Արտաքին պարտքի սպասարկման «պիկը» լինելու է 2019 թվականին

Արտաքին պարտքի սպասարկման «պիկը» լինելու է 2019 թվականին
Կառավարությունը նախորդ նիստում հավանություն տվեց եւս 80 միլիոն եվրո վարկային համաձայնագրի նախագծին՝ ՀՀ 6 միլիարդին մոտեցող արտաքին պարտքը եւս 80 միլիոնով ավելացնելով: ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ** Միքայել Մելքումյանի **հաշվարկներով՝ արտաքին պարտքի սպասարկումն արդեն 2018 թվականից տարեկան կտրվածքով 400 միլիոն դոլար է կազմելու, իսկ «պիկը» լինելու է 2019 թվականը, երբ պարտքի մարումը կարող է հասնել շուրջ 800 միլիոն դոլարի, այսինքն՝ մոտ 1 միլիարդ դոլարի:



«Նու, այնտեղ 2 թիվ կա՝ 750-800, որի հիմնական մասը 5 տարի առաջ թողարկված եվրոբոնդերն է: Հիշում եք՝ 5 տարով գցվեցին ֆինանսական շուկա, եւ ժամկետը մոտենում է,- ասում է Միքայել Մելքումյանը: Ուստի նա բավականին ռիսկային է համարում արտաքին պարտքի սահմանագիծը, որը մոտենում է ՀՆԱ-արտաքին պարտք 60 տոկոսանոց սահմանագծին: Հիշեցնենք, որ, ՀՀ պետական պարտքի մասին օրենքի համաձայն, պետական պարտքի թույլատրելի շեմը 60%-ն է:



«2007-ին մենք ունեցել ենք ՀՆԱ-արտաքին պարտք 14 տոկոսանոց հարաբերակցություն, հիմա արդեն՝ 60 տոկոսին մոտ, այսինքն՝ վերջին տասը տարում ամեն տարի մենք այդ պարտքն ավելացրել ենք տարեկան 500 միլիոն դոլարով, միջինացված եմ ասում»,- նշում է Միքայել Մելքումյանը: Ավելի կոնկրետ՝ 2015-ին Հայաստանի պարտքը գերազանցել էր 5 մլրդ․ դոլարը, 2016 թվականի վերջին՝ 5 մլրդ․ 942 մլն․ դոլարը, եւ, համաձայն 2018 թվականի պետական բյուջեի նախագծի, պետական պարտքը 2017-ի վերջին կկազմի 6 մլրդ․ 810 մլն․ դոլար, իսկ 2018-ին վերջին կհասնի 7.2 մլրդ․ դոլարի։



«Եվ քանի որ արդեն իսկ մեր արտաքին պարտքը մոտեցել է 60 տոկոսին, դրա համար, այսպես կոչված՝ նոր հարկաբյուջետային օրենքը, որ բերում են, այնտեղ որոշակի սահմանափակումներ կան, թե ոնց կարելի է նոր պարտք վերցնել կամ չվերցնել։ Էդ բոլորն ուզում են կարգավորել, որը, իհարկե, շատ ռիսկեր ու մտահոգություններ է առաջացնում»,-մեկնաբանեց տնտեսագետը: Միքայել Մելքումյանի խոսքով՝ խնդիրը ոչ թե պարտք վերցնելու չափի մեջ է, այլ վերցված պարտքն արդյունավետ եւ թափանցիկ օգտագործելու:



Արտաքին պարտքը, ինչպես հայտնի է, վերցնում են, որպեսզի տնտեսությունն աշխուժանա, եւ ստացված եկամտով սպասարկվի այն, բայց, տնտեսագետի գնահատականով, բոլոր պարտքերը, որ Հայաստանը վերցրել է, մեր տնտեսությանը որեւէ աշխուժացման չեն բերել: Առհասարակ՝ անհասկանալի է, թե ինչպես են այդ պարտքերն օգտագործվել: Ըստ Մելքումյանի՝ այս պարտքերի օգտագործման ճիշտ գնահատականը պետք է լինեին ՎՊ-ի, այլ մարմինների վերլուծությունները, հսկողությունը: Հարցը, թե որ վարչապետի՝ Տիգրան Սարգսյանի՞, թե՞ Հովիկ Աբրահամյանի օրոք են ավելացել պարտքերը, Մելքումյանը լուրջ չի համարում, քանի որ, ըստ նրա, բոլոր կառավարությունները եղել են իշխող կուսակցությանը: Այսինքն՝ խնդիրը ոչ թե անձերի, այլ համակարգի մեջ է:



Տնտեսագետ** Հայկ Բալանյանը **նույնպես այն կարծիքին է, որ խնդիրը պարտքը չէ, այլ այն, որ տնտեսության անկման եւ բնակչության կայուն արտագաղթի պայմաններում ՀՀ-ում մնացող քաղաքացիների ամեն շնչին ընկնող պարտքն է ավելանում: Այսինքն՝ տնտեսության վիճակը մնում է նույնը, բնակչությունն արտագաղթում է, պարտքը՝ ավելանում:



«Մենք այս պարտքն ստանում ենք եւ ուտում ենք, սկզբունքային փոփոխություն երկրում չկա, դա է պրոբլեմը»,- ասում է տնտեսագետը:



Այսպես եւս մի քիչ շարունակելու դեպքում, այսինքն՝ տնտեսական կայուն, շոշափելի աճ ու լուրջ ներդրումներ չապահովելու դեպքում տնտեսագետը կանխատեսում է, որ Հայաստանն ստիպված է լինելու դիմել միջազգային կառույցներին՝ նոր վարկերի եւ արդեն պարտադրված տնտեսական ռեֆորմների իրականացման համար: Սա կարող է հանգեցնել նաեւ դրամի արժեզրկման հայկական բանկային ճգնաժամի, եւ չի բացառվում՝ անգամ դեֆոլտի:



Վերջում տնտեսագետն անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին շրջանում սիրելի դարձած մի թեմայի՝ ժողովրդագրությանը, որ պետք է ՀՀ բնակչությունը մինչեւ 2040 թվականը դարձնել 4 միլիոն: Հայկ Բալանյանի պատկերավոր խոսքով՝ սա նման է այն բանին, որ ինչ-որ մեկը պատուհանագոգին ծաղիկ աճեցնի, չխնամի, հողը չփխրեցնի, չջրի, բայց ակնկալի, որ այն երկու տարուց դառնա 2 մետր:





**Անի Բաղդասարյան**