանինը։**



- Ռուսաստանինը չէ, մենք չունենք ինչ-որ բան, հնարավոր է ունենանք ինչ-որ բան դրսի աղբյուրների հաշվին նաեւ։ Էստեղ ես բացասական կողմ եմ ուզում տեսնել, ճիշտն ասած, ու չեմ գտնում։



**- Ի դեպ, պարկը պետք է համալրվի ռուսական արտադրության Sukhoy Superjet տիպի օդանավերով, որոնք չեն արդարացնում իրենց, եւ շատ գնորդներ հետ են վերադարձրել։ Տպավորություն է, որ սրանք այս ճանապարհով մեզ վրա «նաղդելու» փորձ է։**



- Եկեք էդ հարցն ուղղեք նրանց, ովքեր դրանք հետ են վերադարձրել, մենք առաջնորդվում ենք միջազգային նորմերով, եվրոպական ավիացիոն ստանդարտներով, IKAOի փաստաթղթերով, որտեղ որ տվյալ օդանավը, կարող եք հետաքրքրվել, ունի իր ուրույն տեղը։ Եվ Brussels Airlines-ը, օրինակ, որն օգտագործում է Sukhoy Superjet, կարծում եմ՝ դրա վառ ապացույցներից մեկն է։



**- Հիմա ի՞նչ փուլում են այդ բանակցությունները, եւ ինքներդ հակվա՞ծ եք բանակցությունների դրական արդյունքի։**



- Աշխատանքային փուլում է գտնվում կոնտակտը ոչ միայն քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից, այլեւ որոշ այլ գերատեսչությունների կողմից։ Դեռ շատ շուտ է առարկայական բաներ խոսել։ Ես հակված եմ ցանկացած դրական ուղղության, որը բերելու է Հայաստանի ավիացիայի զարգացմանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**