Երբ գործող վարչապետի փոխարեն «ապագա վարչապետն է» ակտիվանում

Երբ գործող վարչապետի փոխարեն «ապագա վարչապետն է» ակտիվանում
Երեկ Երեւանում տեղի ունեցավ «Տաշիր գրուպի» հերթական «մոլի»՝ «Ռիոյի» բացումը։ Սա նրանց 4-րդ առեւտրի կենտրոնն է`Ռուսաստանում հայտնի առեւտրի ցանցի հայաստանյան տարբերակը։ Հրաչյա Քոչար-Փափազյան փողոցների մոտ կառուցված «մոլը» նախ պաշտոնապես բացեցին Սերժ Սարգսյանի համար, որը ժամանեց պոլիտեխնիկում «Տաշիրի» հիմնած գերազանցության կենտրոնի բացմանը մասնակցելուց հետո։ Լրագրողներին թույլատրված չէր մոտենալ, ավելին՝ այնքան հեռու էինք, որ չկարողացանք անգամ լուսանկարել։ Ներկա էին «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանն ու իշխանական օլիգարխներ՝ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։



Սերժ Սարգսյանին եւ Սամվել Կարապետյանին տեսնելով՝ կտրուկ ակտիվացավ այստեղ հայտնված ՀՀԿ տատին եւ սկսեց փառաբանել, որը խլացավ հաղորդավարի ձայնի ներքո։ Կարմիր ժապավենը կտրեցին Տարոն Մարգարյանն ու «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը՝ Կարեն Կարապետյանի որդին։ Ի դեպ, Նարեկի հայրը ներկա չէր, չէր մասնակցում նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հետո իմացանք, որ նա չէր մասնակցել նաեւ «Ռեդիսոն բլյու» հյուրանոցում «Տաշիր» ընկերությունների խմբի [ներդրումային ծրագրի ներկայացմանը](http://ena.am/news.aspx?kind=0&hid=367&lang=1)։ Այստեղ եւս լրագրողների մուտքն արգելված էր։ Ավելի ուշ հաղորդագրությունից իմացանք, որ «Ռեդիսոն»-ում հայտարարվել է՝ «Տաշիր»-ը Հայաստանի ներդրողների ակումբի եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ պատրաստվում է առաջիկա տարիներին մոտ 1 մլրդ․ դոլարի ներդրում կատարել ՀՀ էներգետիկայի ոլորտում։ Սա այն էր, ինչի մասին խոսում էր վարչապետ Կարեն Կարապետյանը, որը ղեկավարում է ներդրողների ակումբը։ Թե ինչու այս միջոցառումներից եւ ոչ մեկին չի մասնակցել վարչապետ Կարապետյանը՝ նրա խոսնակ Արամ Արարատյանը տվեց կարճ պատասխան․ «Վարչապետի աշխատանքային գրաֆիկից ելնելով՝ նախատեսված չի եղել»։ Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը Սամվել Կարապետյանի ընտանիքի քավորն է, շատ մտերիմ հարաբերություններ ունի նրանց հետ։ Սրանից կարող ենք եզրակացնել, որ Կարապետյանների հավանությամբ է դեպի վարչապետի պաշտոնը գնում Սերժ Սարգսյանը։



Իսկ օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ «Ռիոյի» բացումը լայն մասսաների համար։ Ժամը 16-ին այստեղ ասեղ գցելու տեղ չկար։ Հատկապես լիքն էր «Երեւան սիթին»։ Բուտիկների մի մասը դեռ փակ էր։ Ի դեպ, խանութներ են եղել, որ մինչեւ գիշերը ժամը 3-ը պատրաստվել են բացմանը, ապրանքները վերջին պահին են դասավորել, որ հասցնեն։ Ողջ գիշեր «մոլում» հսկողություն են իրականացրել նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք աշխատողներին թույլ են տվել ներս մտնել միայն անձնագրի եւ իրենց ցուցակում առկայության դեպքում։ Մի քանի հարց ուղղեցինք Նարեկ Կարապետյանին։ Նա բավականին կիրթ երիտասարդ թվաց մեզ եւ սիրով պատասխանեց «Ռիո»-ին վերաբերող կոմերցիոն հարցերին՝ շրջանցելով քաղաքական հարցերը։ Նախ ասաց, որ «Ռիոն» արժեցել է 40 մլն․ դոլար, որը չեն ակնկալում արագ հետ բերել, քանի որ Հայաստանը նոր զարգացող երկիր է, եւ՝ «Հայաստանը մեր երկիրն է»։ «Դուք գիտեք, որ առեւտրային կենտրոնները հիմնականում քաղաքի մյուս ծայրում են, այս հատվածում չկան, «Ռիոն» հետաքրքիր կլինի ավելի շատ Նորքի զանգվածի, Կոմիտասի բնակչության համար, որոնք կկարողանան իրենց տնից ոչ հեռու կատարել գնումներ։ «Ռիո»-ի ֆորմատը նոր ձեւաչափ առաջարկող առեւտրային կենտրոն է, այն մյուսներից տարբերվում է, օրինակ, նրանով, որ «Սինեմա սթարի» շրջանակներում մենք ունենում ենք երեխաների համար կազմակերպված առանձին էկզոտարիում՝ փոքր, փակ կենդանաբանական այգի, որտեղ բնության մեջ քիչ հանդիպող կենդանիներ կան»։



Ինչո՞ւ որոշեցին լրագրողներին չթողնել բացման արարողությանը։ Ն․ Կարապետյանն ասաց․ «Ընդհանրապես, բոլոր առեւտրային կենտրոններում, ենթադրում եմ, ձեւն այդպես է․․․ Ես հասկանում եմ, որ մեծ էր ցանկությունը՝ շուտ հայտնվել առեւտրային կենտրոնում, երկու-երեք ժամի համար մեզ կներեք»։ Ինչ վերաբերում է 1 մլրդ․ դոլարի ներդրմանը, ապա այն «ընդհանուր կոնսորցիումի ինվեստիցիոն պրոյեկտն է…ներդրումների մի մեծ շարանի մասին է խոսքը, որտեղ կարող է լինել ե՛ւ հայկական, ե՛ւ ռուսական, ե՛ւ ռուսահայ, ե՛ւ արեւմտյան կապիտալ»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**