25 հազար մարդու մեջ մի հատ պարկի տնօրեն չկա՝ Երեւանի՞ց են բերում

25 հազար մարդու մեջ մի հատ պարկի տնօրեն չկա՝ Երեւանի՞ց են բերում
«Դիլիջան ազգային պարկի» եւ, առհասարակ, անտառների շուրջ բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել։ Ընդ որում՝ երկու ուղղությամբ` քաղաքական եւ իրավական։ Քաղաքական առումով բարդ ու խճճված է նրանով, որ տարիներ ի վեր այս պարկում տեղի ունեցած ապօրինի ծառահատումների մեջ, որոնց վերաբերյալ հիմա քրեական գործեր են հարուցված, փորձում են գտնել Դաշնակցության մեղքի բաժինը։ Ինչու Դաշնակցության, քանի որ այս ոլորտը ղեկավարում է բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը, իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը՝ դարձյալ ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանը։ «Դիլիջան ազգային պարկի» տնօրենը վերջերս է նշանակվել, իսկ նրանից առաջ պարկի տնօրեն նշանակվեց ու կարճ ժամանակ անց պաշտոնից ազատվեց ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին՝ Սահակ Մուրադյանը։ Հենց նրա օրոք էլ աղմուկ բարձրացավ չարաշահումների մասին, բայց ո՛չ նրա, ո՛չ էլ նրա տեղակալի՝ ՀՅԴ-ի կողմից նշանակված Վասիլ Վասիլյանի անունը քրեական գործերի շրջանակներում չի շոշափվում, թերեւս՝ հասկանալի պատճառներով։ Հիշեցնենք, որ Մուրադյանը ՀՀԿ անդամ է, ԱԺ պատգամավոր։ Իսկ Վասիլյանն էլ, ասում են, բավականին ժամանակ է, որ լքել է հանրապետությունը։ Վերջին մեկ-երկու ամսում ինչպես մյուս անտառների, Դիլիջանի ապօրինի ծառահատումների գործով եւս ձերբակալություններ եղան, մի քանի քրեական գործեր հարուցվեցին։ Ձերբակալվեցին ինչպես բնապահպանական տեսուչներ, այնպես էլ ապօրինի ծառահատողներ։



Մի քանի օր առաջ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ 2014-2017 թթ․ իրականացված ապօրինի ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ, գործել է հանցավոր խումբ։



Հաղորդագրության մեջ նշված էր, որ ՔԿ հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ փայտանյութ իրացնելու նպատակով ծառահատումներ իրականացնելու համար 2014թ. կայուն հանցավոր խմբի ստեղծմանը եւ ղեկավարմանը ներգրավվել է Դիլիջան քաղաքի 33-ամյա բնակիչը՝ բարձրագույն կրթությամբ։ Նա ծառահատումներ իրականացնելու համար որոշակի գումարի դիմաց հավաքագրել է մի շարք անձանց, տրամադրել հատուկ տեխնիկա եւ տրանսպորտային միջոց: 33-ամյա տղամարդը կալանավորվել է։ ՔԿ-ն այժմ փորձում է հայտնաբերել խմբի մյուս անդամներին։



Մենք տեղեկացանք, որ գործով կալանավորվել է նաեւ մի 20-ամյա երիտասարդ՝ Հաղարծին գյուղից, անունը՝ Մերուժան Հախվերդյան։ Հաղարծինի գյուղապետ **Գեւորգ Թամրազյանը** մեզ ասաց, որ երիտասարդը գյուղի ամենաանապահով ընտանիքներից է, բանակից նոր է վերադարձել, ունի հաշմանդամ հայր ու անտառահատմամբ էլ զբաղվել է, ըստ ամենայնի, վառելափայտ ձեռք բերելու համար։ «Ամբողջ ընտանիքի խնամքն իր վրա էր, շատ կարիքավոր ընտանիքի երեխա էր»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ նա խմբի հետ կապ չունի։ Մինչդեռ մենք պարզեցինք, որ ՔԿ-ն կարծում է, որ Մերուժան Հախվերդյանը եւս իր բացահայտած «հանցավոր» խմբի անդամ է եւ այդ խմբին միացել է 2016 թվականին։ Մեկ հոգի էլ ձերբակալվել է Թեղուտից։ Մեզ ասացին, որ նա ըմբշամարտիկ է, Հայաստանի հավաքականի անդամ է եղել։ Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանն ասաց, որ իրենց գյուղից մի քանի հոգու են կանչել հարցաքննության, բայց անուններ չասաց․ «Ես ոչինչ ո՛չ կասեմ, ո՛չ էլ գիտեմ։ Շատ մարդիկ են կանչում քննում, իսկ ում են քննել, ում են թողել, ես տեղյակ չեմ։ Ես միայն մի բան կասեմ՝ անտառը կտրելը հանցագործություն է, ուրիշ ոչինչ»։



Հաղարծինի նախկին գյուղապետ **Սարգիս Պողոսյանն** էլ էր տեղյակ այդ ձերբակալություններից եւ կասկած հայտնեց, որ «էդ բանդա-բան, դրանք սաղ հնարովի բաներ են»։ Նա ավելի շատ հակված է մտածել, որ մի քանի խեղճուկրակի բռնում են, աղմուկ բարձրացնում, թե իբր բանդա են բռնել, որպեսզի իրենց հեղինակությունը բարձրացնեն։ Մինչդեռ հետեւում ավելի լուրջ դեմքեր են կանգնած։ Անդրադառնալով պարկի տնօրենների փոփոխությանը՝ մեր զրուցակիցն ասաց․ «Եթե տեղացի չէ պարկի տնօրենը, պիտի հասկանաք՝ ինչի համար են նշանակվում։ Նրանք չեն գալիս էստեղ անտառը պահելու։ Ուրեմն էստեղ 25 հազար մարդու մեջ մի հատ պարկի տնօրեն չկա, Երեւանից են բերում, հա՞, որ պարկը պահեն»։



«Դիլիջան ազգային պարկի» տնօրեն **Արմեն Աբրահամյանն** էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց պարկի աշխատակիցներից ձերբակալված անձ ներկա պահին չկա, բայց անտառապահներ կան, որոնց կանչել են հարցաքննության։ Նա եւս խուսափեց որեւէ տվյալ հաղորդել, թե ինչ խումբ է, ով է դրա պարագլուխը, ում են ձերբակալել, ովքեր են մյուս անդամները՝ դրա մասին իրավապահ մարմինները պետք է խոսեն։



Իրավապահ մարմիններից, մասնավորապես՝ Քննչական կոմիտեից ասացին, որ «Դիլիջան ազգային պարկի» ծառահատումների մասով կա հարուցված հինգ քրեական գործ, որոնցից մեկը վերոնշյալ հանցավոր խմբի կողմից ավելի քան 6 հազար ծառ հատելու դեպքով է։ Քրեական գործը հարուցվել է դեռեւս մարտ ամսին։ ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է, այնուհետեւ ուղարկվել է Տավուշի մարզային քննչական վարչություն։ Քննությամբ պարզվել է, որ ոչ միայն «Հաղարծին» տեղամասի, այլեւ «Դիլիջան», «Շամախյան», «Գոշ», «Աղավնավանք» տեղամասերի պահաբաժիններում են տեղի ունեցել ծառահատումներ, ընդհանուր թվով 6 հազար 330 տարբեր տեսակի եւ տրամագծերի ծառ է հատվել։ Քանի որ պարզվել է՝ հանցագործության ծավալը բավականին մեծ է, հարուցված քրեական գործը տեղափոխվել է ՔԿ հատկապես կարեւոր գործերով վարչություն։ Այս գործով, ինչպես նշեցինք, կալանավորվել է Դիլիջանի բնակիչ հանդիսացող 33-ամյա մի տղամարդ՝ որպես կազմակերպիչ եւ կատարող, եւ եւս մեկը՝ մեր նշած Մերուժան Հախվերդյանը, ով սոսկ կատարող է։



Մյուս չորս քրեական գործերը, որոնք քննվում են Տավուշի մարզային քննչական վարչությունում, համեմատաբար փոքր մասշտաբի ծառահատումներին են վերաբերում։ Դրանցից մեկով էլ կա մեղադրյալ։ Այս ամենից զատ՝ այս տարվա մայիսին ձերբակալվել էին նաեւ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ ջոկատի տեսուչն ու նույն ՊՈԱԿ-ի «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար, քանի որ թույլ են տվել «Հաղարծին» 6-րդ պահաբաժնում ապօրինի հատված ծառերը դուրս բերել։ Նրանք հիմա կալանավորված են։



Մեր տեղեկություններով՝ նոյեմբերի սկզբին էլ ձերբակալվել են նախկին բնապահպանական տեսչության թվով երեք աշխատակիցներ։ Նրանցից մեկը Վարդան Ասատրյանն է՝ տեսչության պետի տեղակալը՝ անտառների վերահսկողության գծով, մյուսը Գեորգի Պողոսյանն է՝ բաժնի պետը։ Տեսչության երրորդ աշխատակիցը Վասիլ Աբրահամյանն է՝ Իջեւան քաղաքից։ Բայց նրանք այս պահին գործող աշխատակիցներ չէին, գտնվում էին կադրերի ռեզերվում, քանի որ մի քանի ամիս առաջ կառուցվածքային փոփոխություններ եղան, բնապահպանական պետական տեսչությունը լուծարվեց, փոխարենը ստեղծվեց բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին՝ Եղիշե Տերտերյանի ղեկավարությամբ։ Այս փոփոխության արդյունքում նախկին տեսչության շատ աշխատակիցներ ուղարկվեցին կադրերի ռեզերվ, նրանց մի մասը նոր մարմնի ստեղծումից հետո կրկին աշխատում է, ոմանք շարունակում են մնալ կադրերի ռեզերվում։ Վերոնշյալ երեք անձինք հենց դրանց թվում էին։



**Եղիշե Տերտերյանը** մեզ հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարած տեսչական մարմնի որեւէ աշխատակից ձերբակալված չէ։ Նա նաեւ տեղեկացրեց, որ հարուցված լայնածավալ քրեական գործերի շրջանակներում մոտ երկու ամիս է՝ ութ անտառտնտեսություններում, այդ թվում՝ «Դիլիջան ազգային պարկում», իրականացնում են լայնածավալ տեսչական ստուգումներ։ Այս պահին ստուգումների արդյունքների վերաբերյալ ոչինչ չասաց տեսչական մարմնի ղեկավարը՝ նշելով, որ ավարտելուն պես արդյունքները կներկայացնեն։ Թե երբ կավարտվեն ստուգումները, չասաց։



Մենք նկատեցինք, որ ապօրինի անտառահատումները հաճախ նաեւ տեսուչների թողտվությամբ են լինում, որոնք գուցե իմանում եւ կոռուպցիոն գործարքների արդյունքում չեն կանխում ապօրինությունը։ Ո՞վ է այս դեպքում ստուգելու նաեւ տեսուչների աշխատանքը։ Տերտերյանը վստահ է, որ իրենց տեսուչները նման բան չեն կարող թույլ տալ։ «Ես բացառում եմ, որովհետեւ մենք այլ սկզբունքներով ենք աշխատում, ես բացառում եմ, որ մեր տեսուչներից որեւէ մեկը ներգրավված լինի կամ ինչ-որ ձեւով ներգրավվի էդ պրոցեսներին»,- վստահ պնդեց Եղիշե Տերտերյանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**