Անունը կա, ամանում չկա

Անունը կա, ամանում չկա
Դեռ ապրիլ ամսին կառավարության նիստում որոշում կայացվեց կատարել կառուցվածքային փոփոխություններ։ Դրանց արդյունքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը եւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչությունները լուծարվեցին։ Փոխարենը ստեղծվեց մեկ միասնական տեսչական մարմին՝ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին։ Օգոստոսի 21-ից նախկին բնապահպանական պետական տեսչությունն այլեւս չի գործում։ Կառավարության պաշտոնական gov.am կայքի «Բնապահպանության նախարարություն» բաժնում, սակայն, մինչ օրս դեռ հին տեսչությունն է։ Նախարարության կառուցվածքի «Առանձնացված ստորաբաժանումներ եւ պետական մարմիններ» հատվածում նշված է՝ Բնապահպանական պետական տեսչություն։ Պետն էլ Հակոբ Գալստյանն է։ Մինչդեռ նորաստեղծ մարմնի ղեկավարը դեռ հուլիսի 7-ին նշանակված Եղիշե Տերտերյանն է։ Հետաքրքիր է, որ կայքի էներգետիկայի նախարարության բաժնում այս փոփոխությունը կատարված է, նախարարության կառուցվածքի համապատասխան հատվածում Ընդերքի պետական տեսչությունն այլեւս չկա։ Տարօրինակ է, թե ինչու են կառավարության կայքի պատասխանատուները մի նախարարությունից հանել լուծարված տեսչությունը, մյուսում պահպանել հինը։