Պատերազմը վերսկսվելու դեպքում, համոզված եմ, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը

Պատերազմը վերսկսվելու դեպքում, համոզված եմ, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը
Երեկ ՀՀ Ազգային ժողով էր այցելել Արցախի ԱԺ պատվիրակությունը՝ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Մենք զրուցեցինք Արցախի պառլամենտի նախկին նախագահ, այժմ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանի հետ:



**- Պարոն Թովմասյան, ինչպե՞ս է այսօր վիճակն Արցախում՝ սահմանին, հատկապես նախագահների վերջին հանդիպումից հետո:**



- Մենք իրավունք չունենք հանգստանալու, որ իրավիճակն այսօր առաջնագծում խաղաղ է, որովհետեւ չկա վերջնական համաձայնագիր: Բայց ե՛ւ Արցախի իշխանությունները, ե՛ւ ժողովուրդը միշտ էլ ողջունել են ՀՀ նախագահի եւ Ադրբեջանի նախագահի բանակցությունները, որոնք տարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Սակայն ցանկացած հիմնարար փաստաթուղթ, որը կստորագրվի առանց Արցախի իշխանությունների, լավագույն ցանկության դեպքում՝ դա սոսկ թուղթ է մնալու սեղանին:



**- Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք Արցախը դուրս մնաց բանակցությունների սեղանից:**



- Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահին թողնենք հանգիստ, էլի, որովհետեւ, երբ որ ինքն Արցախի նախագահն էր, ես Ազգային ժողովի նախագահն էի Արցախում, որովհետեւ այնքան էլ բարոյական չէ, որ իմ կողմից գնահատական հնչեցվի, թե ինչու մենք դուրս մնացինք:



**- Իսկ բանակցություններից դուրս մնալը բարոյակա՞ն էր:**



- Ես ուզում եմ Ձեզ ասել, որ 1998 թվականին, երբ որ Հայաստանի նախագահ ընտրվեց, դրանից մեկ տարի առաջ նա Արցախի նախագահն էր եւ լավագույններից մեկն էր, որ հիմնախնդրին տիրապետում էր Արցախում:



**- Հիմա նրա այդ որոշումը դրակա՞ն է ազդել բանակցությունների ընթացքի վրա:**



- Ես ընդհանրապես բանակցությունները մինչեւ 2014-2016-ը դրական եմ համարում այն առումով, որ լայնածավալ պատերազմ չի եղել, համենայնդեպս, բանակցությունները տարվեցին խաղաղ պայմաններում, չնայած սահմանին միշտ էլ կրակոցներ ունեցել ենք: Բայց այդ տարիներն Արցախի համար եղել են տնտեսական զարգացման տարիներ:



**- Եթե անդրադառնանք ապրիլյան պատերազմին, որը շատ բացթողումներ ու թերացումներ բացահայտեց, ինչի պատճառով էլ, թերեւս, ունեցանք զոհերի ավելի մեծ քանակ եւ «ռազմավարական նշանակություն չունեցող» հողերի 800 հա կորուստ, ապա ինչի՞ հետեւանք էր դա:**



- Մեծ ճակատամարտերում հաղթանակ տանելը գերնպատակ է, դրա համար լոկալ պատերազմներում, թեկուզ ես չեմ գտնում, որ մենք անհաջող լուծում ենք ունեցել ապրիլյան պատերազմում՝ թեկուզ Ձեր ասած այդ 800 հեկտարի առումով: Փոքր, լոկալ պատերազմների անհաջողություններն ավելի են մեր ոգին բարձրացնում, եւ, Աստված մի արասցե, պատերազմ սկսելու դեպքում մեծ ճակատամարտում մենք հաղթելու ենք:



**- Մենք ունե՞նք այդքան ռեսուրս՝ թե՛ մարդկային, թե՛ նյութատեխնիկական, թե՛ «ռազմավարական նշանակություն չունեցող հողերի», որ ամեն անգամ մեզ թույլ տանք նման սխալներ ու մեր ոգին բարձրացնենք:**



- Ի՞նչ սխալների մասին է էսօր խոսվում, երբ որ ապրիլյան պատերազմում ադրբեջանցիները 8-10 անգամ ավելի շատ զոհ տվեցին, քան մենք:



**- Բայց նրանց բնակչության քանակն է նաեւ մեզնից շատ:**



- Բայց նրանց բնակչության քանակն ինչքա՞ն է, 8-9 միլիոն, մենք տասը միլիոն ենք: Արցախի հզորությունը պայմանավորված է հետեւյալով՝ կայունություն, անվտանգություն: Մենք պետք է ունենանք կայուն Հայաստան եւ հզոր սփյուռք: Այսինքն՝ եթե տասը միլիոն ենք...



**- Այդ տասը միլիոնի, որը Սփյուռքը հետը նկատի ունեք, քանի՞ տոկոսն է, որ այսօր առաջնագծում սահման է պահում:**



- Քանակը միշտ էլ որակ է ծնում: Մոնթե Մելքոնյանը մեկն էր մեր սփյուռքահայերից, որը կարող է մի քանի միլիոնի փոխարինել:



**- Լավ, Վիգեն Սարգսյանի վերջին նախաձեռնությանն ինչպե՞ս եք վերաբերվում տարկետման իրավունքի վերացման մասով։ Տեսակետ կա, որ սա առաջնագիծը համալրելու մեխանիկական միջոց է։**



- Արցախում տարկետում չկա, ընդհանրապես՝ մեզ մոտ տարկետում չի եղել։ Ես եղել եմ Ազգային ժողովի նախագահ, դրանից հետո իմ երեխաները ծառայել են բանակում, հետո նորից շարունակել բուհում սովորել։ Մեզ մոտ էդ խնդիրն ի սկզբանե չկար։ Հիմա ոնց որ ընդունեց ՀՀ Ազգային ժողովը, մենք պարտավոր ենք մեր եղբայրական Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները հարգել։



**- Արցախի ճանաչման գործընթացն ինչպե՞ս եք պատկերացնում, ո՞վ պետք է առաջինը ճանաչի, եւ ե՞րբ պետք է Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետությունը։**



- Պատերազմը վերսկսվելու դեպքում, ես համոզված եմ, Հայաստանի Հանրապետությունը կճանաչի Արցախի անկախությունը։ Ճանաչման մասով ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի չորս նահանգ է մնացել, որ չեն ճանաչել Արցախի անկախությունը։





**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**