Ե՛վ գայլերը կուշտ մնացին, ե՛ւ ոչխարները՝ ողջ․ՍԴ-ն չի փոխում ձեռագիրը

Ե՛վ գայլերը կուշտ մնացին, ե՛ւ ոչխարները՝ ողջ․ՍԴ-ն չի փոխում ձեռագիրը
Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, առաջին տպավորությամբ, ընդդիմության հաղթանակ ընկալվեց, սակայն՝ դա միայն առաջին հայացքից, ինչպես նորանկախ Հայաստանի ՍԴ գրեթե բոլոր քաղաքական որոշումների դեպքում է եղել։



Այսպիսով, ինչ որոշում կայացրեց ՍԴ-ն, եւ ինչ ակնկալել հաջորդիվ։ Ուրբաթ օրը ՍԴ-ն որոշեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ սահմանադրության 1-ին, 6-րդ, 9-րդ, 179-րդ հոդվածների պահանջներին հակասող: Ինչպես նաեւ Վանաձորի ավագանու մարտի 31-ին կայացրած երեք որոշումները եւս համարել հակասահմանադրական։ ՍԴ-ն Ազգային ժողովին դրանք ուղղելու, հակասահմանադրականությունը վերացնելու համար ժամանակ տվեց մինչեւ 2018թ. մարտի 31-ը: Հիշեցնենք, որ այս հոդվածները վիճարկում էին «Ելք» եւ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների պատգամավորները: Առիթը Վանաձորի ավագանիում ընտրություններից հետո ձեւավորված կիսաիշխանություն իրավիճակն էր։



«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ: 64-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ավագանու որոշումները, հայտարարությունները եւ ուղերձներն ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ քառորդով: Հենց այս հոդվածներն էին վիճարկում ընդդիմադիր դիմումատուները։ Նրանք կարծում են, որ առանց քվորումի ավագանու նիստերն ու որոշումներն իրավազոր չեն: Գրեթե նույն կարծիքին է նաեւ Սահմանադրական դատարանը: ՍԴ-ի գնահատմամբ՝ «կոլեգիալ մարմնի հավասարակշռությունը ենթադրում է անդամների այնպիսի քանակի ներկայություն, որը ճանաչելի կդարձնի տվյալ մարմինը որպես այդպիսին եւ կերաշխավորի նրա կողմից լեգիտիմ որոշումներ կայացնելու իրավազորությունը: Այսինքն՝ իրավազորության առումով կոլեգիալ մարմնի առնվազն պարզ մեծամասնությամբ է պայմանավորվում կոլեգիալ մարմնի լեգիտիմ գործունեությունը»: Իսկ մարտից Վանաձորի ավագանին նիստեր է գումարել ու որոշումներ կայացրել՝ առանց մեծամասնության ներկայությունն ապահովելու: Նիստերն ընթացել են ավագանու 33 անդամից 15-ի մասնակցությամբ, ընդդիմադիր խմբակցությունների 18 անդամների, այս դեպքում՝ մեծամասնության բացակայությամբ: Սա թույլ է տվել այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՏԻՄ օրենքի համապատասխան հոդվածը: Այն հակասում է Սահմանադրությանը՝ դատարանի որոշումը հրապարակելով՝ ասում է Գագիկ Հարությունյանը:



Եթե ավելի պատկերավոր ասենք, ապա, ՍԴ եզրակացությամբ՝ Վանաձորի ինքնահռչակ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որը մասնագիտությամբ իրավաբան է, մեկ տարուց ավելի ուզուրպացրել է քաղաքային իշխանությունը եւ զբաղված է եղել ինքնագործունեությամբ, որի արդյունքում չի բացառվում, որ անցած մեկ տարում էական վնաս է հասցրել Վանաձորի տնտեսությանը։ Իսկ իշխանության մեջ էլ չկա գեթ մեկ իրավաբան, որը կբացահայտեր իր կուսակցի՝ մայր օրենքին հակասող գործունեությունը եւ կկանխեր կամ կբարձրաձայներ այդ մասին։ Ցանկացած ժողովրդավար երկրում բարձրագույն իրավական ատյանի նման որոշումից հետո անմիջապես կսկսեին նախապատրաստվել արտահերթ ընտրությունների, սակայն ոչ միայն ՍԴ որոշումը դրա համար հիմք չի տալիս, այլեւ մի քանի ամիս ժամանակ է տրվել իրավախախտ քաղաքապետին օրինականությունը վերականգնելու հարցում։ Ի դեպ, երեկ Ասլանյանն ընդհատակ էր անցել, վանաձորյան մեր աղբյուրները հայտնեցին, որ նա ակտիվ ջանքեր է գործադրում ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցությանն ավագանու նիստերին հրավիրելու համար, քանզի դրանից է կախված իր հետագա պաշտոնավարումը։ Քանի որ, նույնիսկ եթե ՍԴ որոշումն ի կատար ածվի, միեւնույն է՝ Վանաձորում իշխանությունը չունի մեծամասնություն եւ, օգտվելով ՏԻՄ օրենքից, ընդդիմությունն անվստահության հարց կբարձրացնի։ ՀՎԿ ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցն էլ նորից օրակարգ է բարձրացել։



«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ **Էդմոն Մարուքյանը** շարունակում է պնդել, որ ՀՀԿ-ն պիտի ընդունի, որ մանդատագողությամբ ապօրինի զավթել է իշխանությունը եւ ապօրինի որոշումներ կայացրել, ինչն ապացուցվեց նաեւ ՍԴ վճռով։ «Հետեւաբար, հիմք ընդունելով ՍԴ որոշումը, պետք է անհապաղ նոր արտահերթ ընտրություն հրավիրել։ Քանզի, եթե օրենքը համապատասխանեցվի էլ, դա չի նշանակում, որ իրենք մեծամասնություն են ունենալու»,- ասում է նա։ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ **Ռուստամ Մախմուդյանը** չի կարող մեկնաբանել ՍԴ որոշումը, դեռ չի ծանոթացել դրան, իրավազորության առումով «առնվազն պարզ մեծամասնությամբ է պայմանավորվում կոլեգիալ մարմնի լեգիտիմ գործունեությունը» ՍԴ ձեւակերպումը, որը ներկայացրինք պատգամավորին, դարձյալ նրան հիմք չտվեց ասելու, որ ՀՀԿ-ն Վանաձորում մեկ տարի շարունակ ապօրինաբար պահել է իշխանությունը, ու պետք է նոր ընտրություններ անցկացվեն։ Ի դեպ, ուրբաթ օրը ՍԴ 27 էջանոց որոշումը նիստից մեկ ժամ անց տեղադրվեց կայքում, իսկ երեկ այն չկար մինչեւ երեկոյան 5-ը, ապա նոր հայտնվեց ՍԴ կայքում, հավանաբար՝ որոշ շտկումների ենթարկված։



Գագիկ Հարությունյանի ղեկավարությամբ ՍԴ-ն տարիների ընթացքում վերածվեց մի կառույցի, որն այդպես էլ չարժանացավ հանրային վստահության։ Նույնիսկ առաջին հայացքից հանրօգուտ թվացող որոշումների տակ, որպես կանոն, թաքնված են լինում այն սողանցքները, որոնք որոշումները դարձնում են աջաբսանդալ եւ անհետեւանք։ Գագիկ Հարությունյանն իր քաղաքական որոշումներում, որպես կանոն, լավամարդ է ուզում լինել թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանը եւ առաջարկում է գլուխկոտրուկներ, որից մեծ հաշվով շահում է իշխանությունը, բայց ոչ հասարակությունը։ Վանաձորյան թնջուկը շատ նման է 2003-ի իրավիճակին, երբ նախագահական ընտրություններից հետո ժողովրդական ընդվզումը հանդարտեցնելու համար ՍԴ-ն, ուժի մեջ թողնելով կեղծված ընտրությունների արդյունքները, սահմանեց, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանում պետք է տեղի ունենա վստահության հանրաքվե՝ Ռոբերտ Քոչարյանի հետագա պաշտոնավարման կապակցությամբ:



Իշխանական իրավաբաններն այն ժամանակ սկսեցին մեղադրել Գագիկ Հարությունյանին, թե ինքը նման իրավասություն չունի, եւ պահանջում էին ցույց տալ սահմանադրական կամ օրենքի այն դրույթը, որը ՀՀ Սահմանադրական դատարանին իրավունք է տալիս Վստահության հանրաքվե անցկացնելու մասին որոշում կայացնել։ Մեծ հաշվով, հանրաքվեի որոշումից մարդիկ հանդարտվեցին, իսկ արդյունքը եղավ 2004-ի չկայացած հանրաքվեի պատճառով ընդզվումը, որն իշխանությունը ճնշեց էլեկտրաշոկով, ջրցաններով եւ այլ բռնություններով։ Ի դեպ, այն ժամանակ պայքարողների թվում էին Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը եւ այլք։



Նախկին դատավոր **Պարգեւ Օհանյանը** ՍԴ-ի մասնագիտական որոշումները գնահատում է որպես շատ պրոֆեսիոնալ ու օգտակար, իսկ քաղաքական առումով խուսափում է խոսել։ «Բնական է, որ ավագանու եւ քաղաքական այլ որոշումներ կայացնելիս այլ հարցեր կլինեն, որոնց մասին ես չեմ ցանկանում խոսել»,- ասում է նա։ Իսկ իրավապաշտպան, վանաձորցի **Արթուր Սաքունցը** ՍԴ վերջին որոշումը դիտարկում է «ե՛ւ գայլերը կուշտ կմնան, ե՛ւ ոչխարները՝ ողջ» հայտնի ասույթի կոնտեքստում։ Նա չի ընդունում կարծիքները, թե ՍԴ-ն իշխանության դեմ որոշում է կայացրել։ «Սա բարոյական հաղթանակների շարքից է, ու չեմ կիսում որոշների խանդավառությունն ու ոգեւորվածությունն այս որոշման առիթով»,- ասում է Սաքունցը՝ հիմնավորելով խոսքը։ «ՍԴ-ն, այո, գտել է, որ ՏԻՄ օրենքի մասին այն նորմը, որի հիման վրա ավագանին նիստեր է գումարել, հակասահմանադրական է, սակայն իրավական ազդեցություն այդ որոշման վրա դատարանը չունի, քանի որ որոշման հետեւանքների վերացման կամ որոշման հիման վրա իրավիճակը փոխելու հարցը թողնում է ԱԺ-ի վրա, որը մինչեւ եկող տարվա մարտի 31-ը պետք է վերացնի այդ հակասահմանադրականությունը, կամ կառավարությանը, որը չգիտես ինչ պետք է անի՝ ավագանուն լուծարի-չլուծարի, նոր ընտրություններ հրավիրի, կամ թողնում է ընդդիմության՝ «Լուսավոր Հայաստանի» վրա, որը ՍԴ որոշման վրա պետք է դիմի դատարաններ՝ չեղյալ հայտարարելու ավագանու որոշումները։ Այսինքն,՝ըստ էության միայն բարոյական նշանակություն ունի ՍԴ որոշումը, զուրկ իրավական հետեւանքներից»,- ասաց Սաքունցը։



ՍԴ որոշումները քաղաքական գործընթացների վերաբերյալ, ըստ Սաքունցի, մշտապես եղել են «զուսպ, ոչ համարձակ, կամ էլ դրանց վրա մեծ է եղել քաղաքական ազդեցությունը»։ Սաքունցը հիշեց 2003-ի որոշումը․ «Այն բացարձակապես չէր տեղավորվում ՍԴ տիրույթում, ՍԴ-ն փոխարենը տար հստակ գնահատական՝ կեղծված են ընտրությունները, թե ոչ, հանրաքվեի մասին որոշում ընդունելով՝ ոչ միայն կասկածի տակ դրեց ընտրությունների լեգիտիմությունը, այլեւ ինքնին իր որոշումը, որը, փաստորեն, ճանաչեց ընտրությունները, թեպետ արձանագրել էր խախտումներ եւ այլն, եւ այլն։ Այսինքն՝ ՍԴ-ն քաղաքական որոշումներ է կայացնում առավել, քան իրավական»։ Սաքունցն ասում է, որ ՍԴ-ն ոչ միայն պետք է հակասահմանադրական ճանաչեր նշված նորմերը, այլեւ ավագանու հրավիրած նիստերն ու որոշումները չեղյալ համարեր։ Նա մի ուշագրավ հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում․ «ՍԴ դիմելու իրավունք ունեն ՏԻՄ մարմինները, եթե ուշադրություն դարձնեք, չի եղել գեթ մի դեպք, երբ ՏԻՄ-երը դիմեն ՍԴ ինչ-որ իրավական նորմի սահմանադրականության հարցը ճշտելու հայցով։ Որովհետեւ ՏԻՄ-երն ինքնուրույն չեն գործադիրից, նրանք նույնիսկ չեն էլ համարձակվի նման դեպքերում դիմել, այդ լիազորությունը դե ֆակտո հանձնել է գործադիրին։ Պատահական չէ, որ Վանաձորի քաղաքապետն իր հարցազրույցում նշում է, որ իրենք շարժվում են ոչ թե Սահմանադրությամբ, այլ ՏԻՄ օրենքով»։ «ՍԴ որոշումն ի՞նչ հետեւանք կունենա» հարցին Սաքունցը դժվարացավ պատասխանել․ «Ես չգիտեմ՝ մարզպետի կամ գործադիրի համար Սահմանադրությունը գոյություն ունի, թե ոչ, եւ արդյո՞ք կդիմեն դատարան՝ Սահմանադրությունից չբխող որոշումները չեղյալ հայտարարեն»։ Իսկ կարելի՞ է ակնկալել արտահերթ ընտրություն, քանի որ Վանաձորում իշխանությունը մեկ տարի ապօրինի գործունեություն է ծավալել։ «ՍԴ-ն նման հիմք չի տվել»,- նկատեց մեր զրուցակիցը․ «Նա ընդամենը ասել է, որ հակասահմանադրական է, եւ ժամկետ է տվել դա շտկելու»։ Այլ զարգացումներ Սաքունցը չի կանխատեսում։



**Լուսինե Շահվերդյան**